Ո՞ր դեպքում քառյակը կհամագործակցի ՕԵԿ-ի հետ

Ո՞ր դեպքում քառյակը կհամագործակցի ՕԵԿ-ի հետ

Քաղաքական ուժերից ամենից շատ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է կարեւորում քաղաքական ու հասարակական ուժերի համախմբվածությամբ երկիրն անդունդից հանելը: Անկումը գնալով խորանում է, սակայն համախմբվածությունն այդպես էլ չի ստացվում: 1 օրից  իշխանությունից մի ամիս առաջ «բաժանված» ՕԵԿ-ի համազգային  հանրահավաքն է՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Սակայն հանրահավաքին չեն մասնակցելու մյուս ընդդիմադիր ուժերը, անգամ քաղաքացիական  «Դեմ եմ» շարժումը: Սա կարելի էր հասկանալ, եթե ամենաանհնար քաղաքական համագործակցության ականատեսը չլինեինք՝ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ: Եթե հնարավոր է նման համագործակցություն, ինչո՞ւ հնարավոր չէ  համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիր կարգավիճակում գտնվող ՕԵԿ-ի հետ: «Ժառանգության»  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ, ինչպես ավելի վաղ, այդ հարցը չի քննարկվել, ինչի պատճառով էլ չի կարող մասնակցության մասին կոնկրետ բան ասել: Մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ է համախմբվածության, միասնականության կոչեր անում, ինչո՞ւ ՕԵԿ-ի վրա այն չի տարածվում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ եթե համատեղ բան լինի, նախնական քննարկում, անպայման պետք է լինի: Եթե առաջարկ լիներ, կքննարկեինք, բայց եթե չկա, ի՞նչը քննարկենք»:



 



Ամեն դեպքում, պատրա՞ստ են ՕԵԿ-ի հետ համախմբվել, առավել եւս, որ դա արդեն ստացվել է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի դեպքում, որոնք նույնպես ժամանակին ՀՀԿ-ի կողքին էին, իսկ այսօր ընդդիմադիր կարգավիճակում են: «Այս պահին ՕԵԿ-ն իր քաղաքական քայլն է կատարում, մյուսները, այդ թվում արդեն «Ժառանգությունը»՝ իրենցը, այդ իսկ պատճառով հակասություններ փնտրել պետք չի, երբ քննարկումներ կլինեն, նոր կարելի է խոսել»: Սակայն այս անգամ հանրահավաքը բոլորին հուզող կոնկրետ սոցիալական թեմայով է հրավիրվում, Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց քառյակի ծրագրավորած պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, որն արդեն մեկնարկել էր: Նա կարծում է, որ իրենք սեպտեմբերին կանեն իրենց հանրահավաքը՝ կապված քառյակի 12 կետանոց պահանջագրի չկատարման հետ, քանի որ վստահ է, որ դրանք չեն կատարվելու:



 



 



ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չկա որոշում մասնակցության վերաբերյալ, հարցը չի քննարկվել: «Բայց մենք որեւէ ձեւով չենք խոչընդոտում ՕԵԿ-ի պայքարը, ցանկացած դրական արդյունք մեզ միայն ուրախացնելու է»: ՕԵԿ-ի անցյա՞լն է դեր խաղում, Մինասյանը պատասխանեց. «Իմ տեսակետն ասեմ՝ ես չեմ կարծում, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարցերի քննարկումներն ու նաեւ գնահատականները նույնականանան, իսկ համագործակցությունն ընդդիմադիր դաշտում մենք միշտ էլ ողջունել ենք ու գտնում ենք, որ միայն համագործակցաբար եւ միայն օրակարգային հարցերի համապատասխանեցմամբ եւ դրանք հետապնդելու միջոցով է հնարավոր հասնել արդյունքի… համախմբում ասվածն էլ պետք է ըստ էության հասկանալ՝ գաղափարների,  տեսակետների դիտանկյունից, օրակարգի շուրջ»: Փորձը ցույց է տվել, որ հնարավոր է նաեւ առանձին սոցիալական հարցերի շուրջ, օրինակ՝ կուտակայինի դեմ, ինչո՞ւ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ չի հաջողվում: «Երբ օրակարգի մի հարց է առաջ քաշում մեկ այլ ուժ՝ առանց մյուսների հետ քննարկման ու տեսակետների փոխանակման, ու նախաձեռնում՝ ակնկալելով, որ մյուսները կմիանան, դա այս պարագայում ճիշտ մոտեցում չէ եւ չի կարող միավորման առիթ հանդիսանալ»: Հարցին՝ իսկ եթե Արթուր Բաղդասարյանն առաջարկի իրենց ընդունել քառյակի կազմում, հնգյակ կստացվի՞, Մինասյանն արձագանքեց. «Ես չեմ կարող նման կանխատեսում անել, այս պահին քառյակը հնգյակ կամ էլ վեցյակ դարձնելու խնդիր չկա, կարեւորը բովանդակությունն է»:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]