Ձյուն մաղեց իմ բաց գլխին, ձյուն մաղեց՝ կրակի՜ պես...

Ձյուն մաղեց իմ բաց գլխին, ձյուն մաղեց՝ կրակի՜ պես...

Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է, ու ես հանկարծ հիշեցի, որ նա հրաշալի նկարում է, նույնիսկ ցուցահանդես էր կազմակերպել: Նրա կտավներից մեկի անվանումը տպավորվել է հիշողությանս մեջ՝ գարուն ա, ձուն ա արել:



Մի օր հետո գարնան առաջին օրն է. տեսնես՝ Վարդանը հիշու՞մ է  գարուն ա ձուն ա արել իր կենսագրական  կտավը: Կենսագրական, որովհետև ուժերի ծաղկման շրջանում ձուն ա արել և սևակյան բառերը կարծես նրան են ուղղված.



Ձյուն մաղեց իմ բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՜ պես...



Ինչքա՜ն բան փշվեց նրա հոգում, ինչքա՜ն արժեքներ փլուզվեցին նրա աչքի առաջ: Հիմա նա էլ չի մտածի, որ հայրը ամերկյան որբանոցում է մեծացել ու հորը որբ չի պատկերացնի, որովհետև  համոզվել է, որ այս կյանքում, երբ երկիրը տանիք չի մարդու գլխին, բոլորն էլ որբ ու անպաշտպան են: Մի հարցազրույցի ժամանակ այսպես էր Վարդանն ասում. « Ցավը հենց այդտեղ է, որ այսօր քաղաքականության մեջ առաջ գնալու համար մարդը պետք է, որոշակիորեն ինչ որ նորմեր ոտնահարի, ինչ որ բաներ իր մեջ խեղդի: Ինձ կատակով ասում էին, դու ինչու քաղաքականության մեջ չես մտնում, քո հետևից կգան, ես ասում եմ, քաղաքականության և արվեստի մեջ օրենքները տարբեր են, մի տեղ ստախոսությունն է զենքը, իսկ մյուսում` ճշմարտախոսությունը»: Հիմա մեր արվեստագետները հասկանու՞մ են, որ քաղաքականություն մտնելով ոչ թե ինչ որ բան, այլ շատ բան են խախտել, դրա համար ժողովուրդն իրենց չի սիրում, չի ընդունում: Եվ ինչպես ճշմարտացիորեն ասում է Վարդանը. «Օրենքի փոփոխությունը ես թողել եմ քաղաքական գործիչներին, իսկ ներքին բարոյական փոփոխությունը` արվեստին: Այստեղ է արվեստի Ֆունկցիան»: Վարդան, իսկ դու գիտեի՞ր, որ ժողովրդի հետ լինելու ճանապարհը փշոտ է, ինչու՞ ավելի հեշտ ճանապարհ չընտրեցիր, մի՞թե դու չէիր կարող ապրել քո շատ արվեստագետ ընկերների պես. Նունեի նման ասեիր՝ ի՞նչ էին անում Մարտի 1-ին փողոցում, որ կրակեին: Դրա համար շատ պարգևատրություններ կստանայիր, որովհետև հոգուդ մոտ չէիր ընդունի մարտի 1-ին թափված արյունը..



Գարուն ա, ձուն ա արել...
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ երակի՜ պես
-Արունը ջուր ա դառել...



 Կամ Շուշոյի, Շուշոյի նման մի՞թե չէիր կարող մոռանալ, որ իշխանավորներից բացի ժողովուրդ էլ կա: Այդժամ գուցե դու էլ պատգամավոր դառնայիր: Այնքան շատ են քաղաքականություն մտած արվեստագետները, որ շարք կանգնեցնելու դեպքում, մի ծերը կառավարության շենքում կլինի, մի ծերը Բաղրամյան 26-ում: Ու նրանք բոլորը հավասարապես մեղավոր են այն քաղաքականության համար, որ իրականացվել ու շարունակվում է իրականացվել, որովհետև առ այսօր նրանց ցինիկ խոսքերի ներքո շղարշվում են հանցագործները, որովհետև թխսամոր պես թևերի տակ են առել ժողովրդի վրա կրակողներին: Իսկ մարտի մեկը կմոռացվի՞.



…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...



Իսկ այսօր քո ծննդյան օրն է, Վարդան, ու մենք շատ բան ունենք մտածելու: Եվ ամենակարևորը, որ հանգիստ չի տալիս ժողովրդին, սա է՝ ախր հանցագործներին բաց են թողնում, ախր մարդասպաններին արձակում ու պատահարի մասնակցին յոթը փակով փակում են: Եվ էլի քո խոսքերից եմ մեջբերում. «Ես համաձայն եմ, որ օրենքը պիտի լինի բոլորի համար, ինչպես, որ բերի Ստրոս Կանի օրինակը, երբ սովորական ոստիկանը գնում է և հզոր քաղաքական գործչին, առանց այլևայլի ձերբակալում և տանում է ոստիկանություն »: Երբ օրենքը բոլորի վրա հավասարապես չի տարածվում, երբ օրենքը խառնվում է քաղաքականության հետ, այն դադարում է օրենք լինելուց: Եվ կրկին քո խոսքերը. «Եթե մեզ համար բերեն Եվրոպայից պատրաստի օրենքներ, դա նույնը կլինի եթե ստեղծենք Քրդստան և Շվեցարիայի սահմանադրությամբ այն ղեկավարենք»:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ