Տարիների վաստակը

Տարիների վաստակը
Քարոզարշավի ընթացքում հնչած ելույթներից, անկեղծ ասած, քչերն են վառ ու տպավորվող եղել: Մի քանի պատառիկ թերեւս: Բայց այս խոսքի հեղեղից մի քանի բան այնուամենայնիվ տպավորվել է: Ասենք՝ չեմ կարող չհամաձայնել Սերժ Սարգսյանի այն արտահայտության հետ, թե ընտրողը ոչ թե մեկամսյա քարոզարշավի ընթացքում է կողմնորոշվում, այլ տվյալ անձի տարիների գործունեության ու կենսագրության գնահատականն է տալիս:



 



Հենց դա է պատճառը, որ այս օրերին հիշում են ՀՀ նախագահի պաշտոնի հավակնորդների ողջ անցած ուղին, գործած սխալները, թույլ տված վրիպումները, ապրած կյանքը: Ոչ մի էպիզոդ չի վրիպում հանրության աչքից:



 



Անդրիաս Ղուկասյան, ժամանակին եղե՞լ ես «Դվին» հյուրանոցի տնօրենը եւ մասսայաբար կրճատե՞լ ես մարդկանց:



 



Արամ Հարությունյան, պարապությունից տարիներ շարունակ փողով շախմա՞տ ես խաղացել:



 



Վարդան Սեդրակյան, ի՞նչ ծագում ունեն ֆինանսական միջոցներդ եւ այլն, եւ այլն:



 



Բայց եթե նորահայտ թեկնածուների դեմ այսօր կոմպրոմատներն են աշխատում, հասարակությունը բացում է նրանց կյանքի «մութ էջերը», ապա գործող նախագահի դեպքում շատ ավելի լուրջ արգումենտներ են աշխատում. Սերժ Սարգսյան, կատարե՞լ ես 2008-ին տված խոստումներդ, կարողացե՞լ ես քո իրավանախորդից ժառանգած երկիրը փոքր-ինչ առաջ տանել: Ի՞նչ հաջողություններ ես գրանցել Ղարաբաղի հարցի կարգավորման, Հայաստանը քաղաքակիրթ աշխարհին ինտեգրելու, նոր աշխատատեղեր բացելու, նվազագույն աշխատավարձն ու թոշակները բարձրացնելու, Հայաստանն օտար ներդրողների համար գրավիչ դարձնելու, իրավական պետություն կառուցելու եւ բազում այլ հարցերում:



 



Իսկապես՝ մեկամսյա քարոզչությունը ընտրողների հազիվ 1-2 տոկոսի գիտակցության վրա է ազդում: Մնացած 98-99 տոկոսն առաջնորդվում է տարիների տեսածով, լսածով ու զգացածով: