Հայաստանը չի հրաժարվի Եվրասիական միությունից

Հայաստանը չի հրաժարվի Եվրասիական միությունից

Երբ մոտ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անշրջելիորեն, անմնացորդ ու վերջնականապես հանձնվում է Ռուսաստանին, գնում է Մաքսային միություն, իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու իշխանամետները եւ հայաստանյան ռուսասեր ընդդիմության բազում ներկայացուցիչներ «դամ պահեցին», որ դա Հայաստանի ռազմավարաքաղաքական անվտանգության տեսանկյունից լավագույն որոշումն է, դա անվտանգության բարձիկն է, որը տրվում է տարածքային կոնֆլիկտ ունեցող մեր երկրին: Ռուսահպատակության քաղաքականության տակ տեւական ժամանակ է՝ քողարկվում էր նաեւ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու փաստը: Ամիսներ անց, ինչպես սպասելի էր, «փուչիկը» պայթեց՝ սահմանային գնդակոծությունների արդյունքում, իսկ նախապատերազմական վիճակին Ռուսաստանի արձագանքն ուղղակի ծիծաղելի է, ով «երկու կողմերին» կոչ է անում չխախտել հրադադարի ռեժիմը, սա այն պարագայում, երբ ՀԱՊԿ գծով Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Առավել զարմանալի է Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, ով ստեղծված իրավիճակում էլ հայտարարել է, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող դրվել հարցականի տակ:




ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հորդորեց դեպքերից առաջ չընկնել։ «Սպասեք, համբերեք մի երկու օր, այդ հանդիպումն էլ կլինի (նկատի ունի Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը՝ Լ. Շ.), եւ ադեկվատ պատասխաններ կկարողանանք տալ եւ քննարկման առարկա ձեր հարցը դարձնել: Եվ հետո՝ մենք դեռ չենք անդամագրվել այդ միությանը, դուք արդեն ենթադրություններ եք անում»,- վրդովվեց Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ինչով են բացատրվում անվտանգության մասին խոստումներն ու ստեղծված իրավիճակի հակասությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը խորհուրդ տվեց մեզ մոտ ստեղծված իրավիճակը չառանձնացնել աշխարհաքաղաքական զարգացումներից. «Նայեք Ուկրաինայի, Սիրիայի իրավիճակները, սա մի ամբողջ աշխարհաքաղաքական պրոցես է, եւ մենք պետք է աշխատենք այնպիսի քաղաքականություն տանենք, որ այդ պրոցեսի կրկնություն մեզ մոտ չլինի: Այսինքն՝ այս ամենը միայն մեզանով պայմանավորված չէ, մի անտեսեք նաեւ, որ Մինսկի խմբում էլ արդեն ընդհանրություն չկա, եւ երկուսը մեկի նկատմամբ՝ Ռուսաստանի, արդեն սանկցիաներ են կիրառում: Իսկ ինչ վերաբերում է, որ Մաքսային միություն ընդունվելով մենք երաշխավորում ենք մեր անվտանգությունը, այո, այդ փաստաթուղթը դեռ լիարժեք չէ, եւ առաջիկայում դեռ կանդրադառնանք դրան»: Նախագահների հանդիպմանը տարածքների վերադարձի եւ ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման մասին հավանական փաստաթղթի ընդունման մասին է խոսվում, հնարավո՞ր է հենց այդպես «լուծվի» մեր անվտանգության խնդիրը։ «Այդ հանդիպումից, բացի դրականից, ես բացասական ոչինչ չեմ ակնկալում եւ վստահ եմ, որ ընդհանուր հայտարարի կգան այս կիսապատերազմական վիճակից դուրս գալու համար»,- բուն պատասխանից խուսափեց Վահրամ Բաղդասարյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցինք նախապատերազմական իրավիճակում Սերժ Սարգսյանի եւ պետական պատկան մարմինների լռության պատճառների մասին. «Երբ նախագահի մամլո խոսնակը հստակ արտահայտում է տեսակետ... Ամեն օր չի, որ Արման Սաղաթելյանը տեսակետ է հայտնում, իսկ երբ հայտնում է, ուրեմն դրա կարեւորությունը զգացել են»: Ի դեպ, Նիկոյանն անվտանգության երաշխիքների մասին նկատում է, որ խոսքը տնտեսական անվտանգության մասին է եղել։



 




ՀՀԿ-ին ռուսասիրությամբ չզիջող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ընդդիմությունը միավորվի իշխանությունների դեմ՝ Եվրասիական միությունից հրաժարվելու կոչով, քանի որ վերջինը հավատարիմ չէ ռազմավարական գործընկերության կանոններին։ «Ստեղծված իրավիճակը արտաքին քաղաքական ասպարեզում մեր ունեցած վրիպումների հետեւանքներն են»,- ստեղծվածի ողջ մեղքը ԲՀԿ-ական պատգամավորը գցեց իշխանությունների վրա: «Վրիպումները Մաքսային միության անդամակցության եւ Ռուսաստանի ճնշումների արդյունքում չարձանագրեցի՞նք» մեր ճշտող հարցին ԲՀԿ-ականը բացասական պատասխան տվեց եւ ասաց, որ պատճառը մեր «անվստահելիությունն» է. «Երբ կարճ ժամանակում մի կառույցի ճանապարհից մյուս կողմ ես թռնում, մեկի հետ գնում ես հարաբերությունների, հետո փոխում ես ու թեքվում մյուսի կողմը, դու դառնում ես ոչ կանխատեսելի, ոչ հուսալի: Միջազգային ատյաններում մեր թուլացումն էլ հենց այդ հանգամանքով եմ պայմանավորում: Եթե ի սկզբանե գնայինք Ռուսաստանի ուղղությամբ, մեր դիրքերն ավելի ամուր կլինեին»: Մարգարյանը թեպետ չի բացառում, որ Ադրբեջանի ներքին խնդիրներով է այս վիճակն ստեղծվել, «կամ էլ ուղղակի ուզում են մեր սահմանները զոնդաժ անել»:



Լուսինե



ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]