Շանթը բանտից էլ կշարունակի իր գործողությունները

Շանթը բանտից էլ կշարունակի իր գործողությունները

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում երեկ երեկոյի դրությամբ դեռեւս 20 մարդ շարունակում էր մնալ ձերբակալված, իսկ 8 տուժածներից 4-ը, որոնք ոստիկաններ են, ստացիոնար բուժում են ստանում հիվանդանոցում:



Նրանցից մեկը, ով դանակի վնասվածք էր ստացել, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանն է:



Վնասվածքը շատ խորը չէ: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ով է դանակահարողը, հանգամանքները պարզվում են: Նշենք, որ տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը», եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի արդյունքում պատճառվել է խոշոր չափի վնաս»:



Նշենք, սակայն, որ միջադեպի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել 38 հոգու, որոնցից 18-ը մինչեւ առավոտ ազատ արձակվեցին, իսկ մյուսները, այդ թվում եւ օրվա «հերոսը»` Շանթ Հարությունյանը, տեղափոխվել են Էրեբունի վարչական շրջանում գտնվող ձերբակալված անձանց պահման մեկուսարան: Ազատ արձակվածները հիմնականում Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիայի հետ կապ չունեցող անձինք են` տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներ, որոնք բախման ժամանակ կամ դրա ավարտից հետո էին ժամանել դեպքի վայր:



 



Ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ով նույնպես բերման էր ենթարկվել, երեկ մեզ պատմեց, որ ինքը Շանթի երթին չի մասնակցել, պարզապես ձայներ է լսել, գնացել, միացել է մասնակիցներին, որից հետո, իր խոսքով, ոստիկաններին կոչեր է արել` մարդկանց չխփել, եւ բերման է ենթարկվել ոստիկանություն: Կարենի խոսքով, իր նկատմամբ եւ, որքանով որ տեսել է՝ որեւէ մեկի նկատմամբ ոստիկանների կողմից ուժ չի կիրառվել, ծեծ չի եղել: Բաժանմունքում հստակեցրել են իրենց կարգավիճակը, առանձին-առանձին բացատրություն են վերցրել եւ ազատ արձակել:



 



Երեկ պարզ դարձավ, որ վաղ առավոտյան ազատ է արձակվել նաեւ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը, ով, սակայն, ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել եւ բերման ենթարկելիս, եւ բաժանմունքում:



 



Որեւէ բռնություն կամ ուժ չի կիրառվել այս պահին ձերբակալված 20 անձանց նկատմամբ, երեկ մեզ ասաց ձերբակալված անձանց պահման վայրերի դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը: «Ձերբակալված բոլոր 20 հոգու հետ հանդիպել ենք, զրուցել ենք: Ոչ ոք կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության  բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից: Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, եւ իրենք ասացին, որ, ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացել»,-ասաց Իսկանդարյանը:



 



Նրա խոսքով, երեկ միայն խոչընդոտել են ձերբակալվածների տեսակցության իրավունքը հարազատների հետ: Պատճառաբանվել է, որ քննիչի կողմից պետք է թույլտվություն լինի, սակայն օրենքը նման բան չի սահմանում: Ինչ վերաբերում է հանձնուքներին, ապա, Իսկանդարյանի խոսքով, որեւէ խնդիր չի առաջացել: Հարազատները հանգիստ, առանց խոչընդոտի հանձնել են ամեն ինչ: «Ես վստահաբար ասում եմ, որ հանձնուք ստացել են բոլորը: Միայն մի հոգի է հրաժարվել, որը, հարազատի խոսքով, հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում: Իսկ մի հոգի հոգեկան հիվանդ է, որի կնոջից պահանջվել են փաստաթղթերը, որպեսզի համապատասխան գործողություններ անեն, որովհետեւ նշված անձինք ՁՊՎ-ներում չեն պահվում կամ ազատ են արձակվում»,-հավելեց իրավապաշտպանը:



Իսկանդարյանը զրուցել էր նաեւ Շանթի հետ: Նրա խոսքով, Շանթը նույնքան ակտիվ էր, իր գործողությունների համար պատասխանատու էր եւ հայտարարել է, որ ոչ մի խնդիր չունի: «Նա ասաց, որ պատրաստ է այդտեղից էլ իր գործողությունները շարունակել»: 20 ձերբակալվածների մի մասը հրաժարվել է փաստաբանից, մի մասը հանրային պաշտպան է պահանջել, իսկ որոշներն էլ վճարովի փաստաբան են վարձել՝ տեղեկացրեց իրավապաշտպանը: Նրանք, ովքեր հրաժարվել են պաշտպանից, Իսկանդարյանի գլխավորած խումբը իրավաբանական օգնություն է տրամադրել եւ հորդորել ամեն դեպքում օգտվել գոնե հանրային պաշտպանի աջակցությունից: Պաշտպանից հրաժարված անձինք իրենց այդ քայլը բացատրել են նրանով, որ իրենք ոչինչ չեն արել, ոչնչից տեղյակ չեն, եւ իրենց ոչինչ չի սպառնում: Նշենք, որ Շանթ Հարությունյանը եւս հրաժարվել է փաստաբանից:



 



ՀԳ - Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ մարդու իրավունքների պաշտպանից: Մասնավորապես՝ ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները, դրանք իրավաչափ են եղել, թե ոչ, սակայն պարզվեց, որ օմբուդսմենը գործուղման մեջ է: Նրա խոսնակն ասաց, որ իրենք այս պահին չեն կարող տեղի ունեցածին գնահատական տալ կամ ասել, թե որքանով էին իրավաչափ գործողությունները, քանի որ դեռեւս ուսումնասիրում են տեղի ունեցածը: «Ուսումնասիրելուց, պարզելուց հետո նոր միայն օմբուդսմենը գնահատական կհնչեցնի տեղի ունեցածի վերաբերյալ»:



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ



[email protected]