Ինչու Վանաձորում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք սահմանվեց 1000 դրամը (տեսանյութ)

Ինչու Վանաձորում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք սահմանվեց 1000 դրամը (տեսանյութ)

Վանաձորի ավագանին, սահմանելով 2015 թվականի տեղական վճարների ու տուրքերի դրույքաչափերը, որոնք կգործեն արդեն հունվարի 1-ից, ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանեց 1000 դրամ:



«Մեկ էլ մեր քաղաքացիներից գալիս և ասում են՝ իմ շանը խփել են: Եթե դա ընտանի շուն է, ինչ գործ ունի այգում, փողոցում, որը նաև կարող է էս կամ էն քաղաքացուն վախեցնել չէ: Դրա համար հիմա նաև ինֆորմացիա ունենալու համար, թե ինչքան ընտանի կենդանիներ կա մեր քաղաքում, մեր քաղաքացիների կողմից, դրա համար մենք 1000 դրամ տուրք ենք սահմանում՝ ըստ մեկ ընտանիքի, թե քանի ընտանի կենդանի ունի: Հիմնականում մենք չենք էլ կարող ասել՝ էդ մարդիկ կատու ունեն թե չունեն, բայց կով, ոչխար, ասենք խոզ՝ էդ ընտանի կենդանիների համար մենք կարող ենք տուրք սահմանել և հավաքագրել»,-ավագանու հաստատմանը ներկայացված նախագծի այդ կետը փորձեց հիմնավորել քաղաքապետ Սամվել Դարբինյանը:



Քաղաքապետի ասելով՝ կոնկրետ ընտանի կենդանիների համար սահմանվող տուրքն անհրաժեշտ է հաշվառում կատարելու, նաև, նրա խոսքով, «խցանումներ» հայտնաբերելու նպատակով: «Հետո նաև ասեմ՝ կոյուղիների հիմնական խցանումները էդ ընտանի կենդանիներ պահողների կողմից ա ստացվում: Երբ որ իմանում ենք էդ թաղում ով ընտանի կենդանի ունի, խցանումները արդեն գտնում ենք, այսինքն նրանք իրենց գոմերի կոյուղին միացնում են ընդհանուր կոյուղագծին, որի իրավունքը չունեն, և սկսվում ա վթարային վիճակը»: Ավագանու անդամների դիտարկմանը, որ 1000 դրամով, սակայն, չի լուծվում այդ հարցը, քաղաքապետը հակադարձեց, թե «ոչ թե դրա հարցն ա լուծվում, այլ գտնում են որտեղ կա»: Այդ դեպքում ավագանու անդամներից մեկն առաջարկեց 1000 դրամի փոխարեն սահմանել 0 դրամ: Բայց քաղաքապետը, իր հիմնավորումներն ավարտելով, քվեարկության դրեց նախագիծը, որն ընդունվեց ավագանու կողմից:



Ադրինե Թորոսյան