Սպանված ազատամարտիկի հարազատները սպառնում են տեռորի դիմել

Սպանված ազատամարտիկի հարազատները սպառնում են տեռորի դիմել

Երեկվա մեր հոդվածը՝ կնոջ եւ դստեր աչքի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված ու երկու օրից հիվանդանոցում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մասին, ցնցել էր բոլորին: Փաստորեն, գործ ունեն «Հարսնաքար 2»-ի հետ: Սպանվածի դին երեկ ընկերներն ու հարազատները հողին հանձնեցին: Բայց նրանց համար պայքարը նոր է սկսվում, նրանք պատրաստ են կյանքի գնով պայքարել, որ արժանի պատժի ենթարկվեն իրենց եղբոր, մարտական ընկերոջ, հոր ու ամուսնու կյանքը դաժանաբար ընդհատած «գազանները»:  «Մենք ապավինելու ենք արդարադատությանը եւ սպասելու ենք վերջին, եթե արդարադատությունը չեղավ այնպես, ինչպես ճիշտն է, մենք կդիմենք տարբեր տեղեր եւ միջոցների»,- ասում է «Սուրմալու» ջոկատի հրամանատար ազատամարտիկ Արթուր Խաչատրյանը, ում ջոկատում է մարտնչել հանգուցյալը:  Ընկերները նրա մասին «լավն» են հիշում ու համոզված են, որ Վարդանը չէր կարող կռիվ հրահրել, մեղավոր լինել:



 



 



«Ինքն աննկարագրելի բարի էր, մի ճանճի չէր նեղացնի, բայց դե, գազանացրած շների ժամանակներ են, ախրաննիկներ, չգիտեմ ինչեր, պարապացրած շան որդիներ»,- ջոկի հրամանատարը դժվարանում է այլեւս խոսել: «Ինքն ընդհանրապես կոնֆլիկտային չէր, շատ հանգիստ, շատ խաղաղ, գրագետ, կարգին մարդ էր, լավ մարտիկ, որը ոչ մի անգամ պրոբլեմ չի ստեղծել, ու ցավում ենք մեծ կորստի համար»,- լրացնում է մեկ ուրիշ ազատամարտիկ՝ նույն  ջոկատից Արթուր Մարգարյանը։ Նա էլ դեռ հույս ունի, որ արդար քննություն կգնա, եթե ոչ՝ այդժամ կխոսեն: Վարդանին բոլոր ընկերներն են այդպես հիշում, ով կյանքն անգամ չէր խնայի ընկերոջ համար: Հիշում են, երբ Լաչինի ազատագրման ժամանակ նրա զինակից, այժմ հանգուցյալ Գագիկ Վարդանյանն ազդոսկրի շրջանում ծանր վիրավորվել է, եւ ջուր կամ սպիրտ չի եղել, որ ցեխաշաղախ ու արյան մեջ թաթախված վիրավորի վերքը մաքրեն ու ցավազրկող ներարկեն, Վարդանը լեզվով մաքրել է կեղտի մեջ կորած ընկերոջ մարմինը, որ սրսկելիս վարակ չանցնի: Վարդանի քույրը՝ տիկին Մարիետան էլ իր հերթին է խոստանում՝ եթե արդարություն չլինի, եւ ծեծող «գազանները» խմբակային հանցագործության համար չպատժվեն, ինքը սեփական ձեռքերով արդարության կհասնի ու «տեռոր» կանի. «Հայաստանում այդ ժամանակ կհայտնվի Մարիետա Թումանյանը, որը տեռոր է անելու»: Հանգուցյալի կինը նույնն է ասում, թեպետ նրան առերեսման ժամանակ սպառնացել են, բայց նա չի վախենում։ «Ջունգլին բոլորն են ճանաչում այս քաղաքում: Նրանք վարձու մարդասպաններ են: Ինքն ինձ ասում էր՝ մի արա, վերեւը մարդ կա... Բայց իրեն դուխ տվողները չեն պատկերացնում, որ մի օր էդ կենդանին իրենց դեմ է դուրս գալու, իրենց երեխաների դեմ է անելու»,- ասում է տիկին Տանյան:



 



 



Նախորդ համարում մենք գրել էինք, որ «Ձի Վարդանին»՝ հանգուցյալին, սեփական տան բակում, հուլիսի 13-ին, դաժան ծեծի է ենթարկել նույն բակից «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը, հոր՝ Բաբկեն Սարգսյանի եւ իր երկու բարեկամների՝ Սարգիս Ղուկասյանի եւ Վիկտորի հետ: Տղաները կարատեիստներ են, «ախրաննիկներ»: Կնոջ եւ դստեր ջանքերը՝ ազատելու Վարդանին նրանց ճանկերից, ապարդյուն են անցել: Նրան դաժանաբար ծեծելուց հետո հանցավոր խումբը հեռացել է՝ կնոջը հորդորելով շնորհակալ լինել, որ դեռ ողջ են թողնում: Իսկ Վարդանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վեճը ծագել է նարդու սեղանի շուրջ: Վերջինի եւ ընկերոջ խաղին ու վիճաբանությանը հետեւող Վարդանը կատակով դիտողություն է արել, թե «ապարանցիները կռվել չգիտեն»: Փոխադարձ ռեպլիկներից վիճաբանություն էր սկսվել: Բաբկենը Վարդանին «թուրք» է անվանել, ինչն էլ թեժացրել էր վեճը: Վարդանը բորբոքվել է, ձեռքով խառնել նարդու խաղաքարերը, Բաբկենը փորձել է խաղատախտակով հարվածել Վարդանին, Վարդանը հրել է: Մի խոսքով, կողմերը բաժանվել են, բայց Բաբկենը, ոխը սրտում պահած, իր տղային ու բարեկամներին է ուղարկել իրենց հոր տարիքի մարդու «հարցերը լուծելու»: Չորս հոգով դաժանաբար ծեծել ու հանգիստ հեռացել են: Վարդանի հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղից նա փախել-եկել է տուն, որտեղ էլ վիճակը վատացել է: Հաջորդ օրը նորից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գլխուղեղի վիրահատությունից հետո մի քանի ժամ անց մահացել է: Բժշկական եզրակացության մեջ նշված է. «Գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարում, գանգուղեղային փակ վնասվածք, դեմքին գլխի փափուկ հյուսվածքների այլազեղումներ, գանգուղեղիկի եւ ուղեղիկի փափուկ թաղանթների արյունազեղումներ», որն առաջացրել է  գլխուղեղի ձախ կիսագնդի հեմորագիկ ինսուլտ, ապա՝ մահ: Այս գործով արդեն քրեական գործ է հարուցված Քրօր. 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով` մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Եվ պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով: Ջունգլը եւ իր բարեկամ Սարգիս Ղուկասյանը ձերբակալված են: Հորը ստորագրությամբ ազատ են արձակել: Ծեծին մասնակցած Վիկտորը փախուստի մեջ է, հետախուզում է հայտարարվել, միջոցներ են ձեռնարկվում նրան գտնելու համար:



 



 



ՀԳ. Նախորդ համարում գրի առնելով սպանվածի հարազատների ասածները՝ գրել էինք, որ հանցավոր խմբի տղաներն «Էլլա» գիշերային ակումբի «ախրաննիկներն» են, երեկ մեզ էր զանգահարել այդ ակումբների ցանցի տնօրեն Խաչատուր Մելիքյանը եւ ասում էր, որ նրանք իրենց ակումբում չեն աշխատում եւ չեն աշխատել:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]