Գողականի հաղթանակը

Գողականի հաղթանակը
Սահուն քայլերով, աննշմար՝ գողականը մտնում է մեր կյանք: Այն արդեն ամենուր է՝ բանակում, գործադիր եւ ընտրովի մարմիններում, ընտանիքներում, անգամ գիտական շրջանակներում եւ կրթական օջախներում:



 



Երբ զինծառայողներն իրենց վեճն ավարտում են միմյանց վրա, այսպես ասած, «քֆուր դնելով» (կներեք գողական լեքսիկոնի համար), եւ դա ավարտվում է ողբերգությամբ: Երբ պատգամավորներն իրար «թասիբի են գցում», թե ով ավելի շատ կբացակայի նիստերից, ու «իրան բան ասող չի լինի»: Երբ պետական պաշտոնյան, իր ծանր աշխատանքը կատարելու փոխարեն, հիմնավորապես «նստում» է «Ֆեյսբուքում», ապա, հազարավոր քննադատություններից հետո, մի քանի օրվա բացակայության ժամանակ գրում. «Այս օրերին իմ բացակայությունները ՖԲ-ում խնդրում եմ համարեք հարգելի: Խոստանում եմ սահմանված կարգով ապագայում լրացնել դրանք»: Երբ ցանկացած վիճաբանություն կարգավորելու համար մարդիկ զենք են վերցնում ձեռքները: Երբ… դեպքերը շատ են, թվարկեք ինքներդ: Կնշանակի՝ երկրում գողական մթնոլորտ է ձեւավորվել, եւ գողական աշխարհում ընդունված կանոնները հիմնավորապես մտել են մեր կյանք:



 



Եվ այստեղ ոչ միայն դպրոցի ու դաստիարակության պակասն է պատճառը, այլեւ իշխանության ներսում տիրող վիճակը: Իրենք՝ պաշտոնյաներն են ստեղծել այս վիճակը եւ ամեն օր խրախուսում են այն: Եթե գողական պահվածքով անձը շարունակում է պաշտոնավարել, եւ դա արդեն գրեթե նույնացվել է տղամարդկային պահվածքի հետ, ապա դրան ընդօրինակողների պակաս մեզանում չի լինելու: Հակառակը՝ այլ կերպ ապրողները դառնալու են «չմոներ», որոնց բոլորը ծաղրում են ու մերժում: Եթե որեւէ պետական պաշտոնյա իր կատարած լկտիության, գողական պահվածքի, ցինիզմի ցանկացած դրսեւորման համար պատժվեր, մեզանում բոլորովին ուրիշ վիճակ կլիներ: