Քոչարյանը խոսեց

Քոչարյանը խոսեց
Երկար լռությունից եւ երկօրյա նախազգուշական հայտարարություններից հետո (շուտով հայտարարությամբ հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը) ՀՀ երկրորդ նախագահն իրոք հանդես եկավ հայտարարությամբ: Բավականին կտրուկ եւ հստակ տեքստ տարածվեց, որտեղ Ռ. Քոչարյանը դատապարտում է իր կառավարության նախկին անդամի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, դրական գնահատում Օսկանյան-քաղաքական գործչին եւ նախազգուշացնում, որ սա երկրի վարկին հասցված լուրջ հարված է:



«Այդպիսի որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության». ահա հայտարարության գլխավոր ասելիքը: Ընդհանրապես լավ է, որ մարդը պաշտպանում է իր թիմակիցներին, եւ այդ առումով Քոչարյանի հայտարարությունը որպես նեղ վիճակում հայտնված մերձավորին ձեռք մեկնելու փաստ է պետք դիտարկել: Սակայն երեկ սոցիալական ցանցերը լի էին հենց իրեն՝ ՀՀ երկրորդ նախագահին ուղղված հիշեցում-մեղադրանքներով՝ «դու չէի՞ր, որ…» բնույթի:



Հատկապես շատ էին Վանո Սիրադեղյանի մասին հիշեցումները, որի նկատմամբ քրեական գործի հարուցումը տեղի ունեցավ հենց Քոչարյանի օրոք եւ ձեռամբ: Սիրադեղյանն էլ կառավարության նախկին անդամ էր, հայոց անկախության գործում մեծ դերակատարում ունեցած անձ, իր բոլոր թերություններով հանդերձ՝ գնահատանքի արժանի պետական գործիչ, բայց Ռ. Քոչարյանը չխնայեց նրան: Սակայն եթե հանդիմանությունների անպտուղ գործից հրաժարվենք, պետք է արձանագրենք, որ Ռ. Քոչարյանը ճիշտ է ասում. սա մեր երկրի հեղինակությանը վնասող քայլ էր, եւ Օսկանյանն այն անձը չէր, որի դեմ պայքարը իշխանությունը պետք է գերադասեր երկրի առաջ ծառացած բազում խնդիրների լուծման համար անհրաժեշտ ամենօրյա պայքարից: