Գժանոցի մարդկանց է՞լ կբերեն ընտրության

Գժանոցի մարդկանց է՞լ կբերեն ընտրության
Պետք չէ ակնկալել, որ քաղաքական վերջին ինտրիգներից եւ խարդավանքներից հիասթափված հայ հասարակությունը ակտիվ մասնակցություն կունենա փետրվարյան նախագահական ընտրություններին:



 



Եվ այդ պատճառով, չնայած ընտրությունների կանխատեսելի  ելքին, ՀՀԿ-ում լուրջ «նախապատրաստվում» են ընտրողների մասնակցության հնարավորինս բարձր ցուցանիշ եւ իրենց թեկնածուին բարձր քվեներ ապահովելու համար: Այդ պարտականություններն են դրված հատկապես մարզպետների վրա: Մի քանի հարց տվեցինք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:



 



- Պարոն Գրիգորյան, Դուք ի՞նչ հանձնարարականներ եք ստացել, ի՞նչ պլան են Ձեր վրա դրել, որը պետք է կատարեք:



 



- Բայց ինչպիսի՞ պլան պիտի դնեն, ի՞նչ պլանի մասին է խոսքը, եթե սովորական, նորմալ ընտրություններ են լինելու, մարզպետներն էլ օրենքով իրենց վերապահված լիազորություններն են կատարելու:



 



- Այսինքն վստա՞հ եք, որ կարող եք ապահովել ընտրողների բավարար ցուցանիշ, քանի որ հասարակությունը հիասթափված է, ընտրությունների վրա այլեւս հույս չի դնում:



 



- Բայց Դուք ինչի՞ եք համարում, որ մարզպետները պետք է ապահովեն. թեկնածուները շատ են, ընտրությունը՝ մեծ: Հակառակը, ես կարող եմ ասել, որ մեր մարզում ակտիվությունը շատ ավելի մեծ կլինի, որովհետեւ մարդիկ արդեն վերադարձել են արտագնա աշխատանքից, եւ ակտիվությունը մեծ կլինի:



 



- Այսինքն Սեւանի քաղաքապետի ընտրությունների օրինակը չի կրկնվի, երբ ՀՀԿ թեկնածուի համար գժանոցից էին մարդկանց  բերել ընտրելու:



 



- Չէ, նման բան չի եղել, բացի դրանից, Սեւանի ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերին, ասածս հենց դա է, որ մարդիկ արտագնա աշխատանքից վերադարձել են, եւ մասնակցությունը մեծ է լինելու:



 



- Արտագնա աշխատանքի մեկնողները լավ օրից չէ, որ գնում են, կարծում եք նրանք ինքնակամ կգա՞ն ընտրություններին, Դուք ի՞նչ միջոցներով եք պատրաստվում ընտրողներին համոզել, որ…



 



- Բայց ես կարծում եմ, որ մարդիկ ստիպված չեն գնում, գնում են, որ ապահովեն իրենց ընտանիքին անհրաժեշտ ֆինանսական միջոցները:



 



- Տեսեք՝ ինքներդ եք ասում, որ այստեղ անհրաժեշտ միջոցներ ապահովելն էլ է անկարելի:



 



- Խորհրդային տարիներին էլ միշտ Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատողներ եղել են, եւ այն ժամանակվա ու այսօրվա տարբերությունը շատ քիչ է: Միշտ էլ Գեղարքունիքի մարզն արտագնա աշխատանքի մեջ է եղել:



 



- Ժողովրդի բնավորությունն է երեւի պատճառը:



 



- Բնավորություն չի, այլ իրավիճակն է ստիպել մարդկանց, տեղում աշխատանք չի եղել, հիմա ձեռնարկությունները միայն Գավառում են, եւ մնացած տեղերից են գնում արտագնա աշխատանքի:



 



- Ձեր հաշվարկներով  մարզում ՀՀԿ թեկնածուի համար ի՞նչ ցուցանիշ կապահովեք:



 



- Բացարձակ բարձր թվեր, մասնակիցների 60 տոկոս եւ ավելին:



 



- Ժողովրդավարական երկրներում իշխանության թեկնածուն այդքան բարձր ցուցանիշ չի կարող հավաքել, կնշանակի՝ ընդդիմություն չկա, իսկ ցանկացած իշխանություն արժանի է իր ընդդիմությանը:



 



- Ընդդիմությունը շատ լավ էլ կա, օրինակ 7 հոգի առաջադրվել են:



 



- Նրանցից ո՞ւմ եք համարում Սերժ Սարգսյանի մրցակից:



 



- Երկրորդ տեղի համար պայքարողներից, կարծում եմ, առավելություն ունեն մարդիկ, ովքեր նախկինում… օրինակ, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան: