Եղիշե Պետրոսյանի հարեւանները բողոքում են

Եղիշե Պետրոսյանի հարեւանները բողոքում են

Երեկ «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել «Արձագանք» խմբի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի հարեւաններից մեկը, որն իրենց շենքի բնակիչների դժգոհությունն էր փոխանցում մեզ: Նրա խոսքով, Եղիշե Պետրոսյանը Երեւանի Մանթաշյան փողոցում կառուցում է մի շենք, որը մոտ է «Շենգավիթ» բժշկական կենտրոնին: Հարեւանները պնդում են, որ շինարարության ընթացքում առաջ եկած աղմուկը եւ փոշին խաթարում են իրենց հանգիստը եւ վնաս հասցնում առողջությանը: «Շենքի տեղը բարենպաստ չէ. շինարարությունը խաթարում է մեր եւ բժշկական կենտրոնում հանգրվանած անձանց հանգիստը»,-պնդում էին նրանք:



Բնակիչները հետաքրքրվում են` որտեղի՞ց արվեստագետին համապատասխան ֆինանսներ, որ նման շինարարություն է իրականացնում: Մեկ այլ խնդիր էլ կա` երգահանի գամփռները, որոնք կարող են վտանգավոր լինել հասարակության համար: Մենք կապվեցինք Եղիշե Պետրոսյանի հետ: «Կառուցվող շենքում հնարավոր է լինի դեղատուն, ձայնագրման ստուդիա: Շենքը ես չեմ կառուցում, այլ` որդիս. հենց նա էլ ֆինանսավորում է շինարարության համար, վարկ է վերցրել, ես էլ աջակցում եմ նրան,- «Հրապարակի» հետ զրույցում պարզաբանեց Եղիշեն` զարմանք հայտնելով բնակիչների բողոքի առթիվ:- Առաջին անգամ եմ նման բան լսում»:



Երգահանը պնդեց, որ շինարարությունը չի կարող որեւէ կերպ վնաս հասցնել ոչ կառուցվող շենքի հարակից տարածքի, ոչ էլ բժշկական կենտրոնի  բնակիչներին, քանի որ պահպանված են քաղաքաշինական բոլոր նորմերը: «Ամբողջ քաղաքը փոշու մեջ է, նույն տրամաբանությամբ կարելի է բողոքել քաղաքում տեղի ունեցող այլ շինարարություններից, մենք հո չե՞նք կարող մտնել ամեն մեկի կաշվի մեջ, եթե ապրում են քաղաքում, պետք է ընդունեն քաղաքի նորմերը, եթե  հանգստի ջատագով են, թող գնան գյուղեր»,-ասաց նա: «Իսկ  զանգահարողները չե՞ն ասել, որ Եղիշե Պետրոսյանը կանաչապատում է իրենց բակերը, լուսավորության խնդիր է լուծում»,-իր հերթին հարցրեց երգահանը:



Անդրադառնալով իր գամփռներին` Եղիշե Պետրոսյանը նախ նշեց, որ շատ է սիրում նրանց, տեղեկացնելով, որ շներին պահում է փակի տակ, առանց դնչկալի դուրս չի հանում, եւ նրանք չեն կարող որեւէ կերպ վնասել բնակիչներին:



 



Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ