Վարչապետի նոր օգնականի հակասական կենսագրականը

Վարչապետի նոր օգնականի հակասական կենսագրականը

Հովիկ Աբրահամյանի նորանշանակ օգնական Աննա Գևորգյանի մասին մամուլը արդեն հասցրեց գրել մեկ անգամ: Սակայն վերջերս որոշ ուշագրավ դրվագներ ի հայտ եկան նրա՝ աշխատանքի անցնելու և կնսագրականի հետ կապված: Մեր տեղեկություններով` նա իր կենսագրության մեջ որոշ ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել: Մասնավորապես նշված է, որ 2012թ. նա աշխատել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) արտաքին հարաբերությունների բաժնի միջազգային իրավունքի մասնագետ, սակայն, իրականում, նա ընդամենը մի քանի շաբաթ պրակտիկա է անցել այնտեղ։ Նշված է նաև, որ 2013 թվականին աշխատել է 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար թիմում ավագ վերլուծաբանի ավագ օգնական, մինչդեռ, իրականում, եղել է կրտսեր օգնական, և այսպես շարունակ:



 



Այս ամենը փորձեցինք ճշտել հենց իրենից, ով, ըստ էության, չհերքեց, որ GIZ-ում աշխատել է պրակտիկանտ: «Ես ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում աշխատել եմ որպես ավագ վերլուծաբանի ավագ օգնական, իսկ GIZ-ում աշխատել եմ միջազգային իրավունքի մասնագետ-պրակտիկանտ, էսպես ա գրվում, բայց ես եղել եմ միջազգային իրավունքի մասնագետ, դա վճարովի աշխատանք ա եղել, սովորական պակտիկա չի եղել»,-ասաց նա:



 



Ի դեպ, տեղեկություններ կան նաև, որ իր համար այդպիսի աշխատանքի անցնելու հարցում հենց իր՝ վարչապետի մոտ միջնորդել է ինչ-որ բարձրաստիճան մեկը, այդ մասին նաև մամուլը գրեց, և գուցե դրա համար է վարչապետը այդպես հեշտությամբ ընդունել նրան:



 



Այս մասով էլ Աննա Գևորգյանն ասաց, որ իր համար որևէ մեկը չի միջնորդել.«Ինձ համար որևիցե մեկը չի միջնոդրել, և նման հրապարակված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»:



 



Ի դեպ, ասում են՝ նորաթուխ օգնականն արդեն սկսել է հայտարարել, թե «ես արդեն բարձրաստիճան պաշտոնյա եմ ու այսուհետ խիստ զբաղված եմ»։ Իրականում՝ որպես վարչապետի օգնական, նա ընդամենը պետք է թարգմանչական աշխատանք կատարի, քանի որ շատ լավ տիրապետում է անգլերենին։



 



Հետաքրքիր է, որ Հայաստանում հնարավոր է կառավարությունում աշխատանքի անցնել՝ այն էլ անմիջապես վարչապետի օգնական, առանց որևէ միջնորդության ու ծանոթ-բարեկամական կապերի: