«Ժառանգությունը» երիտասարդացել է, բայց «սկոռոստը» փոխելու մտադրություն չունի

«Ժառանգությունը» երիտասարդացել է, բայց «սկոռոստը» փոխելու մտադրություն չունի

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասուլիս տվեց, խոսեց ամեն ինչի մասին, բայց ոչինչ չասաց։ Փորձեցինք հարցերով մի փոքր աշխուժացնել «Ժառանգության» առաջնորդին, ով բավական գիրացել էր եւ «ծոմի» օրերի համեմատ նկատելիորեն կազդուրվել։



 



Նախ հետաքրքրվեցինք, թե ինչու փակվեց կուսակցության Զորյան փողոցի գրասենյակը, եւ ինչով էր պայմանավորված կուսակցության մի քանի առանցքային դեմքերի՝ վարչության կազմից դուրս գալը։ «Ժառանգությունն ունեցավ համագումար, այդ համագումարի միջոցով եղավ վարչության կազմի ընդլայնում եւ երիտասարդացում. նոր դեմքեր, նոր ղեկավարներ, եւ շատ բնական է, որ լինելու է հերթափոխ։ «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որն ունի ներքին ժողովրդավարություն, մի քանի անգամ է, որ ես ինքս չեմ ծառայել որպես վարչության նախագահ կամ խորհրդարանական խմբակցության ղեկավար, եւ դա բնականոն է»։



 



Ստացվում է, որ «Ժառանգության» «ամենածեր» անդամները՝ Ստյոպան, Հովսեփը, Լուսինեն, Մարգարիտան եւ ուրիշներ, կուսակցության վարչության կազմից դուրս գալով, ինքնըստինքյան երիտասարդացրել են կուսակցությունը։ Մեր հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» կարիք ունե՞ր երիտասարդացման, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երիտասարդացման ու սերնդափոխության կարիք բոլորս ունենք: «Ձեր լրատվամիջոցից սկսած՝ մինչեւ հատկապես այս չընտրված իշխանությունը սերնդափոխության խնդիր ունի, այո, անգամ մեզ մոտ այդ սերնդափոխությունն անհրաժեշտ է»։



 



Գրասենյակի տեղափոխումն էլ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պայմանավորված էր օպտիմալացման, ֆինանսական խնդիրներով, որովհետեւ, ինչպես խոստովանեց կուսակցության առաջնորդը, իրենք միշտ ունեցել են ֆինանսական խնդիրներ, քանի որ կախված չեն եղել ոչ մի կուսակցությունից կամ մեծահարուստից։ Գրասենյակն այժմ տեղափոխվել է Երզնկյան 75 հասցեում գտնվող ՌԱՀՀԿ գրասենյակի շենք։ Նրան, սակայն, դուր չեկավ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ներքին խմորումների, խմբակցության ներկա ու նախկին ղեկավարներ  Զարուհի Փոստանջյանի ու Ռուբիկ Հակոբյանի լարված հարաբերությունների մասին մեր հարցը։ «Ես շատ կցանկանայի, որ լրագրողները դուրս գային իրենց հարցերում «ասում են» նախաբանից։ Ամեն մեկն ինչ-որ բան ասում է, եւ շատ դեպքերում այդ ասվածը ճշմարիտ չէ, արդեն 25 տարի է՝ Հայաստանում եմ եւ կարող եմ ձեզ փաստարկել՝ իմ սեփական հետագծից ելնելով»,-ասաց նա։



 



Այնուհետեւ անդրադարձավ իրենց կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին ԱԱԾ-ի կողմից «վերբովկա» անելու փորձին՝ ասելով, որ ինքը ցավ է ապրում, որ այս չընտրված իշխանությունը, պարոն Սարգսյանի ղեկավարությամբ, որոշել է վարչության նորընտիր անդամներին ահաբեկել սպառնալիքներով, հավաքագրման փորձերով եւ Հայաստանի քաղաքացիների դեմ ոտնձգությունների փորձերով։ Նա վստահեցրեց, որ իրենք Հրայր Մանուկյանին պաշտպանելու են քաղաքական եւ իրավական բոլոր հնարավոր եղանակներով։ Ինչ վերաբերում է քառյակին, Հովհաննիսյանն ասաց. ինքը հույս ունի, որ աշնանն այդ համագործակցության հեռանկարը կերեւա, եւ դա, ըստ նրա, աննախադեպ համագործակցություն է։ Նա կոչ արեց. «Պետք չէ հեգնանքով մոտենալ քառյակին։ Քառյակի ամեն մի ուժ կայացած է, ունի տարբերություններ ու նմանություններ»։



 



Ասուլիսի ավարտին մի քանի հարց եւս ուղղեցինք «Ժառանգության» առաջնորդին։ Հետաքրքրվեցինք, թե ինչու Զարուհի Փոստանջյանին 6 ամսով ուղարկեցին ԱՄՆ՝ ինչ-որ դասընթացների, երբ այս ընթացքում ԱԺ-ում թեժ նիստեր էին ընթանում: Մեր հարցը, սակայն, պարոն Հովհաննիսյանին «երիտասարդ» թվաց ու ինչ-որ թաքնված դիտավորությամբ։ «Քո երիտասարդ հարցը հերթական սխալ ենթադրությունն է, ես չգիտեմ՝ դա դիտմա՞մբ է, թե՞ պարզ անփորձություն է։ Ես չեմ ուղարկել Զարուհի Փոստանջյանին, Զարուհին դիմել է, որոշել է եւ շատ լավ է արել, որ գնացել է, միջազգային հարաբերությունների ֆորմալ ուսուցում է ստացել եւ ինքը հիմա վերադարձել է եւ հիմա ավելի կթեժանա, եթե դա է քո մտահոգությունը»։ Սակայն համաձայնեց, որ Զարուհու բացակայությունը բացասաբար է անդրադարձել խմբակցության աշխատանքի վրա. «Իհարկե, այդ իմաստով ցանկացած մեր ներկայացուցիչ որ բացակայում է, դա մտահոգություն է, բայց դա Զարուհու որոշումն էր, եւ ես դա ողջունեցի»։



 



Պարոն Հովհաննիսյանը ժամանակին պնդում էր, որ «զադնի սկոռոստ» չի լինելու։ Այս պահին «Ժառանգությունը» «զադնի» չի՞ դրել, ե՞րբ է պատրաստվում «սկոռոստը» փոխել, Հովհաննիսյանն ասաց. «Ամեն ինչ չէ, որ պետք է ժողովրդի վրա բարդել, դա քաղաքական եւ քաղաքացիական ուժերի պարտականությունն է, բայց կարճ պատասխանն այն է, որ երբ որ ազգովի պատրաստ լինենք»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ