Ֆիլհարմոնիկի ապագան անորոշ է

Ֆիլհարմոնիկի ապագան անորոշ է
Երբ հայտնի պատճառներով Լորիս Ճգնավորյանը լքեց Հայաստանի պետական  ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը, այդ պահի դրությամբ Հայաստանում կային մի շարք փորձառու դիրիժորներ՝ Կարեն Դուրգարյան, Զավեն Վարդանյան, եւ, վերջապես, այստեղ էր արդեն մեծն Օհան Դուրյանը։



 



Սակայն, բավականին անսպասելիորեն, 2000 թ. նշանակվեց նրանց ամենակրտսեր գործընկերը՝  Էդուարդ Թոփչյանը։ Ըստ ամենայնի, ՀՀ մշակույթի այն ժամանակվա նախարար Ռոլանդ Շառոյանի որոշման վրա որոշիչ ազդեցություն ունեցավ ֆիլհարմոնիկի հովանավորի՝ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) այն ժամանակվա ղեկավարության ցանկությունը։ Թեեւ, անշուշտ, Էդուարդ Թոփչյանն արդեն դիտվում էր բավականին խոստումնալից երիտասարդ դիրիժոր՝ հիշենք «Սերենադ» նվագախումբը: Սակայն, ցավոք, այս 12 տարիների ընթացքում նա այդպես էլ չաճեց որպես դիրիժոր՝ հավանաբար չգիտակցելով, թե ինչպիսի պատասխանատվություն է ընկնում երկրի թիվ մեկ նվագախմբի գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի ուսերին:



 



Ճգնավորյանի՝ նվագախմբի ղեկավար լինելու տարիներին ֆիլհարմոնիկը հանդես եկավ աշխարհի ավելի քան 40 երկրներում, ձայնասկավառակ ձայնագրեց Ավստրիայում։ Լորիս Ճգնավորյանն ամեն մի տեղի համար մրցույթներ էր անցկացնում՝  իրական, այլ ո՛չ թե ձեւական, ինչպես դա նախկինում էր, երբ, ասենք, արհմիությունը կարող էր ասել. էս մի ջութակահարը էսինչի ազգականն է եւ այլն։ Բարեգործականի միջոցներով ձեռք բերվեցին այնպիսի գործիքներ, որոնց մասին մինչ այդ երազել անգամ չէինք կարող։ Իսկ հիմա…



 



Հիմա նվագախումբը մոտ 3 տարի է՝ արտասահմանյան հյուրախաղերի չի մեկնել։ Փոխարենը Թոփչյանն ինքն է հաճախ մեկնում հյուրախաղերի՝ որպես հրավիրյալ դիրիժոր: Եվ ֆիլհարմոնիկի համար «լեգեոներներ» են հրավիրվում Իսպանիայից՝ «պիկոլո» (փոքր) ֆլեյտահարին եւ գալարափողահարին (վալտորնահարին), որոնց աշխատավարձը միջին եվրոպական ստանդարտներով է եւ կազմում է մոտ երկու հազար եվրո։ Եվ դա այն դեպքում, երբ հայ կատարողի միջին աշխատավարձը չի գերազանցում 250 հազար դրամը։ Հարց է ծագում գարդյո՞ք Հայաստանում հնարավոր չէր գտնել համապատասխան մակարդակ ունեցող գալարափողահար կամ «պիկոլո» ֆլեյտահար։ Երեւանի պետական կոնսերվատորիան արդեն 90 տարի է, ինչ պատրաստում է գալարափողահարներ, ունենք նաեւ ֆլեյտայի հիանալի դպրոց։ Բացի այդ, «պիկոլո» ֆլեյտան ֆիլհարմոնիկ նվագախմբի համար նախատեսված ստեղծագործությունների մեծ մասի մեջ չկա էլ: Ի դեպ, հրավիրյալ «լեգեոներները», ի տարբերություն հայ երաժիշտների, չեն մասնակցել որեւէ մրցույթի։ Իսկ մաեստրո Թոփչյանի անցկացրած մրցույթներից մեկի արդյունքում նվագախմբի որոշ հնագույն անդամներ, ինչպես տաղանդավոր ջութակահար Ցոլակ Վարդազարյանը, որը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի զավակն է, իրենց այնքան վիրավորված զգացին, որ լքեցին ֆիլհարմոնիկը, ոմանք էլ գնացին արտերկիր։ 20 տարի անընդմեջ ֆիլհարմոնիկը ֆինանսավորելուց հետո ՀԲԸՄ-ն մի քանի անգամ նվազեցրել է ֆինանսավորումը՝ ենթադրելով, որ 20 տարին բավարար ժամկետ է ոտքի կանգնելու եւ ինքնուրույն փող աշխատելու համար, մանավանդ որ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը՝ ըստ էության, ամենամեծն ու լավագույնը երկրում, լիովին գտնվում է ֆիլհարմոնիկի ղեկավարի տնօրինության տակ եւ վարձով է տրվում ինչ-ինչ համույթների, տարաբնույթ միջոցառումների համար։



 



Փետրվարի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը լեփ-լեցուն էր։ Մենակատարի դերում հանդես եկավ Գերմանիայից հրավիրված դաշնակահար Բերնդ Գլեմզերը, որը, ըստ բազմաթիվ գովազդային հայտարարությունների, «բացառիկ է աշխարհում» Ռախմանինովի գործերի մեկնաբանության առումով։ Սակայն դահլիճում ներկա մասնագետների, մասնավորապես աշխարհահռչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի՝  համերգի ավարտին արտահայտած խոսքերով դաշնակահարը գնահատվեց որպես «միջին կարգի»։ Իսկ 2 «լեգեոներները»՝ Իսպանիայից հրավիրված գալարափողահարը եւ «պիկոլո» ֆլեյտահարուհին, տապալեցին համերգը։ Այդ համերգից հետո բոլորը մոտենում էին դահլիճում ներկա, բայց այս անգամ լսողի դերում գտնվող մեր առաջին գալարափողահար Մերուժան Տեր-Մինասյանին եւ հենց նրան շնորհակալություն հայտնում լավ աշխատելու համար:  Իսպանացի ֆլեյտահարուհուն ողջ համերգի ժամանակ ջանում էին հուշել, թե որ պահին պետք է նվագել, որին՝ ոչ։  Հանդիսատեսին զարմացրեց նաեւ, որ երիտասարդ ֆլեյտահարուհին համերգի ընթացքում անընդհատ ջուր էր խմում, այն էլ` շշից եւ այն էլ՝  դասական համերգի ժամանակ, ինչը հիրավի անհանդուրժելի է բեմական պահվածքի տեսանկյունից: Այսքանից հետո Էդուարդ Թոփչյանն ի լուր աշխարհի հայտարարում է, որ դեռ մի 10 երաժիշտ էլ պիտի հրավիրի արտերկրից: Մնում է միայն ենթադրել, թե որն է այդ «թանկարժեք» «լեգեոներներին» հրավիրելու իրական պատճառը...



 



Սուրեն ԱՅՎԱԶՅԱՆ