Նախկին հնչյունային ռեժիսորը հայտնվել է փողոցում

Նախկին հնչյունային ռեժիսորը հայտնվել է փողոցում

- Բարեւ ձեզ, պարոն Մանուչարյան:



- Հազար բարի, աղջիկս:



Վախեցած հայացքով նայում է ինձ ու որոշ լռությունից հետո ասում.



- Չլինի՞ թե թաղապետարանի աշխատակից ես ու խնդրելու ես, որ այլեւս այստեղ չգիշերեմ:    Զարմացած նայում եմ պապիկին ու ասում.



- Չէ՛, չէ՛, աշխատակից չեմ: 



- Հա, ուրեմն քեզ էն բարի կինն է ուղարկել, որ ինձ օգնես:



Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարեւանությամբ ապրողներն անձամբ ճանաչում են կորացած մեջքով, միշտ շշերով լի տոպրակները մեջքին, առաջին հայացքից ծերունի, բայց իրականում 55 տարեկան Ռուբեն Մանուչարյանին: Արդեն 4 տարի է` ապրում է դրսում, գիշերելով մետրոյի հարեւանությամբ գտնվող գետնանցումներից մեկում, իսկ օրվա մեծ մասն անցկացնում է նախկին` «Կիեւ գոստրոնոմի» շենքի առջեւ: Հազվագյուտ մարդկանցից է, որ գիշերում է դրսում, բայց բոմժ չէ, եւ ապրելու միակ միջոցը ապակե տարաներ հավաքելը եւ դրանք հանձնելն է: «Ես փող չեմ մուրում, ամոթ է՝ ի՞նչ կասեն մարդիկ, այլ շշեր եմ հավաքում ու տանում-հանձնում, այդպիսով օրվա հացս եմ վաստակում»,- մեզ հետ զրույցում ասում է Մանուչարյանը՝ հավելելով, որ մարդիկ իրենից չեն զզվում եւ իր հետ զրուցում են: Նա մաքուր հայերենով է խոսում, եւ չնայած հագուստը հնամաշ է, բայց կոկիկ է ու մաքուր: Տպավորություն է ստեղծվում, որ հենց նոր է տնից դուրս եկել: Բանասիրական կրթություն ունի, բայց երբեք մասնագիտությամբ չի աշխատել, աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր: «Ծնողներիս ստիպեցի` կիթառ առան, ու սկսեցի նվագել, լավ լսողություն ու ճաշակ ունեի: Տարիների ընթացքում երաժշտական ունակությունս զարգացավ, ու սկսեցի համալսարանում կազմակերպված միջոցառումների ժամանակ երաժշտական ձեւավորմամբ զբաղվել»,-պատմում է Մանուչարյանը` հավելելով, որ դա է նպաստել, որ տարիներ հետո, 1980-ական թվականներին, սկսել է աշխատել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես հնչյունային ռեժիսոր: Նրա խոսքով, թատրոնում աշխատելու տարիներին շփվել է բարձր արվեստի եւ հանրահայտ դերասանների հետ: «Այսօրվա պես հիշում եմ Արմեն Ջիգարխանյանի հետ ունեցած մեր զրույցները, կատակները, վերջինս իր բեմադրական կարիերան սկսել է հենց այս թատրոնից: Ներկայացումներին գալիս էին նաեւ այլ հայտնի դերասաններ, ռեժիսորներ, ովքեր մեզ մոտ չէին աշխատում, բայց ծանոթանում էինք եւ մոտ ընկերներ դառնում»,-հիշում է զրուցակիցս, ով այսօր ընկերներ չունի, իսկ հին ընկերներից էլ այս կարգավիճակի պատճառով ամաչում է:     Նման իրավիճակում է հայտնվել 2008-ից: Ամուսնացած է եղել 3 անգամ, որոնցից ոչ մեկը հաջող վերջաբան չի ունեցել: «Ամենաանհաջողը երրորդ ամուսնությունս էր, երեխաներ ուներ, միասին ապրում էինք, մի օր էլ որոշեցին, որ ինձ տան գրանցումից պետք է հանեն, ու հանեցին: Ինչ ունեի-չունեի` տվեցին ձեռքս, դուրս վռնդեցին, ու այդ օրվանից սկսեցի դրսում ապրել»,-պատմում է Մանուչարյանը` հավելելով, որ առաջին կնոջից տղա ունի՝ Աշոտը: Վերջինս ժառանգել է հոր գեները՝ ռոք-երաժիշտ, թմբկահար է եւ այսօր համագործակցում է ռոք խմբերի հետ: «Տղաս տեղյակ չի, որ նման իրավիճակում եմ հայտնվել, որ ապրում եմ «Բարեկամություն» մետրոյում, թե չէ ինձ օգնության ձեռք կմեկներ: Փոքր էր, երբ բաժանվեցինք: Սկզբում հեռախոսով կապ էինք պահում, այս դեպքերից հետո ամաչում եմ նրանից եւս»,-ասում է Մանուչարյանը: Չնայած դժվար պայմաններում է ապրում, բայց կյանքից դժգոհ չէ, քանի որ փողոցում կան մարդիկ, ովքեր օգնում են ինչով կարող են: «Ուտելիք, հագուստ, գումար են տալիս ու ինձ հետ զրուցելով զարմանում, թե ինչպես արվեստին այդքան մոտ գտնվող մարդը կարող է նման իրավիճակում հայտնվել»,- ասում է Մանուչարյանը:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ