Ես կին եմ

Ես կին եմ
«Ես կին եմ». այսպես է կոչվում բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի հոգեբանական ներկայացումը, որն օրերս ներկայացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնի բեմում:



 



Սցենարը հիմնված էր հոգեբանական ծառայություն դիմած երեք կնոջ կյանքի պատմության վրա: Ներկայացման հոգեբան-խորհրդատուն (ում պրակտիկայում տեղի էին ունեցել այդ դեպքերը եւ որոշ փոփոխություններով ներկայացվել էին բեմադրության մեջ) ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն է: 3 կին, 3 տարբեր պատմություններ, 3 չստացված ճակատագրեր, որոնք բեմից խոսում են քեզ հետ: Նրանց բոլորի կյանքում կարմիր թելի նման անցնում է ծննդավայրը, ծնողների՝ հոր կերպարը, շրջապատի կարծիքը: Ըստ էության, դրանք այն գործոններն են, որոնք իրենց ազդեցությամբ, կարծիքով կարող են կործանել յուրաքանչյուրին, հենց այդպես էլ լինում է: Աղջիկներից մեկն ամբողջ կյանքում եղել է երկրորդը՝ տանը, ամենուր, իր ծնողների համար, դա մի զգացողություն է, որն ամբողջ կյանքում հետապնդում է իրեն, որից չի կարողանում ազատվել: Անգամ ամուսնանալուց հետո հասկանում է, որ էլի երկրորդն է ամուսնու համար: Հետո արդեն ստիպված է ապրել երկրորդի ու դավաճանվածի կարգավիճակով:



 



Բայց հեշտ չէ լինել նաեւ առաջինը, աղջիկներից մյուսն ավելի երջանիկ չէ մյուս երկուսից, ով ամբողջ կյանքում ստիպված է լինել առաջինը, միակը, ում միշտ մատնացույց են անում, ով ձանձրացել է բոլորի ուշադրությունից: Բայց հաջող ամուսնությունն ու բարեկեցիկ կյանքն իրեն ավելի երջանիկ չեն դարձնում, ավելին՝ նա ստիպված է արդեն ոչ միայն իրեն, այլ նաեւ աղջկան պաշտպանել ամուսնու ոտնձգություններից եւ պաշտպանել սեփական ազատության գնով: Գյուղում մեծացած երրորդ աղջիկը դառնում է հենց հոր բռնության զոհը, ով ամոթից գլուխն առնում-փախչում է քաղաք, բայց այստեղ էլ նրան սպասվում է սկզբում մուրացկանի, հետո արդեն սիրուհու՝ նվաստացումներով լի կյանքը:



 



Ներկայացման մեջ ինչպես որ կանանց խոսքն է կարճ, լակոնիկ, առանց ավելորդ պաթոսի եւ լիրիկական զեղումների, այնպես էլ բեմի ձեւավորումն է աչքի ընկնում մինիմալիստական լուծումներով, որն ավելի է սրում դրամատիկ լարումը: Ընդամենը 3 հերոսուհի եւ 3 աթոռ, որոնք շարժման մեջ են միմյանց հետ, հաղորդակից միմյանց ապրումներին, եւ որը ժամանակի մեջ դառնում է այն հուզական հենասյունը, որի միջոցով ասելիքն ավելի է բացվում ու ամբողջանում՝ վերջում դառնալով նրանց համար մեղադրական: Պարզ, բայց նույնքան ուժեղ բեմադրություն՝ նուրբ երաժշտական ձեւավորմամբ ու խոսուն պարային շարժումներով: Ներկայացման ավարտից հետո տեղի ունեցավ նաեւ փոքրիկ դիսկուրս, որն ավելի շատ նման էր իրականությունը մերժելու փորձերի:



 



Չնայած հոգեբանի եւ բեմադրիչի պարբերաբար հիշեցումներին, որ սրանք իրական դեպքեր են, եւ որքան էլ ցավալի լինի, պետք է ընդունենք, որ կան նաեւ այսպիսի պատմություններ, դահլիճում նստած կանանցից մեկը համառորեն շարունակում էր մերժել եւ չընդունել, թե ինչպես կարող է հայրը նախ իր կնոջը, ապա նաեւ աղջկան թղթախաղի պարտքի դիմաց առաջարկել պարտատերերին՝ խրատելով, որ ցանկացած իրավիճակից կա ելք: Բայց այստեղ չդիմացան եւ արդեն դիսկուրսին միացան նաեւ դերասանուհիները, նրանցից մեկը նրբորեն նկատեց, որ հեշտ է խոսել, երբ թվում է, թե երբեք այդ իրավիճակում չես հայտնվի ու հաստատ այլ կերպ կվարվես, բայց այլ է, երբ այդ ամենի մեջ ես ապրում… Կինը շարունակում էր համառել՝ «բա մի հարեւան, բարեկամ չունեի՞ն, որ մի խորհուրդ տային, որ ականջ դնեին՝ էդ տնից ուրախությա՞ն, թե՞ լացի ձայներ են գալիս»: Սուրեն Շահվերդյանն էլ պատմեց, որ Գավառում, երբ խաղացել են ներկայացումը, դպրոցի տնօրեններից մեկն ասել է՝ ինչ լավ է, որ նման դեպքեր չկան մեզանում, եւ որ դա ընդամենը ներկայացում է: Ապա, դիմելով դահլիճին, նկատեց, որ եթե հիմա այս դահլիճում փոքրիկ քվեարկություն անեն, հաստատ կճանաչենք այս կանանց պատմություններին նման շատ պատմություններ մեր շրջապատում, ինչն իրոք անժխտելի է: