Ինչո՞ւ են խորհրդարանական կուսակցապետերը թաքնվում կանանց թիկունքում

Ինչո՞ւ են խորհրդարանական կուսակցապետերը թաքնվում կանանց թիկունքում
Եթե ուշադրություն դարձրել եք, հայաստանյան խորհրդարանական կուսակցապետերն իրենց կուսակցական դիրքորքոշումը, բանավեճային հարցերը «սղալում են»  փափկասուն կանանց  շուրթերով: ԲՀԿ-ում, օրինակ, այդ դերը ստանձնել է լրատվական բովում կոփված Նաիրա Զոհրաբյանը: Հավանաբար գործարար Գագիկ Ծառուկյանը օգտակար գործողության գործակցի նիշերի մեջ ընդգրկել է նաեւ լրագրողի առավելությունը եւ չի էլ սխալվել. քաղաքական դաշտում դեռ բերան չբացած, Նաիրան հին լրագրողի տաքարյունությամբ ու ակտիվությամբ անմիջապես արձագանքում է հերթապահ նախադասություններով:



Հայաստանյան լրագրողներն էլ ի՜նչ-ի՜նչ, բայց «լավ քթածակ ունեն», ԲՀԿ-ի հետ կապված բոլոր հարցականները լուծում են Նաիրայի հետ: ԲՀԿ-ի «գրադ կայանը», ոչ ոք չի ժխտի, որ Նաիրա Զոհրաբյանն է: Մնացած կրակոցները՝ կողքից ու դեմից քաղաքական ֆոն են ստեղծում:

Ժառանգությունը կանացի ազատամարտիկների դիվիզիա է ստեղծել: Անկեղծ ասած, հիանալի թիմ էր եւ ցավում եմ, որ Անահիտ Բախշյանն ու Լարիսա Ալավերդյանը պատգամավորական այդ թիմում չկան: Կուսակցապետը ընտրություն կատարեց այդ վառ ու պայծառ կանացի կերպարների միջեւ, ու ընտրությունը կանգնեց Զարուհի Փոստանջյանի վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզ հաշվարկ էր արել. իրավաբան Զարուհին փաստաբանական գիտելիքներով ու անմիջականությամբ կարող էր զինաթափել հակառակորդին:



Երիտասարդ տարիքն ու աշխույժ կենսակերպը լրացուցիչ առավելություններ էին: Չհաշված, որ թեժ կրակակետերում նա միշտ առաջին շարքերում է լինում ու հալածված ժողովրդի հետ հավասար արդարություն  պահանջում: Կուսակցական վիճաբանական հարցերում նա կարող է առավել համոզիչ փաստարկներ բերել, օրինակ, ո՞վ կարող է նրանից առավել հստակ ձևավորել Նաիրա Զոհրաբյանին ուղղված հետեւյալ խոսքը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կյանքից հոգնածներն են  զարմանալու զգացմունքը կորցնում, այդ զգացմունքը մեր աջակցությամբ  տիկին Զոհրաբյանի կողմից կրկին ապրելու կապակցությամբ  նախ շնորհավորում եմ»: Սա ներածական նախաբանի գլուխգործոց է:  Կամ՝ «հստակ դիրքորոշման դրսեւորման արգելքները ստիպում են իրեն ի պաշտոնե նախահարձակ վարքագիծ դրսեւորել»:



Իրոք, ի՞նչ կարող է անել Նաիրա Զոհրաբյանը, եթե կուսակցապետն անգամ չգիտի, թե ինքն ի՞նչ է ուզում, ինչու՞ է ժողովրդի հետ «մուկ ու կատու խաղում»: ՀԱԿ-ի նախագահը որպես առաջատար վերցրել է ոչ թե ՀՀՇ-ի կամ նախկին Շամիրամի կանանցից, այլ կոնգրեսին միավորված ՍԴՀԿ ի նախագահ Լյուդմիլա Սարգսյանին: Որեւէ քաղաքական ճշգրտում կատարելու կամ բանավեճային իրադրությունում օգտագործվում է Լյուդմիլայի գաղափարական ու սոցիալ-հոգեբանական ողջ զինանոցը:  Ով ինչ ուզում է ասի, տիկինն անսասան է իր տեսակետի մեջ. «ՀԱԿ-ն ակնհայտորեն փոխել է իր քաղաքականությունը եւ նպատակները, բայց իրենք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին եւ պարզապես մարտավարությունն են փոխել»: Մեկը հակաճառի, անմիջապես կառնի կրակակետի տակ:



«Օրինաց երկիրը» այլ մարտավարություն է ընտրել. Արթուր Բաղդասարյանն այնպիսի արտոնություն է տվել կուսակցության փափկասուն տիկին Հեղինե Բիշարյանին, որ մինչեւ այժմ մամուլում շրջանառության մեջ է մնում Հեղինեի «Ի դեմս Արտուր Բաղդասարյանի, Օրինացն ունի 20 հազար կին (գուցե թիվը սխալ եմ ասում), բայց կարեւորն արտահայտությունն է: Հեղինեն, ի տարբերություն այդ երեք կանանց, ավելի ագրեսիվ տրամադրվածություն ու շարժումներ ունի: Մանկավարժ լինելով, նրան թվում է, թե ողջ Հայաստանն իր դասարանն է, Արթուր Բաղդասարյանն էլ՝ դպրոցի տնօրենը: Մեկը փորձի կողքով անցնել՝ ծվեն-ծվեն կանի:



Նշածս երեք կուսակցությունների առաջատար կանանց ներկայացնելը չէր իմ խնդիրը, այլ այն՝ թե ինչու՞ են մեր կուսակցապետերը թաքնվում կանաց

թիկունքում: Այն ավելի ապահո՞վ է, առավել անվտա՞նգ… Բայց մի՞թե ընդունելի է, երբ պատերազմական շրջանում առաջին գիծ են ուղարկում կանանց… Կանայք ճանապարհ են հարթում, կանայք ճանապահ են բացում, կանայք կռվելով՝ հաղթում կամ պարտվում են ու ժողովրդի ողջ թուքն ու մուրը իրենց վրա վերցնում: Անհասկանալի է՝ ինչու Նաիրա Զոհրաբյանը պետք է Բարգավաճին վերագրվող ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնի, հարցերի տարափին ինքը պատասխանի: Ժողովուրդը այնքան չկա՞, որ Ծառուկյանն անձամբ պատասխանի… Այդ առումով Հանրապետականը «զահլա չունի» կանանց հետ եւ նրա բանավեճային հարցերը «սղալում է» հիմնականում Գալուստ Սահակյանը: Բայց ներկուսակցական վեճերի ժամանակ, կարծում եմ, վերջինս չի կարողանա դիմակայել կանանց: Լավ է, որ այդ առումով ՕԵԿ-ն ու Բարգավաճը յուրայիններ են…