Իսկ ո՞ւր է մեղադրյալը

Իսկ ո՞ւր է մեղադրյալը
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը թեեւ երեկ մեկուսարանից բերվել էր դատարան, սակայն նիստն անցել է վերջինիս բացակայությամբ: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանն ուժի մեջ է թողել նախորդ նիստին կիրառած սանկցիան՝ նիստն անել ամբաստանյալի բացակայությամբ, ինչպես նաեւ հայտարարել է, որ դիմել է Փաստաբանների պալատ Առաքելյանի պաշտպանի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառը նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպն է, երբ դատավորը որոշում էր կայացրել դատարանի դահլիճից հեռացնել Տիգրան Առաքելյանին, որից հետո Վահե Գրիգորյանը նույնպես լքել էր դատարանի դահլիճը` հրաժարվելով առանց իր պաշտպանյալի մասնակցել դատական նիստին: Իսկ Առաքելյանի վրա զայրանալու պատճառն այն է, որ նրա հարցերը վկային դատարանը գնահատել է որպես նիստը խոչընդոտելու փորձեր: Փաստաբանը կարծիք է հայտնել, որ դատավորը, հեռացնելով ամբաստանյալին, խախտել է պաշտպանական կողմի արդար դատաքննության իրավունքը: Եվ Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել 2 օրով հետաձգել դատական նիստը, որպեսզի ժամանակ ունենա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: