Կառավարության որոշումը՝ հեչ, Նունեի խոսքը՝ մեջ

Կառավարության որոշումը՝ հեչ, Նունեի խոսքը՝ մեջ
Երեւանի Տիգրան Մեծ 26ա հասցեում գտնվող թիվ 53 դպրոցի երրորդ հարկը՝ 487.5 քմ տարածքով, անհատույց, 10 տարի ժամկետով կտրամադրվի «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` իր կողմից ներկայացված ծրագրի իրականացման համար: Մասնավորապես` կազմակերպությունը նպատակ ունի հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի եւ համակարգչային դասընթացների անվճար խմբակներ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայք-էջից: Սույն` «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» կառավարության որոշման նախագիծն արդեն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում, ինչը նշանակում է, որ որոշման հաստատումից ընդամենը 5 րոպե է պակաս: Հատկապես, որ որոշման նախագիծը շահագրգիռ նախարարություններից` կրթության եւ գիտության, արդարադատության եւ ֆինանսների նախարարություններից, ինչպես նաեւ քաղաքապետարանից առարկություններ չի ստացել, անցել է նախարարական կոմիտեներով: Տարօրինակ է, որ Երեւանի կենտրոնում գտնվող դպրոցի գրեթե մի ողջ հարկաբաժին հատկացվում է ինչ-որ հասարակական կազմակերպության:



 



Մենք կապվեցինք դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանի հետ, ով սկզբում նշեց, որ տեղեկությունը ճիշտ չէ, եւ ոչինչ ասել չի կարող. «Մենք մեր աշակերտաքանակով ապահովված ենք, այդ տարածքը մեզ պետք է, Ձեր հարցին էլ հստակ պատասխանում եմ` ոչ, Նունե Եսայանն այստեղ չէ»: Այնուհետեւ, երբ ցանկություն հայտնեցի գալ եւ անձամբ տեղում ծանոթանալ, տնօրենը նշեց, որ իր հետ զրույց ունենալու համար պետք է ստանանք իր վերադասի թույլտվությունը, այն է` Պետգույքի կառավարման վարչության, քաղաքապետարանի, նախարարության համաձայնությունը: Չնայած իմ բոլոր ջանքերին՝ հասկանալու, թե ինչպես իր խոսքի, արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել եւ կախված լինել միանգամից 3 գերատեսչությունից, այն դեպքում, երբ դպրոցի տնօրենի պաշտոնն ինքնուրույն հաստիք է եւ, ըստ էության, վերադաս չի կարող ունենալ, նա համառորեն պնդում էր, որ կարգն է այդպես:



 



Առավել եւս անհասկանալի էր անտեղյակությունը՝ եթե ընդունենք, որ ճիշտ էր ասում: Մյուս կողմից անբացատրելի է, թե ինչպես է կառավարությունն այս դպրոցից տարածք հատկացնում առանց տնօրենի կարծիքը հարցնելու, նրան տեղեկացնելու: Տեղեկացանք միայն, որ Պետական գույքի կառավարման վարչությունը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է կնքի դպրոցի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր սույն կազմակերպության հետ: Իսկ դպրոցը, որքանով կարողացանք պարզել, կենսունակ է, ունի բավարար թվով աշակերտներ եւ իր տարածքը  տրամադրելուց հետո գուցեեւ կանգնի տարածքի սղության փաստի առջեւ: Բացի այդ, առավել եւս անհասկանալի է տարածքն անհատույց տրամադրելու փաստը: Հայտնի է, որ դպրոցներին թույլատրում են, որոշակի պահանջների բավարարման դեպքում, իրենց չօգտագործվող տարածքները տրամադրել վարձակալական հիմունքներով՝ որոշակի գումարի դիմաց, որն օգտագործում են դպրոցների կարիքները հոգալու համար: Ինչո՞ւ է կառավարությունն այսքան առատաձեռն գտնվել երգչուհու հանդեպ:



 



Զանգահարեցինք նաեւ Նունե Եսայանին, ով նշեց, որ եթե իր ստեղծագործական կամ բարեգործական կյանքում որեւէ նորություն լինի, ինքն անձամբ «ինտերվյու» կտա եւ կտեղեկացնի այդ մասին. «Բացի դրանից, ինչ գրում են իմ մասին, ինձ հետ ճշտած չի», այսինքն տեղյակ չէ՞, որ իրեն տարածք են հատկացրել: «Ես շատ բան գիտեմ, շատ բանից եմ տեղյակ, բայց լրագրողներն ինձ հետ ոչինչ չեն խոսում: Եթե ես չեմ այդ հարցազրույցը տվել, ուրեմն համարեք, որ ոչինչ ճիշտ չէ, երբ որ ես ինչ-որ բան կասեմ, այն ժամանակ կգրեք»: Ինչքան էլ փորձեցինք բացատրել, որ դա «ինտերվյու» չէ, որ կառավարությունն արդեն իսկ գաղտնազերծել է իրեն տարածք տրամադրելու փաստը, եւ այն տեղադրված է gov.am կայքում, չօգնեց: Կամ էլ թերեւս մտածում է, որ կառավարության որոշումները, նախագծերը պետք է մի կողմ դնենք եւ սպասենք, թե երբ է ինքը կարմիր ժապավենը կտրելու եւ բարեհաճելու ներկայացնել արդեն վաղուց հավանության արժանացած որոշումը: