Արթուր Բաղդասարյանը չի ազատվել Մարտի մեկի բարդույթից

Արթուր Բաղդասարյանը չի ազատվել Մարտի մեկի բարդույթից

Ընդամենը 5 տարի առաջ, փետրվարի 21-ին, Արթուր Բաղդասարյանը Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ ստորագրեց քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, եւ նույն օրը Ազատության հրապարակում հավաքված մարդիկ ոտքի տակ տվեցին նրա նկարներով ՕԵԿ բուկլետները: Այսօր Բաղդասարյանը գետնից կրկին հայտնվեց հարթակում: Ճիշտ է, հիմնականում կուսակիցներով էր շրջապատված եւ իր սեփական հեռուստատեսության՝ «Երեւան Թի Վի»- ի աշխատողներով: Ներքեւում եւս հիմնականում ՕԵԿ-ականներ էին՝  Երեւանի տարբեր վարչական շրջանների գրասենյակները ներկայացնող: Եթե նրանք ձեռքերում չպահեին պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «ՕԵԿ Կենտրոն», «ՕԵԿ Նոր Նորք», «ՕԵԿ Ավան», գուցե այնքան էլ տեսանելի չլիներ, որ ՕԵԿ հանրահավաքին հասարակ ժողովուրդ համարյա չկար: Փետրվարի 21-ին Բաղդասարյանի հետ շամպայն խմողներից էլ ոչ ոք նրա կողքին չէր: Գոնե մեկ ներկայացուցիչ այլ կուսակցություններից ոչ հրապարակում, ոչ հարթակում չերեւաց: Չհաշված մի քանի ստատուս գրողներին եւ սեւ փիառ անողներին, որոնց մասին խիստ արտահայտություններ արվեցին հարթակից: Միակ «թշնամին» ընդդիմադիր ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն էր՝ «Նավակ Ճոճողը», որը, հանրահավաքը հարամելու մտադրությունը դեմքին, պտտվում էր առաջին շարքերում, ապա ՕԵԿ նախագահի ելույթի ժամանակ փորձեց «յախք» բառով գրություն փակցնել ամբիոնին, բայց նրան արագ տարան ոստիկանները: Մի տղամարդ էլ միտինգն սկսելուց առաջ գոռաց՝ դավաճաններ, բայց սրան էլ ՕԵԿ-ականները հանգստացրին՝ վրան ջուր շփելով: Հանրահավաքն սկսվեց Հովհաննես Մարգարյանի ճիչերով: «Ո՛չ էլեկտրաէներգիայի թանկացմանը»,- գոռաց նա երեք անգամ, ապա խոստացավ կարճ խոսել, քանի որ, ըստ նրա, ՕԵԿ հանրահավաքի երեկվա օրն ամռան ամենաշոգ օրն էր:



 



Ապա, «միտինգային» կանխատեսում նետելով՝  «թանկացումների շղթա է լինելու, որի արդյունքում սոցիալական ծանր վիճակում գտնվող բնակչությունը կհայտնվի մի անելանելի վիճակում», նա խոսքը փոխանցեց իր կուսակից կոլեգային՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանին: «Սա մեզանից յուրաքանչյուրի հանրահավաքն է»,- ասաց Բիշարյանը՝ վստահություն հայտնելով, որ իրենց հետ են նաեւ այն քաղաքացիները, որոնք հանրահավաքին չեն մասնակցում: Բիշարյանն այս ամռան «ամենաշոգ օրով» էլ ամենաբարձրախոսն էր: Նա ընդգծում էր, որ ՕԵԿ-ը միշտ ժողովրդի կողքին է եղել, նրա սոցիալական հարցերն է բարձրացրել, որ հիմա էլ «զինվորագրվել է հայրենիքի հանդեպ հավատքի ապաքինման գործին»: Սակայն նրա ելույթի «ամենաբիշարյանական» կտորը էլեկտրաէներգիայի թանկացումները ժուլիկ-գրպանահատի հետ համեմատելն էր: «Եթե մեկ անգամ մենք չփակենք մեր գրպանը եւ այդ ժուլիկին ցույց չտանք իրենց իրական տեղը, ապա մեր ամբողջ կյանքում անիմաստ կբողոքենք եւ արդյունքի չենք հասնի: Եկել է մեր գրպանները փակելու ժամանակը»,- «բարձրախոսեց» տիկին Բիշարյանը, եւ շատերը հուզվեցին, այդ թվում նաեւ մենք, քանի որ ակնհայտ է, որ այս անկոտրում, «մաքառող, պայքարող, կռիվ տվող» կնոջ էներգիայի շնորհիվ են այսօր Ազատության հրապարակում մարդիկ երեւում: ՕԵԿ փոխնախագահ, պատգամավոր Մհեր Շահգելդյանի ելույթի ամենավառ արտահայտությունը սա էր. «Շոգը պայքարող ժողովրդին տալիս է էներգիա՝ պայքարելու էլեկտրաէներգիայի սակագների դեմ»: Միտինգավորները մոտ 1000 մարդ էին: Իհարկե, աչքաչափով: Քաղաքական հակառակորդների՝ ընդդիմադիր քառյակի հակաարթուրական գործելակերպը եւս անդրադարձել էր Արթուր Բաղդասարյանի առաջին հանրահավաքի մասնակիցների թվի վրա:



 



Նրա կուսակիցների ելույթներում լսվեցին կսմիթներ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդի հասցեին: «Սեւանա լճից ջուր ենք բաց թողնում Արարատյան դաշտավայրի ժողովրդի համար, որ մարդիկ հանապազօրյա հացը վաստակեն, գյուղացին վճարում է այդ ջրի դիմաց, բայց մինչեւ հասնելը Արարատյան դաշտավայր այդ ջուրը դառնում է էլեկտրաէներգիա: Որտե՞ղ է այն, որտե՞ղ են այդ միլիարդները, թող փակեն այդ ճեղքվածքը: Թող փակեն այդ ճեղքվածքները, ոչ թե գնան Ծաղկաձոր՝ 5-աստղանի հյուրանոցներ, պանսիոնատներ կառուցեն եւ մեկ սուրճ սարքողի փոխարեն երեք սուրճ պատրաստող դնեն եւ փորձեն մեզանում բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը»,- ասաց իր ելույթում Հովհաննես Մարգարյանը: Իսկ Արթուր Բաղդասարյանի ելույթից երեւաց, որ նա դեռեւս չի ազատվել 2008 թվականի մարտի մեկից առաջ ձեռք բերված բարդույթից եւ պահանջ ունի անընդհատ վերապատմելու իր հետ կատարված տհաճ դեպքերը: Երեկ դա կրկին երեւաց, երբ ՕԵԿ նախագահը 100-րդ անգամ սկսեց արդարանալ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու փաստից:



 



2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հետեւյալ զրույցն է ինքն ունեցել: «Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ ինձ ասաց. «Արթուր, դու ընտրություն չունես, կամ պետք է միանաս ինձ, կամ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»»: ՕԵԿ առաջնորդն առաջարկել է համագործակցությունը քննարկել. «Մեր հանդիպումն ավարտվեց ֆրազով՝ երեք օր մտածիր, կասես, ես իմն ասացի»։ Հիշում էր, որ ինքն ընդամենը 1-2 տոկոսով է զիջել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երրորդ տեղը գրավելով, որ Մարտի 1-ի համար մեղավոր են բոլորը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ «Թույնի, ատելության, չարության մոլուցքով օժտված որոշները, ովքեր իրենց հռչակել են ընդդիմադիր, փոխանակ ողջունելու ՕԵԿ-ի վերափոխումն ընդդիմադիր դաշտ, սատարելու մեր կողմից նախաձեռնած պայքարը, զբաղված են չարություն եւ ատելություն սերմանելով ՕԵԿ-ի նկատմամբ»,- ասաց Բաղդասարյանն իր քաղաքական հակառակորդների մասին: Նախագահի մասին ասաց. «Սերժ Սարգսյանի հետ եղել ենք ընկերներ, եւ նա ինձ չի ասել դուրս գալ իշխանությունից, առաջարկել է շարունակել պաշտոնավարել, բայց ես հեռացել եմ՝ իմ երազած երկիրը կառուցելու համար»:



 



Նա հայտնեց, որ վերջերս այցելել է մարզեր եւ շատ դժգույն ու ծանր տպավորություն ստացել, տեսել է, որ «Հայաստանը դատարկվում է ահագնացող տեմպերով»: «Հայրենիք ենք կորցնելու»,- զգուշացրեց Արթուր Բաղդասարյանը, սակայն ոչ մի նոր բան այդպես էլ չասաց: Նոր չէր նաեւ իրավիճակից դուրս գալու նրա «գործողությունների ճանապարհային քարտեզը»՝ պայքար կոռուպցիայի դեմ, հարկային եւ սոցիալական քաղաքականության փոփոխություն, տնտեսության վերականգնում:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ