Հանրության իրազեկումը կարող է լրիվ փոխել ընտրության պատկերը

Հանրության իրազեկումը կարող է լրիվ փոխել ընտրության պատկերը
Շատ հետաքրքիր իրավիճակ է: Հայաստանում առաջին անգամ հանրությունը նախագահական ընտրություններից սպասելիք չունի: Ավելի բեթար օրեր են գալու՝ երկուսից մեկը  այսպես է մտածում: Շատերը ճամպրուկները կապել ու պատրաստվում են հեռանալ Հայաստանից, մի մասն էլ ուրիշ ճար չունենալով, ասում է՝ Աստված մի ասեղի ծակով էլ մեզ կնայի: Մի լույս կբացվի, մենք էլ կհեռանանք: Իրավիճակի լրջությունը ոնց որ թե գնահատում են նաեւ նախագահի թեկնածուները: 



 



Նրանց հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ բոլորն էլ ուզում են ժողովրդի վիճակը թեթեւացնել, մատից փուշ հանել: Խոսքով կարծես  բոլորը ռեժիմի դեմ են: Բայց միայն ռեժիմին դեմ լինելը պատճառ չի, որ նրանք առաջադրվեին նախագահի թեկնածու: Այդ մոտեցումով առաջնորդելու դեպքում  Հայաստանը պիտի դառնար նախագահական թեկնածուների երկիր: Գործող նախագահի վերարտադրման հարցն էլ այնքան հեշտ չի, ինչքան պատկերացվում է: Նախագահի աթոռը զբաղեցնելը մեկից մեկ է, բայց հետոն… Ասենք թե Սերժ Սարգսյանն Ադիբեկյանի կանխատեսումներով մի 70 տոկոս ձայն հավաքեց, ո՞նց կընդունվի, ո՞նց կմարսվի…Այս պարագայում նախագահը պետք է երկրորդ ճակատը բացի. ՀՀԿ-ի շտաբը պետք է անհապաղ զբաղվի նախագահի երկրորդ եւ երրորդ տեղերում նախատեսված թեկնածուների քարոզարշավի դասընթացներով: Հեռուստացույցի ալիքները փոխելուց պատահական լսեցի Հայրիկյանի «Վերջին տեղն ավելի լավ է, քան երկրորդ տեղը» արտահայտությունը: Ավելի սքանչելի եւ պատկերավոր հնարավոր չէր այս ընտրությունների գնահատականը տալ:



 



Այո, երկրորդ տեղի վրա է ամփոփվելու իշխանության ինտրիգը՝ բարձր տոկոսով քողարկելու կոմունիստական սցենարը… Շռայլ կլինեն նաեւ երրորդ տեղի թեկնածուի նկատմամբ… Բայց տեղերի բաշխման տոկոսայնության հարցը թողնենք իշխող կուսակցությանը եւ անդրադառնանք ազգի փրկիչ նախագահի թեկնածուների տվայտանքներին: Բարեփոխումներ են ուզում կատարել, ուզում են փոխել գործող նախագահին: Հավանաբար իրենք էլ տեղյակ են, որ նախագահ դառնալու իրենց հավանականությունը զրոյական է: Գիտեն նաեւ՝ ինչու է այդպես: Նման պարագայում ի՞նչն է խանգարում նախագահի թեկնածուներին՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու սպառնալիքով՝ նախագահից պահանջել մինչ նախագահական ընտրությունները կոնկրետ բարեփոխումներ: Առաջնահերթ ընտրական բարեփոխումներ:



 



Առավել եւս, որ նախագահի բոլոր թեկնածուներն էլ  ունեն բարեփոխումների իրենց փաթեթը: Էլ ե՞րբ է նման հնարավորություն ընձեռվելու նրանց, որպեսզի ժողովրդին համոզեն, որ իրենք իշխանության կցորդները չեն… Ես չեմ ասում բոյկոտ, որպեսզի հարգարժան Րաֆֆին երկհարկանի պատճառաբանություններ չանի, ասում եմ՝ բոյկոտի սպառնալիք: Նման պարագայում հանրությունը կհամոզվի, որ նախագահի թեկնածուները մտահոգված են ժողովրդի համար, հակառակի դեպքում ակնհայտ կլինի, որ այդ թեկնածուները առաջադրվել են իշխանության իջեցված պատվերով: Մինչ նախագահական ընտրությունները հանրության իրազեկումը կարող է լրիվ փոխել ընտրության պատկերը:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ