Ամենա... ամենա

Ամենա... ամենա
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Անահիտ Դանիելյանը հրապարակել է Արցախում տեղեկատվության մատչելիության վերաբերյալ անցկացրած հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 41 լրագրող՝ ինչպես տեղական լրատվամիջոցներից, այնպես էլ հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցների Արցախի թղթակիցներ, ովքեր ներկայացնում են 15 լրատվամիջոցներ։ Հարցման մասնակիցներին առաջադրվել է 3 հարց՝ ա. Ո՞վ է ԼՂՀ ամենամատչելի պաշտոնյան, բ. Ո՞վ է ԼՂՀ ամենաանմատչելի պաշտոնյան, գ. Ո՞վ է ամենաակտիվ ու ամենահրապարակային պաշտոնյան։



Լրագրողները տվել են մատչելի պաշտոնյաների 26 եւ անմատչելի պաշտոնյաների 22 անուն:Արցախի ամենամատչելի պաշտոնյա է ճանաչվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, նախկին լրագրող Նարինե Աղաբալյանը (ստացել է 10 ձայն)։ Երկրորդը Ղարաբաղի օմբուդսմեն Յուրի Հայրապետյանն է (8), երրորդը՝ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը (7)։



Ամենաանմատչելի պաշտոնյա է ճանաչվել տեղի երեք կին նախարարներից մեկը՝ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը (14), ում հետեւում են արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը (12) եւ ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանն ու ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը (ստացել են 6-ական ձայն)։ Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ամենաանմատչելի պաշտոնյաների ցուցակում 5-րդ տեղում է (5)։



Արցախցի 2 լրագրողի կարծիքով՝ բոլոր պաշտոնյաներն էլ անմատչելի են։ Նորանկախ երկրի լրագրողներն ամենաակտիվ ու ամենահրապարակային պաշտոնյա են համարել վարչապետ Արա Հարությունյանին (19 հոգի)։ Երկրորդ տեղում Բակո Սահակյանն է (11)։ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն ու Վերահսկիչ պալատի նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանն ստացել են 6 ձայն։



Հետաքրքիրն այն է, որ արցախցի 41 լրագրողներից 7-ի կարծիքով՝ Ղարաբաղում ակտիվ եւ հրապարակային պաշտոնյա չկա։