Դեմ եմ, բայց ուրիշ պատճառով

Դեմ եմ, բայց ուրիշ պատճառով

Երբ ընդդիմադիրները կառավարությանն են դիմում՝ խնդրելով  բարձրացնել նվազագույն աշխատավարձը, թոշակները կամ նպաստները, պատասխան են ստանում, թե միջոցներ չկան: Կուտակայինի դեպքում, սակայն, իշխանություններն իրենք են պատրաստ յուրաքանչյուր բարձր աշխատավարձ ստացողին ամսական վճարել 25 հազար դրամ դոտացիա, ինչը համարյա այնքան է, որքան այսօրվա միջին թոշակը:



Մինչդեռ մեր այն  հայրենակիցներին, որոնք ստանում են Հայաստանի համար սովորական դարձած 50-100 հազար դրամ, պետությունը պատրաստ է տրամադրել ընդամենը 2.500-5  հազար դրամ: Իսկ նման աշխատավարձ են ստանում համարյա բոլորը, մասնավորապես, գիտության եւ մշակույթի ոլորտի աշխատողները: Այսինքն, ապագա թոշակներն ավելացնելու համար պետության կողմից տրվող դոտացիան այնպես է նախատեսված, որ 500 հազար դրամ եւ ավելի գումար ստացողը, որն առանց այն էլ բարձր թոշակ է դիզելու,  ամսական եւս 25 հազար դրամ ամբարի, իսկ խղճուկ թոշակ վաստակելուն դատապարտված բնակչության մեծամասնությունը կուտակի ընդամենը 2.500-5 հազար դրամ: Մինչդեռ պետք է արվի հակառակը, որպեսզի ամբողջ կյանքում կարիքի մեջ ապրած մարդկանց վիճակը թոշակի անցնելուց հետո առավել չվատթարանա: Կամ գոնե պարտադիր կուտակայինին, որպես դոտացիա պետության կողմից նախատեսված ամենամսյա ողջ գումարն անհրաժեշտ է   բաշխել հավասարաչափ: Եթե հաշվարկները պարզեն, որ այդ գումարը, ասենք, 10 հազար դրամ է, նրանցից, ովքեր ստանում են 100 հազար դրամից պակաս աշխատավարձ, պարտադիր կուտակայինի վճար չպետք է գանձվի: Պարզապես այդ 10 հազարը, որը մեծ է նրանց աշխատավարձի 10 տոկոսից, պետք է պետբյուջեից փոխանցվի այդ մարդկանց կուտակային հաշիվներին: Իսկ եթե պարզվի, որ այդ գումարը, ասենք, 8 հազար է, 80 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողներից չպետք է գանձվի: Այսինքն, պետությունն իր վրա պետք է վերցնի ցածր աշխատավարձ ստացողների պարտադիր կուտակայինի վճարումների պարտականությունը: Այդ դեպքում դժգոհողների թիվը ոչ թե 80% կլինի, այլ մի քանի անգամ պակաս:



 



Բայց սրանով չի սահմանափակվում այս չարաբաստիկ օրենքի անհեթեթությունը. այն ոտնահարում է 1974 թվականից առաջ ծնվածների իրավունքները: Ինչո՞ւ պիտի այդ մարդիկ իրենց մուծած հարկերի հաշվին ֆինանսավորեն 1974-ից հետո ծնվածների ապագա թոշակները:  Չէ՞ որ 40-ն անց տարիք ունեցող այդ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում մուծել եւ շարունակելու են մուծել սոցվճարներ՝ ապահովելով իրենցից առաջ թոշակի անցած սերունդների թոշակների վճարումը: Բացի այդ, հենց նրանք են, որ աշխարհ են բերել, մեծացրել ու կրթություն տվել 1974-ից հետո ծնվածներին: Ընդ որում, դա արել են նաեւ անցած դարի 90-ականների ցրտի, մթի, փողազրկության ծանր պայմաններում: Ինչ է, հիմա էլ պարտավոր են նրանց ապագա թոշա՞կն ապահովել: Հետաքրքիրն այն է, որ մեր խորամանկ կառավարությունն անցած տարվա հունվարից սոցվճարների եւ հարկերի վճարումը միավորել է ընդհանուր մի վճարի մեջ, որպեսզի մարդիկ մոռանան, որ շարունակում են կատարել սոցվճարումներ, եւ այս հարցադրումը չլինի:



 



Հայտնի է, որ ֆինանսական բուրգերում ներգրավված ոչ բոլոր անձինք են տուժում. առաջին մասնակիցները կարող են նաեւ շահել՝ հասցնել ստանալ իրենց վճարները, մինչեւ «բուրգի»  փլուզումը: Ըստ երեւույթին, կուտակային այս նախաձեռնությունը ֆինանսական բուրգից էլ վատն է, որովհետեւ այն առաջին մասնակից չունի: Լավագույն դեպքում 23 տարի հետո միայն կգա առաջին շահում-թոշակ ստանալու պահը: Եվ դա այն պատճառով, որ 1974 թվականից առաջ ծնվածներն իրավունք չունեն մասնակցելու թոշակների այս խաղարկությանը՝  իրավունք չունեն ընդգրկվել պարտադիր կուտակայինի ծրագրում եւ հավակնել պետության դոտացիային: Նրանց թույլատրվում է մասնակցել միայն կամավոր կուտակայինին, որտեղ դոտացիա չի նախատեսվում: Արդյո՞ք դա այն պատճառով չէ, որ թոշակին անցնելու տարիքին մոտ գտնվող այդ անձանց բախտը կարող էր բերել, եւ նրանցից ոմանց կհաջողվեր օգտվել պետության դոտացիաներից:



 



Իսկ ովքե՞ր են այդ 1974 թվականից առաջ ծնվածները, որոնց հանդեպ մեր իշխանություններն այդպիսի «քցողական»  վերաբերմունք ունեն:



 



Այդ նրանք են, ովքեր կռվեցին եւ հաղթեցին Ղարաբաղի պատերազմում: Նաեւ պայքարեցին եւ անկախություն պարգեւեցին Հայաստանին: Ինչի շնորհիվ այսօրվա մեր ղեկավարներին հաջողվեց գալ իշխանության:



 



Այդ նրանք են, ում ձեռքերով ու միջոցներով ստեղծվածը մինչ օրս թալանվում ու վաճառվում է եւ դեռ չի վերջացել: 



 



Այդ նրանք են, ովքեր հավատացին 1988-ի կարգախոսներին, թե Հայաստանում այլեւս անարդարություններ չեն լինելու, կաշառակերները պատժվելու են, հայկական դպրոցներն ու մանկապարտեզներն ավելանալու են: Նրանք հավատացին նաեւ, որ ԿԳԲ-ականներից ու նրանց գործակալ-մատնիչներից, ինչպես նաեւ կենտկոմականներից ու շրջկոմականներից խլվելու են իշխանական լծակները:



 



Հավատացին բազմաթիվ այլ սուտ խոստումների:



Այդ մարդկանց խնայողություններն էին, որ զրոյացան ԽՍՀՄ փլուզումից հետո:



Այսօր նրանց առաջարկվում է ապահովել թե իրենցից առաջ թոշակի անցած սերունդների թոշակների մուծումը, թե իրենցից հետո եկողների թոշակների կուտակումը:



Գուցե 1974 թվականից առաջ ծնվածներին ե՞ւս անհրաժեշտ է դուրս գալ փողոցներ ու պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները:



Եթե, իհարկե, իշխանությունները խելքի չգան ու չփոխեն իրենց գործելակերպը:



 



Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ