Վանաձորի բյուջեն գոյանում է տատիկ-պապիկների թոշակներով (տեսանյութ)

Վանաձորի բյուջեն գոյանում է տատիկ-պապիկների թոշակներով (տեսանյութ)

Վանաձոր համայնքի տարածքում 2015 թվականի հունվարի 1-ից մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվեց 15 հազար դրամ:



Ավագանու անդամներից միայն Արմեն Մատինյանը հարց բարձրացրեց այս կապակցությամբ՝ առաջարկելով դրույքաչափը սահմանել գոնե հարևան քաղաքներին հավասար՝ համեմատության համար նշելով, որ Երևանում և Գյումրիում այն 10 հազար դրամ է: Ծխախոտի և խմիչքի դրույքաչափերը նույնպես, նրա խոսքով, նշված քաղաքաներում ավելի ցածր են, քան Վանաձորում:



Ի պատասխան ավագանու անդամի առաջարկությանը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասաց, որ բյուջեի հավաքագրման և ծախսային մասում անհրաժեշտ է «շատ լուրջ մոտեցնումներ ցույց տալ»: Թե հատկապես որոնք են այդ մոտեցումները, քաղաքապետը չնշեց, բայց փոխարենը՝ հանրությանն ուշագրավ տեղեկություն հաղորդեց համայնքային բյուջեի հավաքագրման վերաբերյալ: «Երևի դուք տեղյակ չեք, ես քաջատեղյակ եմ, սովորական խավը շատ արագ մուծումներն անում են: Այ եթե մեկ-երկու օր ուզեք իմ ասածին համոզվեք, կարող եք գալ և հավաքագրման բաժնում տեսնել, որ տատիկները, պապիկները իրենց թոշակը, իրենց նպաստը ստանալուն պես բերում և իրենց մուծումներն անում են: Հիմնական չմուծողները էն մարդիկ են, ովքեր շքեղ մեքենաներ են քշում, ովքեր ավելի շքեղ տարածքներ ունեն, ռեստորաններ ունեն և իրենց հողի հարկը, գույքահարկը շատ դժվար են տալիս: Ոչ թե հնարավորություն չունեն, այլ չեն ուզում տան: Եկեք 2 ժամ ընդեղ կանգնեք և կտեսնեք, էն սովորական քաղաքացիները, որոնք հաշված դրամներով են ապրում, նրանք շատ ավելի պարտաճանաչ են իրենց մուծումներն անում, քան տաքսիների կամ մնացած ավելի մեծ հնարավորությունների տեր մարդիկ, որոնք կարող են մուծել, պարզապես չեն ուզում մուծել»,- ասաց քաղաքապետ Դարբինյանը:



Ադրինե Թորոսյան