Ընդդիմադիր գյուղ Արարատի մարզում

Ընդդիմադիր գյուղ Արարատի մարզում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում իշխանությունը հաճախ է պարտվել: Մայիսին, պատգամավորական ընտրությունների ժամանակ, 1428 ընտրողից ՀՀԿ-ն ընդամենը 374 ձայն ստացավ: Գալիք նախագահականին էլ փոքրիկ Սուրենավանը երկու նախագահացու ունեցավ՝ Մարտիկ Սարգսյան, որը գյուղում «Փչան Մարտիկ» անունով է հայտնի, եւ գիտնական Հովիկ Աղազարյան: Երկուսին էլ չգրանցեցին 10 տարվա քաղաքացիություն չունենալու պատճառով:



 



«Նրանք 8 մլն մուծո՞ղ էին, որ գնացին, գլուխները դրեցին ցավի տակ»,- արտահայտվում են գյուղի լավագույն՝ Ախպերջանի սուպերմարկետի մոտ հավաքված տղամարդիկ:  Տոներից հետո նրանք տնից գլուխները հանել են եւ տհաճ անակնկալ ստացել՝ սիգարետը 20-30 դրամով թանկացել է, եւ սա բուռն քաղաքական բանավեճի առիթ է դառնում: «2003 թվականի ընտրություններից առաջ Քոչարյանը եկավ մեր գյուղ, ասեց՝ երկու ամսից իմ ծննդյան օրն է, խոստանում եմ, որ Սուրենավանում խմելու ջուր ու գազ կլինի, ես էլ իմ ծնունդը կգամ-ստեղ կանեմ: Բա ո՞ւր է: Ոչ գազ եղավ, ոչ էլ ծնունդն արեց»,- պատմում է բորբոքված մի տղամարդ, որն այս տարվանից «Չիբուխի» է անցել: «Ես Սերժին եմ ընտրելու, մենակ իրան, տենց էլ գրի»,- կասկածանքով ձայնագրիչիս է նայում մի հանաքչի: Իհարկե, սուրենավանցիք կուզեին, որ Հայաստանի նախագահն իրենց գյուղացին լիներ, եւ, ի տարբերություն Քոչարյանի, հաճույքով կդիտեին երկու «զեմլյակների» կռիվը, բայց սա սկզբունքային հարց չէ: Ինժեներ-մեխանիկ Արմենակ Շահվերդյանն ի սկզբանե դեմ է եղել իր գյուղացի երկու թեկնածուներին էլ: «Եթե ինձ հարցնեին, կասեի՝ ամոթ չի՞, որ դրել եք: Ո՞նց կարող է նախագահ լինի մի մարդ, որն իր կյանքում գոնե 500 հոգու չի ղեկավարել»,- հարցնում է նա: Տոներից հետո իր գյուղացիների տեսքը նրան տխրեցրել է. «Բոլորը ճմրթած դեմքով, աղքատ, պարտքերի մեջ խրված: Ապրելակերպ չկա»:



 



Նոր տարին անցավ, եւ ժողովրդի մեջ «խնդրելու» գործընթացն է սկսվել: Մեկը մեկից 1000, 10 հազար են ուզում: Շատերը բանկերին են պարտք, մի մասն էլ գրանցված է Ախպերջանի «նիսիայի» մատյանում, համարիր՝ սառույցի վրա: Բայց անվճարունակներին սուպերմարկետի տիրուհի Սուսաննան ըմբռնումով է մոտենում: «Չի լինում արհամարհես՝ չտաս: Մարդիկ նոր տարի էին անում: Բա սեղան չունենա՞ն»,- ասում է նա: Տարին հաջող է սկսվել Սուրենավանի նախկին գյուղապետ, նախկին ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի մարտիկ Կարո Կարապետյանի համար: Հունվարի 3-ին նա ստացել է իր դեմ հարուցված քրեական գործի կարճման որոշումը: Կարոյին մեղադրում էին գյուղապետարանի գումարները յուրացնելու մեջ, բայց քննության ընթացքում պարզվեց, որ ոչ թե յուրացրել է, այլ մի երկու մլն էլ իր գրպանից է դրել Սուրենավանի ջրատար խողովակների ներքին ցանցը նորոգելու համար: Հաջորդ մեղադրանքը՝ պաշտոնեական անփութություն, անկախության 19-րդ տարեդարձի առթիվ համաներմամբ վերացվեց: Քրեական հետապնդումը Կարո Կարապետյանը համարում է իր դեմ ճնշման միջոց, որպեսզի գյուղապետի ընտրություններում թեկնածություն չդնի: «Օգոստոսի 4-ին թեկնածու առաջադրվելու դիմումը տվեցի, 5-ին ձերբակալվեցի»,- ասում է Կարո Կարապետյանը:



 



Ախպերջանի սուպերմարկետի մոտ նա շնորհավորանքներ էր ընդունում համագյուղացիներից: Նրանք Կարոյի ձերբակալման օրը դուրս էին եկել տներից եւ փակել էին Երասխ-Երեւան ավտոմայրուղին եւ հասել նրան, որ ձերբակալությունը փոխվել էր չբացակայելու մասին ստորագրությամբ: Բայց գյուղապետի աթոռի համար Կարոն չպայքարեց: Սուրենավանի ընդդիմադիր կեցվածքն ընտրություններում նա բացատրում է նրանով, որ ազատամարտիկների երեք ջոկատ է կազմավորվել այստեղ՝ «Արաբոն», ՀԱԲ-ը եւ Երկրապահ կամավորականը: Իրենց տղաների անունները Կարոն եւ նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, Արաբո են դրել, իսկ տոնածառի վրա, խաղալիքների կողքին, հարազատների լուրջ դեմքերով ֆոտոներն են կախել, ի նշան սիրո եւ հարգանքի՝ մի բան, որ եթե հանրահայտ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան տեսներ, անպայման կգար Սուրենավան՝ կինո նկարելու:



 



Երրորդ հայտնի ազատամարտիկը գյուղում Արթուր Նիկողոսյանն է: Երդվյալ ընդդիմադիր է եւ բոլոր ընտրություններին ընդդիմադիր թեկնածուների վստահված անձ: «Ստեղ քաղաքափայտիկներն ու գյուղափայտիկներն են գործելու: Գիտե՞ս ոնց է ընթանում այդ փող բաժանելը: Եթե բաժանողները քաղաքից գան, ժողովուրդը «սպլաշնոյ» խաբելու է: Ստեղ գյուղապետը մտնելու է տուն ու ասելու է. «Գիտե՞ս, քեզ թոշակ ու նպաստ ենք տալիս, էս փողն էլ եմ տալիս, բայց որ խաբիր, ինձ ես խաբելու, հա՛: Ես եմ դրա «ատվեչան» լինելու, սրանց առաջ պատասխան տալու: Չեմ ասում՝ տուր Սերժին ձայնդ, հաշվի՝ ինձ ես տալիս»:  Ու անցնելու է առաջ: Այդ իսկ պատճառով մարզպետն ու վերին իշխանությունները չեն կարողանում գյուղապետերին իրենց տեղը դրած պահեն, որովհետեւ դեմն ընտրություն ա, գալու են ողորմություն խնդրեն գյուղապետից, որ ձայն ապահովի»: Դեռ մի քանի տարի առաջ միտինգների եւ մարտի մեկի դեպքերի ակտիվ մասնակից Արթուր Նիկողոսյանը գյուղի ձեռնարկատերերից էր: Փոքրիկ քյաբաբանոցից ստացած  եկամտով իր 8 շունչ ընտանիքն էր պահում: Հարկայինը շաբաթը մեկ ակտ էր գրում Արթուրի վրա, այնքան գրեց, որ քյաբաբանոցը փակվեց: