Այդ օրերին մենք կարող է ընդհանրապես քաղաքում չլինենք

Այդ օրերին մենք կարող է ընդհանրապես քաղաքում չլինենք

Չնայած երկրում առկա բազում խնդիրներին՝ քառյակը որոշել է «ճտերն աշնանը հաշվել» եւ հանրահավաք կազմակերպել միայն աշնանը: էլեկտրաէներգիայի թանկացման կետն ավելացնելով իրենց նախկին 12 պահանջներին, քառյակը դրանց կատարման համար ժամանակ է տվել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Դաշտը, փաստորեն, մնացել է ՕԵԿ-ի հույսին, որի ընդդիմադիր լինելուն ոչ ոք չի հավատում, եւ որը հուլիսի 18-ին հանրահավաք է պլանավորել: Երեկ ողջ օրը ՕԵԿ-ականներն անհասանելի էին: Կմասնակցի՞, թե՞ ոչ քառյակը ՕԵԿ-ի նախաձեռնած հանրահավաքին, դեռ չեն քննարկել: Մեր զրույցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:



 



- Կարծում եմ, որ այդ օրերին մենք կարող է ընդհանրապես քաղաքում չլինենք, դա ՕԵԿ-ի հանրահավաքն է, եւ կարծում եմ՝ մեզնից ով ցանկանում է, կարող է իր ներկայությունն այնտեղ ապահովի: Բայց դա մեր հանրահավաքը չէ: Խնդիրը, իհարկե, բոլորիս հուզող խնդիր է, ով ցանկանա, կարող է մասնակցել:



 



- Նորմա՞լ եք գնահատում քառյակի որոշումը՝ գործընթացները հետաձգել մինչեւ աշուն, խոսքը եւ կուտակայինի, եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին է:






- Նորմալ համարեմ-չհամարեմ, դա էական չէ, որովհետեւ մենք ամեն ինչ անում ենք, եւ չեմ կարծում, որ եթե օրենքն արդեն հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում (խոսքը կուտակայինի մասին է` Լ. Շ.), մենք կարող ենք շատ բան փոխել: Որովհետեւ եթե նույնիսկ քառյակից որոշ ուժեր կան, որոնք ցանկանում են, որ ՍԴ պետք է դիմել, ես չեմ կարծում, որ դա արդյունք է տալու: Քաղաքական որոշումն արդեն կայացված է, օրինագիծը կեղծիքներով քվեարկությամբ ընդունված է, ուժի մեջ, իրենք հասան նրան, ինչին ձգտում էին, իսկ հասարակությունը հերթական հիասթափման մեջ է: Ոչ ոք այստեղ չի շահելու, առավել եւս նորաստեղծ կառավարությունը չի կարող վստահության մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետեւ ժողովուրդն իրեն խաբված է համարում:



 



- Այդ դեպքում աշնան հանրահավաքն ի՞նչ է փոխելու, եթե հիմա չի փոխելու, երբ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, եւ կա՞ հույս, որ պայքարը կարող է ինչ-որ բան փոխել, մինչդեռ աշնանն ամեն բան ավարտված է լինելու:






- Աշնանը միգուցե էլի զարգացումներ լինեն, մենք ամեն դեպքում հետեւում ենք աշխարհաքաղաքական զարգացումներին, մենք հետեւում ենք, թե Հայաստանն ինչ քայլերով է ձգտում մտնել Մաքսային միություն, մինչեւ այդ շատ-շատ բան կփոխվի, եւ մենք հաստատ ասելիք կունենանք, բացի էլեկտրաէներգիայի եւ կուտակայինի թեմայից, մենք իրոք ասելիք կունենանք: Եվ կարծում եմ, որ ժողովուրդն էլ սպասում է այդ ասելիքին:



 



- ՕԵԿ-ն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք է կազմակերպել, կարծում եք, որ դա անիմա՞ստ է:






- Ես նման բան չասացի: Դե, գիտեք ինչ, ՕԵԿ-ը վերջին շրջանում հայտարարել է, որ ընդդիմություն է, եւ փորձելու է իր ընդդիմադիր ձեւակերպումն ամրագրել, բնականաբար, էլեկտրաէներգիայի հարցը թեմա է, որով փորձում են իրենց ընդդիմադիր կեցվածքն ընդգծել:



 



- Փոխարենը դուք ձեզ պասիվ եք պահում, չե՞ք վախենում, որ ձեզնից ՕԵԿ-ը կխլի այդ տեղը, մարդիկ կգնան ՕԵԿ-ի հետեւից…






- Բացարձակ մտավախություն չկա, ում կհաջողվի, մենք ուրախ կլինենք եւ կկանգնենք նրա կողքին: Մենք խնդիրներ ենք տեսնում, որոնք վեր ենք բարձրացնում, ժողովրդին հուզող հարցերը մեզ նույնպես նույն չափով հուզում են, որովհետեւ մենք ժողովրդի մի մասնիկն ենք, հետեւաբար, ով կկարողանա ավելի մեծ միավոր ձեւավորել եւ ժողովրդին համախմբել, մենք միայն կողջունենք եւ մեր ներդրումը կունենանք: Բայց առայժմ ես չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որն ընդդիմադիր դաշտը, համենայնդեպս, փողոցում կարող է լրացնել կամ ինչ-որ մեկի տեղը զբաղեցնել: Տվյալ դեպքում ՀԱԿ դաշինքի (ես դեռ դաշինք եմ ասում, որովհետեւ դեռ այդ ամեն ինչի մեջ ենք եւ տրամադրությունով, եւ տրամաբանությամբ) դերակատարությունը, ակտիվությունը մշտապես պահպանվելու են, եւ այլընտրանք դեռ չեմ տեսնում:



 



- Տիկին Սարգսյան, հոսանքի թանկացման որոշումն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից, դեռ մեկ ամիս ժամանակ կա, չարժե՞ բողոքի ալիք բարձրացնել, գուցե դա որոշակի ազդեցություն ունենա պրոցեսների վրա:






- Արժե, արժե անել եւ պայքարել, եւ ընդվզել, համամիտ եմ, միգուցե այդ ընդվզումն այն որակին հասնի, որ իրենք ստիպված հետ կանգնեն, բայց ես այսօր դա չեմ տեսնում, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ իրենք կարողացել են մինչեւ հիմա իրենց նախաձեռնություններն անցկացնել եւ պահպանել: Հիմա ինչքանով կարող ենք հակադրվել այս մեկին, չեմ կարող այս պահին ասել, բայց ինքնակազմակերպման գործընթացը պետք է առաջ գնա, ու չեմ կարծում, որ ամռանը մենք ուղղակի պարապ ձեռքերով նստելու ենք: Ժամանակն է ինքնակազմակերպման, եւ ամեն մեկն իր մեջ պետք է գիտակցի, խոսքս վերաբերում է հասարակությանը, եթե մենք ամեն ինչ հանդուրժում ենք, ուրեմն լավ են անում:



 



- Այսինքն՝ դուք համակարծիք չե՞ք քառյակի հետ, ով նախօրեին այս հարցի վերաբերյալ քննարկումից հետո աշնանը հանրահավաք անցկացնելու մասին է հայտարարել:






- Ես այդ քննարկմանը չեմ մասնակցել, միգուցե իրենք հիմնավորումներ ունեն, որոնք առիթ են տալիս նման որոշման: Ես հակված եմ հավատալու, որ այն, ինչ որ հնարավոր է, արվել է, իսկ աշնանը լրիվ նոր իրավիճակ կստեղծվի, եւ գուցե մեր քայլերն ու գործողությունները դրական արդյունք կտան: Երբեք ուշ չի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարել, կարծում եմ՝ քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումները հիմա էդ գործն անում են, իսկ աշնանը մենք բոլորս հույս ունենք, որ կմիավորվենք եւ ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, այլ ընդհանրապես երկրում տիրող արատավոր բարքերի դեմ:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]