Հովիկ Աբրահամյանի սիրտը Վազգենի ջոկատ է ուզում

Հովիկ Աբրահամյանի սիրտը Վազգենի ջոկատ է ուզում

«Եթե մեկնումեկը պատերազմի դաշտից շատ հեռու, տաք մի տեղ խոսում է զենք վերցնելու մասին, հասարակության մեջ պետք է գտնվի սրամիտ մեկը, որ սրան «փը՛շտ» անի, որպեսզի կողքինները պահը վայելեն»,- այսպես գրելիս Վանո Սիրադեղյանը գուցե կռահում էր, որ գյադաների սաստկացող ժամանակները դեռ առջեւում են:



 



Վստահաբար տեսնում էր, որ մի օր արցախյան պատերազմի մասնակից՝ հերոսական մասնակից կգրվեն բոլոր նրանք, ովքեր պատերազմի տարիներին մկան պես ձեռքներն ինչ ընկել` իրենց բունն են քարշ տվել: Տեսնում էր, որ դրանց էլ չի բավարարելու հարուստ ու իշխանավոր լինելը, որ հոգու հետ կապված պահանջմունքներ ու ազգային-ազատագրական քմահաճույքներ են ունենալու: Միայն արցախյանով կարող է եւ չբավարարվեն` վկաներ ու ականատեսներ կգտնվեն, որ դրանք Ավարայրի դաշտում մեր հարբած մկներն են եղել, որ մտել են պարսիկների հարբած փղերի ականջներն ու խուտուտ տվել... Նորից դիմեմ Վանոյի օգնությանը, որ կարողանամ լսածս լուրը մարսել, որ ձեռքս կարողանա շարժվել ու բառեր շարադրել. «...Հիմա գյադաների ժամանակն է: Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»:



 



 Որքան հասկանում եմ` Սերվիզ Անդոյի նախկին գործընկեր, ավտոպահեստամասերի վաճառական Հովիկ Աբրահամյանը, երբ համոզվեց, որ իր բոլոր երազանքներն ավելցուկով կատարվում են, որոշեց իր ունեցվածքից մի բան էլ ներդնել հոգու, փառքի ու անմահության «բիզնեսում»: Սա, իհարկե, նոր մղում ու ձգտում չէ. Հովիկ Աբրահամյանն իր չունեցածի, իր պակասության վկայագրերն ապահովելու համար գիտության դռներն էլ է ընկել. իր՝ Տնտեսագիտականի խորհրդի նախագահ դառնալն ու որդուն գիտության թեկնածուի աստիճան շնորհելու փորձերն այդ շարքից են: «Բարի, գեղեցիկ, առաքինի» կերպարն ամբողջացնելու համար քաղաքական, պետական գործիչ, բիզնեսմեն, բարերար, գիտնական Հովիկ Աբրահամյանի սիրտը ռազմական փառք է ուզել: Մեր տեղեկություններով, նա հույժ կարեւոր գեներալախմբին առաջարկել է կես միլիոն դոլար` երկրապահներին սոցիալապես աջակցելու նպատակով, դիմացը համեստորեն ակնկալելով մի մարտական կենսագրություն իր համար: Ընդ որում, այնքան է կորցրել իրականության զգացողությունը, որ սիրտը շատ որոշակի ջոկատ ու հրամանատար է ուզել. նա իր բարեգործության դիմաց ուզում է դառնալ... Վազգեն Սարգսյանի ջոկատի մարտիկ: Հետմահու, մեղա, մեղա... գուցե կարելի էր. Վազգենն իրոք ջոկատ ուներ, նրանց թվում զոհեր կան, թող Աբրահամյանն ասի, թե որ զոհվածի անունն է ուզում, եւ զոհվածի կարգավիճակ ստանա:



 



Մի ծիծաղեք ու մի համարեք, թե նման բան չի կարող լինել: Եղել է: Եվ եթե ԵԿՄ վարչության կազմում կան մարդիկ, որ պատերազմին չեն մասնակցել, որ վառոդի հոտ չեն զգացել, դեռ ոչինչ, մարդիկ առանձնապես չեն էլ պարծենում չեղած սխրագործություններով, լավագույն դեպքում ասում են` բուռնաշ-մուռնաշների ջոկատներում ենք կռվել: Բայց Հովիկ Աբրահամյանը, որքան գիտենք, ասել է, որ ուզում է Վազգենի ջոկատի անդամ լինել` նա հասկանում է, որ դրանից պակասը չի վայելի ապագա նախագահին: Ասում են՝ գեներալները դեմ չեն: Կես միլիոնից հրաժարվելու համար քաջությունները չի հերիքում: Բայց հաշվի չեն առնում, որ առքուվաճառքի այս գործարքը կարող է լցնել համբերության բաժակը, ու կռված տղերքը, որ իրենց երեխաների ու արդեն թոռների առաջ գլխահակ են մնացել` այս պետությանն անհարկավոր, չգնահատված լինելու պատճառով, կարող են ոտքի կանգնել ու բոլորի պատասխանը տալ: Բան չունենք ասելու` Հովիկ Աբրահամյանն էլ մարդ է, սիրտը հերոսականությամբ է լցվել: Մարդ է` գուցե թյուրիմացություն է, որ կռիվ չի գնացել. կարող է գրիպ է եղել, լուծ կամ գլխացավ է ունեցել: Մի քանի տարի... Կարող է հիմա մարտունակ վիճակում է: Հավատում ենք եւ առաջարկում ենք, որ մարտակոչով հանդես գա, մահապարտների գունդ ձեւավորի ու գնա, օր օրի շիկացող մեր սահմանները պահպանի: Իսկ Վազգենի անունը թող հանգիստ թողնի: Իրեն բնորոշ սթափությամբ թող հիշի, որ Վազգենի ջոկատի տղերքը ողջ են, կասեն, թե ինքը մկան որ ծակում էր թաքնված պատերազմի տարիներին: Միակ բանը, որ կարող է անել` «կամուֆլյաժե բիկինի հագնի ու գնա-գա կառավարության միջանցքներում»: «Զորավար Արգամիչի» «մահապարտների» ջոկատում արժե ընդգրկել տաքուկ սենյակներում մարտական մեդալներ վաստակած, բանակում չծառայած պաշտոնյաներին` Արմեն Գեւորգյանին, Տարոն Մարգարյանին, Էդիկ Շարմազանովին, Կարեն Ավագյանին ու էս կարգի մյուս «քաջերին»: Մանավանդ որ սահմաններում վիճակը բավական տագնապալի է: Թող ամեն մեկը մի-մի առյուծ հեծնի ու գնա հերոսանալու: ՀՀԿ տատիին էլ հետները տանեն, որ դիվերսանտ-բան հեռվից տեսնեն նրա խրոխտ հայացքն ու սարսափած հետ փախչեն:



 



ՀԳ. Եթե մի գեղեցիկ օր կարդանք, որ Հովիկ Աբրահամյանը մարտնչել է արցախյան պատերազմում, ծածկանունը «Թայֆուն», «Չեչեն», «Մոջահեդ» կամ «Շեյթան» է եղել, ուրեմն` գեներալներն էլ իրենց ամբողջ «դուխը» պարպել են ու հազիվ կարողանում են հետեւից փըշտ ասել:



 



Մարգարիտ ՍԱՐԳՍՅԱՆ