Մշակույթի նախարարը պետք է հեղինակություն ունենա

Մշակույթի նախարարը պետք է հեղինակություն ունենա
1990-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունն ունեցել է 7 մշակույթի նախարար, վերջին 7-րդը ներկայիս նախարար Հասմիկ Պողոսյանն է, որը բոլոր նախարարներից ամենաերկարակյացն է. նա պաշտոնավարում է արդեն 7 տարի:



 



Թե ինչքանով են կարեւոր այս կառույցն ու այս պաշտոնը զբաղեցնող անձը, որոշեցինք հարցազրույց-շարքի միջոցով պարզել հենց նախկին նախարարներից՝ նրանց բոլորին ուղղելով նույն հարցերը: Շարքի առաջին զրուցակիցը գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանն է, ով 1990-1991թթ. եղել է նորանկախ հանրապետության առաջին  մշակույթի նախարարը:



 



-  Պարոն Զեյթունցյան, պետության համար ի՞նչ դեր ունեն մշակույթի նախարարությունն ու նախարարը, եւ արդյո՞ք այդ կառույցի անհրաժեշտությունը կա:



 



- Անշուշտ կա, եթե Ֆրանսիան ունի, ո՞նց կարող է մենք չունենանք, ինչքան գիտեմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ ունեն: Բոլոր երկրներում, Եվրոպայում հատկապես, մշակույթի նախարարներ կան: Մշակույթը ժողովրդի դեմքն է, ազգի անցագիրը, մեզ նման փոքր երկրի համար առավել եւս պետք է մշակույթի նախարար, որ կարողանա կենտրոնացնել մշակութային հասարակությունը եւ զբաղվել մշակութային հեռանկարներով:



 



- Ինչպիսի՞ անձնավորություն պետք է լինի մշակույթի նախարարը:



 



- Մշակույթի նախարարը պետք է մշակույթի մարդ լինի, մշակույթից հասկանա, որ կարողանա մշակույթի գործիչներին ուղղորդել, նրանց հետ հաշվի նստել, նաեւ անպայման հեղինակություն ունենա: Մշակույթի նախարարը երեւի միակ նախարարն է, որին ամբողջ հասարակությունը պետք է ճանաչի:



 



- Կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել Ձեր ղեկավարած եւ ներկայիս մշակույթի նախարարությունների միջեւ:



 



- Ներկայիս մշակույթի նախարարության վիճակը շատ ավելի լավ է, քան իմ ժամանակվա, որովհետեւ դժվար ժամանակներ էին, անկախության առաջին տարիներն էին, գումար չկար, ամեն ինչ քանդվում էր: Եթե մի լավ բան է եղել, ես գոնե աշխատել եմ չքանդել: Դա է այն գլխավոր բանը, որ, կարծում եմ, արել եմ:



 



- Նախարար եղած ժամանակ ինչի՞ համար էին Ձեզ քննադատում:



 



- Չեմ հիշում, այդպիսի սուր քննադատություններ երեւի չեն եղել:



 



- Որպես մշակույթի նախարար, ո՞րն է եղել Ձեր ձախողումը:



 



- Ձախողում չի կարելի ասել, բայց սխալներ, իհարկե, եղել են, որոնք եղել են ոչ միայն իմ սխալները, այլեւ ժամանակի կողմից թելադրված սխալներ, որ ստիպված էիր անել, խառը ժամանակներ էին, եւ մտածել, որ կար մի դրական նախարարություն, որ գոյություն ուներ այդ խառը, անփող ժամանակներում, դժվար է պատկերացնել:



 



- Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման 7 տարիները:



 



- Ինձ համար հիմա դժվար է գնահատել ու վերհիշել, բայց, ինձ թվում է, հաջողված նախարար է, եւ նախարարությունն իր բարձրության վրա է: Ամբողջի մասին չեմ կարող ասել, այդքան մոտիկից չեմ հետաքրքրվել, չգիտեմ, իմ մասնագիտության չափով միայն գիտեմ եւ անձամբ գոհ եմ նախարարությունից:



 



- Առաջիկայում պետք է կառավարության կազմը հրապարակվի, մշակույթի նախարարի պաշտոնում ո՞ւմ եք տեսնում, կա՞ մեկը, ում անունը կուզեիք տալ:



 



- Ես կարծում եմ, որ մշակույթի նախարարին այդքան շուտ-շուտ փոխել չի կարելի, տեսեք, թե 20 տարվա մեջ քանի նախարար ենք ունեցել, այդպիսի բան չի կարելի անել, դա նույնիսկ հանցանք է: Ադրբեջանում միջակ երգիչ Բուլբուլօղլին քանի տարի նախարար մնաց, եւ ճիշտ արեցին: Որովհետեւ մարդ երբ նախարար է դառնում, ժամանակ է փոխվում, նա պիտի հասկանա ուր է ընկել, ինչ պիտի անի, ադապտացիայի շրջան է պետք: Մի տարի հետո, երբ չկաս, էլ ի՞նչ նախարար, այդպիսի նախարար չի լինում: