Հիմքը դրվում է այսօր

Հիմքը դրվում է այսօր
Թվում է՝ ընտրություններին դեռ գրեթե մեկ տարի ժամանակ կա, եւ այս առումով մտածելը վաղ է, սակայն Ընտրական նոր օրենսգիրքը մտել է ուժի մեջ, եւ երկիրը թեւակոխել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման փուլ: Իսկ ընտրակեղծիքների աշխարհագրությունն ասում է, որ ով հանձնաժողովներում անդամներ չունի, վերահսկողության լծակներ չունի, ուստի միշտ հայտնվելու է խաբվածի կարգավիճակում: Հույսը իշխանության «քաղաքական կամքի», «ազնվության», միջազգային դիտորդների վրա դնելն առնվազն միամտություն է: Եվ այսպես. սկսվել է օրենքով նախատեսված կարգով նախ ԿԸՀ, ապա ԸԸՀ անդամների ընտրությունը: Օմբուդսմենը, Փաստաբանների եւ վճռաբեկ դատարանի նախագահները թեկնածություններ են առաջադրում ԿԸՀ-ի համար: Թվում էր՝ դեպի իշխանություն ձգտող կուսակցությունները պետք է հիմա որեւէ այլ բանով չզբաղվեին, գիշեր ու զօր մտածեին՝ ինչ անեն, որ անդամներ ունենան հանձնաժողովներում, սակայն ոչ արմատական, ոչ կառուցողական ընդդիմությունը որեւէ փորձ անգամ չի անում՝ ընդգրկվելու այդ մարմիններում: Համենայնդեպս, մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթին, բացի իշխանական թեկնածուներից, այլ անձ չի մասնակցում: Ավելին՝ մեր կուսակցական գործիչները մեծամտաբար հայտարարում են, թե՝ ընտրությունների ելքը ԿԸՀ-ում չի որոշվելու: Իսկ, ներեցեք, որտե՞ղ է որոշվելու: Քաղաքական ծրագիր ունեցող, իր հեռանկարի վրա աշխատող կուսակցությունները հարկ էր, որ հասկանային՝ ընտրությունների հետ կապված մանրուքներ չկան: Կարեւոր է ոչ միայն ամենահեռավոր գյուղում գյուղապետի թեկնածու ունենալը, այլեւ յուրաքանչյուր հանձնաժողովում լավ պատրաստված, անկաշառ անձանց ներկայությունը: Այնպես որ մեկ տարի անց մենք լրիվ իրավունք կունենանք ասելու՝ չաշխատեցիր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը...