Ինչո՞ւ են բոլոր պատգամավորները հանգստանում, իսկ Մարուքյանը՝ աշխատում

Ինչո՞ւ են բոլոր պատգամավորները հանգստանում, իսկ Մարուքյանը՝ աշխատում

Հայաստանի խորհրդարանի անկախ պատգամավորներից մեկը՝ վանաձորցի Էդմոն Մարուքյանն այս օրերին պատգամավորի «անհետացող տեսակ» է հիշեցնում, որովհետեւ մինչ ԱԺ-ն ու հայրենի երեսփոխանները հանգստանում են ու կարծես չքվել են երկրի երեսից, եւ միայն հատուկենտ հարցազրույցները, որոնք տալիս են ռոումինգ արած հեռախոսներով, հիշեցնում են պատգամավորների գոյության մասին, Էդմոն Մարուքյանն այս ամառվա ճռճռան շոգին ակտիվ հանդիպումներ է ունենում իր ընտրողների հետ, լսում նրանց խնդիրները եւ ֆեյսբուքյան իր էջով դիմում իր «գործատուներին» (թիվ 30 ընտրատարածքի)՝ Վանաձոր, Շահումյան եւ Գուգարք համայնքների բնակիչներին՝ առաջարկելով հանդիպել եւ ներկայացնել իրենց խնդիրները: «Սիրելի գործատուներ, ինչպես գիտեք, մինչեւ օգոստոսի 15-ը Ազգային ժողովն արձակուրդի մեջ է, եւ ես, օգտվելով այդ առիթից եւ այս օրերին լինելով Վանաձորում, հաշվետու հանդիպումներ եմ անցկացնում ընտրատարածքի բնակիչների հետ` ծանոթանալու ընտրատարածքի բնակիչների խնդիրներին, ստանալու առաջարկություններ եւ քննադատություններ:



 



Ինձ հետ կարող եք հանդիպել ամեն օր, իմ գրասենյակում՝ նախապես գրանցվելով 2-48-49 հեռախոսահամարով կամ այցելելով Տիգրան Մեծի 63/18 հասցեում գտնվող գրասենյակ: Հանդիպումները կշարունակվեն նաեւ թաղամասերում, համայնքներում եւ ընտրատարածքում գործող հիմնարկություններում»,- գրել է նա ու արդեն հասցրել այցելել մի քանի դպրոցներ, լինել Բաթումի փողոցում, եւ այս ամենն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել Ֆեյսբուքի իր տարածքում: Չար լեզուներն ասում են, թե անկախ պատգամավորի «անհանգստությունը» տեղին է, երբեմն-երբեմն նրա ոչ ընդդիմադիր քվեարկություններն ու վարքը, մտերմությունը հանրապետականների հետ գցել է նրա վարկանիշը սեփական ընտրողների մոտ, եւ հիմա դա վերականգնելու փորձեր է անում: «Ճի՞շտ է»,- հարցրինք Մարուքյանին։



 



«Ոչ, ավելին՝ իմ վարկանիշը բարձրացել է»,- վստահ հակադարձեց նա: «Իսկ հանդիպումները պայմանավորված են այն հանգամանքով, որ մինչ ընտրվելը ես խոստացել եմ, որ պարբերաբար հանդիպելու եմ, չեմ անհետանալու, լսելու եմ խնդիրներն ու առաջարկները: Ես ընտրություններից անմիջապես հետո՝ 2012թ. օգոստոսին էլ եմ հանդիպումներ անցկացրել, 2013թ. օգոստոսին էլ եւ հիմա էլ շարունակում եմ նման հանդիպումների շարքը: Ավելին՝ ձմռան ամիսներին էլ հիմնարկ-ձեռնարկություններում եմ հանդիպում, սա նոր բան չէ, եւ իմ կայքը նայելով՝ կարող եք համոզվել: Իմ վարկանիշը շատ բարձր է, եւ այդ առումով ընդհանրապես խնդիր չկա, այլ մարդկանց հոգսերով ու խնդիրներով ապրելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, որ խնդիրը որ մարմի լիազորությունների շրջանակում է, որտեղ լավ չի իրականացվում կամ չի իրականացվում, ու հետո ձեռնամուխ լինենք դրանց լուծմանը: Դուք տեսնում եք, որ Վանաձորի հետ կապված չկա մի խնդիր, որ ես բարձրացրած չլինեմ ԱԺ-ում»:



Բայց ԱԺ-ում ընտրություններից հետո երկու տարիների ընթացքում շատերն են տեսել Մարուքյանի՝ ՀՀԿ-ի հետ համահունչ քվեարկությունները, վերջին թարմ օրինակը՝ նա ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի նման կողմ քվեարկեց 2013-2017թթ. բյուջեին, իսկ Մարուքյանի անկախությունը կասկածի տակ առնող առաջին փորձությունը եղավ երկու տարի առաջ՝ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը նա էլ մասնակցեց, երբ ոչ իշխանականները եւ ՀՀԿ-ից ոմանք բոյկոտել էին, եւ վտանգ կար, որ ՀՀԿ-ն քվորում չի ապահովի: Հիմա, երբ ՕԵԿ-ը չկա, առավել եւս անհրաժեշտ է նրա մեկ ձայնը ՀՀԿ-ին: «Իմ գործողությունները որոշ դեպքերում կարող են համընկնել որոշ խմբակցությունների որոշումների հետ: Ի սկզբանե ես հայտարարել եմ, որ իմ «կողմը» պետք չի դիտարկել քաղաքական մեծամասնության «կողմի» շրջանակներում եւ իմ «դեմը»՝ քաղաքական ընդդիմության»,- ժամանակին ասել էր Մարուքյանը, ով հիմա էլ մոտավորապես նույն պատասխանն է տալիս: Մարուքյանի մասին բամբասանքների տեղիք է տալիս նաեւ նրա եւ ՀՀԿ ֆրակցիայի երիտասարդ պատգամավորների մտերմության փաստը: Հաջորդ ընտրություններին այլ՝ ոչ անկախ կարգավիճակով, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀԿ ցուցակով մասնակցելու մասին մեր հարցին պատգամավորը պատասխանեց. «Հաջորդ ընտրություններին մոտ 3 տարի կա, եւ այդ տարիներին բազմաթիվ բաներ կարող են փոխվել, ավելին՝ կարող է ընդհանրապես մեծամասնական ընտրակարգը չլինի, այս առումով ես ոչ թե հաջորդ ընտրությունների մասին եմ մտածում, այլ մտածում եմ այն վստահության, այն խոստումների մասին, որ ինձ տվել են, եւ ես դա եմ փորձում արդարացնել: Երբ որ կգա հաջորդ ընտրությունների ժամանակը, մենք էդ ժամանակ կորոշենք։ Ես մենակ չեմ, կա թիմ. այստեղ՝ Վանաձորում, կան մարդիկ, որոնք իմ կողքին են մինչ այսօր, եւ կքննարկենք, կորոշենք:



Ես չեմ բացառում ոչ նույն ձեւով առաջադրվելը, չեմ բացառում ոչ ինչ-որ ցուցակ մտնելը եւ չեմ բացառում, որ ինչ-որ կուսակցություն ստեղծվի, որի մեջ ես կմտնեմ»:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]