Ֆեյսբուքի դարը

Ֆեյսբուքի դարը

11 տարի առաջ, 2004 թվականի փետրվարի 4-ին հիմնադրվեց Ֆեյսբուքը: Մարկ Ցուկերբերգին սկսեցին համեմատել Էյնշտեյնի ու Գանդիի հետ: Ջահել տղու համար հեչ վատ չի: Ֆեյսի առաջին օրերի մասին հազարումի լեգենդ են պատմում, ինչպես հիմա` ինչ ասես, որ չես լսի… Հա, գլխավորը, ասում են՝ սկզբում Ֆեյսը նախատեսված էր աղջիկ կպցնելու համար: Հարվարդի համալսարանի ուսանողները պայմանավորվում, փարթիների էին գնում, կազմակերպվում` տնային աշխատանքներ էին անում, հետո մեջտեղ ընկան ինտրիգները, սկսվեց աշխարհի գրավումը: 2007 թվականից կիրառվեցին Ֆեյսբուքի ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն տարբերակները… Ու գնաց… Ֆեյսի խելագարված ու ահեղ ալիքը ողողեց մոլորակը, լցվեց նրա բոլոր անմատչելի ու մութ խորխորատների մեջ: Ֆեյսը տիրեց աշխարհին: Աշխարհն ամփոփվեց նրա մեջ:



2012 թվականի հոկտեմբերի տվյալներով, Ֆեյսբուքն արդեն ուներ 1 միլիարդից ավելի ակտիվ օգտատեր, թարգմանված է ավելի քան 70 լեզվով: Հայաստանյան օգտատերերի քանակը 2013 թվականի ապրիլին կազմում էր շուրջ 440 հազար:
Ուրեմն Ֆեյսն ամենակարճ ժամանակում փոխեց մարդկության կեցության ռիթմը ու ընդհանրապես փոխեց ամեն ինչ… Գուցե ատոմային ռումբից հետո միակ «համարժեք ու նշանակալի» զենքն այս ցանցը դարձավ, որովհետեւ հենց հիմա նրա մեջ են ապրում միլիոնավոր մարդիկ, նրա միջով են սահմանում աշխարհը, սահմանում են իրենք իրենց: Օր օրի իրականությունը գնալով զիջում է Ֆեյսին:



Այսուհետ մարդկային փորձառությունը կազմավորելու է եւ արդեն կազմավորում է ոչ թե բովանդակ իրականությունը, այլ դրա սինթետիկ վերարտադրությունը` հիշողությունից զուրկ, ամուլ լրահոսը, միլիոնավոր ստատուսները, լուսանկարները, նշանները, չատերը… Սյուրռեալիստների առաջնորդի` Անդրե Բրետոնի երազած ապակե տունը, որի մեջ ապրող մարդու կյանքի ամբողջ պատմությունը բոլորի աչքի առաջ պիտի անցներ, այսօր արդեն իրականացել է: Միայն մի քանի բան թերեւս լիարժեք թափանցիկ չէ (ասենք՝ մարդկային ինտիմ հարաբերությունների ցուցադրությունը)... Բայց ժամանակի հարց է:



Ֆեյսն ասես տիեզերական կոմունա լինի, առաջին հայացքից առանց սահմանների, առանց սահմանափակումների… անտունների համար հավերժական տուն… ընտանիք չունեցողների համար բազմամիլիոն անդամներով ընտանիք: Տարիների ընթացքում Ֆեյսն ստեղծեց իր մարդկանց, իր Արիստոտելներին, իր Կյուրիներին: Ստեղծեց ու կործանեց… Հիմա՛ էլ ստեղծում է ու կործանում: Ֆեյսում բազմաթիվ հետաքրքիր մարդիկ (արվեստագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հեղափոխականներ) վերածվեցին հիմարների, իսկ հիմարները վերածվեցին փայլող աստղերի ու մարդկային գիտակցությանն ուղղորդող գաղափարական առաջնորդների… (եւ ոչ ոք թող չասի, որ դա խելքի նշան է… դա հենց հիմարության նշան է):



Ովքեր սիրում են Ֆեյսն ու ապրում են Ֆեյսում, շատ չեն սիրում իրենց «տունը» քննադատողներին ու մերժողներին: Եվ հակառակը. քննադատողներն ու մերժողները շատ չեն սիրում ֆեյսբուքաբնակներին ու սրճարաններում շատ ժամանակ խուսափում են այս թեման շոշափելուց:
Ֆեյսը 21-րդ դարի ամենահզոր կրոնն է լինելու: Զեւսը, Եհովան, Հիսուսը, Բուդդան, Մուհամմեդը… նաեւ Չոմսկին, Ֆուկոն, Դերիդան ու Ժիժեկն արդեն պարտվել են նրան: Ֆեյսը մեր աշխարհի նոր, անփոխարինելի ու վերապահորեն ընդունված մարգարեն է: Մի մարգարե, որի անունն ամեն օր մեր շուրթերին է, որն ամեն օր մեր մեջ է:



Եվ Ֆեյսն ունակ է ամեն ինչի… այստեղ դու կարող ես մեռնել ու հարություն առնել… կարող ես ճիգ ու ջանք թափել, որ քեզ պաշտելու չափ սիրեն ու պաշտելու չափ ատեն… կարող ես ամեն րոպե ինքդ քեզ վստահեցնել, որ դու կարեւոր մարդ ես, եւ համոզվես, որ ոչինչ ես… կարող ես գտնել անթիվ-անհամար ընկերներ ու կորցնել այդ անթիվ- անհամար ընկերներին… կարող ես սպանել մարդկանց ու սպանվել, հետո դառնաղի արցունքներով ներողություն խնդրել սպանվածից, նորից սաղացնել նրան… կարող ես հեշտությամբ քո սիրած մարդուն ատել ու հեշտությամբ սիրել քեզ համար այդ ատելիին ու նողկալիին… թեպետ մի քանի բան չես կարող անել (ասենք` զուգարան գնալ, լողանալ, սափրվել, սեքսով զբաղվել)… Բայց սա նույնպես ժամանակի հարց է, ամեն ինչ կշտկվի…



Շատերն են ասում, որ Ֆեյսը մարդկության պատմության մեծագույն ձեռքբերումներից է, եւ աշխարհում կան ավելի քիչ մարդիկ, որոնք Ֆեյսին մարդկության պատմության մեծագույն չարիքներից են համարում: Ինչ էլ ասեն… Ֆեյսի անխուսափելիությունն այլեւս փաստ է: Ոչ ոք ի զորու չէ շրջանցել նրան: Ցանցը կլանել է աշխարհը: Բոլորն այստեղ են` Դանթեից սկսած, Միկի Մաուսով վերջացրած: Եթե քեզ թվում է, թե Ֆեյսում «Դու» չկաս, չարաչար սխալվում ես. «Դու կաս»` որպես լրահոսի նյութ, որպես ստատուսի թեմա, որպես լուսանկար: Կաս նրանց մեջ, կաս նրանց միջով, ովքեր ճանաչում են քեզ… ու կյանքն ու Ֆեյսն արդեն հավասարվում են իրար… ու մեկ-մեկ կյանքը պարտվում է Ֆեյսին, քանզի եթե Ֆեյսում չկաս, արդյոք դու ապրո՞ւմ ես… այս հարցին դժվար է պատասխանել…



Մեծ հաշվով, ժամանակակից մարդուն Ֆեյսը «խաղաղություն ու վստահություն» պարգեւեց (թեկուզ առանց չակերտների): Որովհետեւ եթե «ոչինչ էլ չկա», Ֆեյսը միշտ իր տեղում է… միշտ գրկաբաց իր գիրկը կառնի` ինչքան էլ որպես զավակ անառակ լինես: Ժամանակակից մարդն առավոտյան ու երեկոյան այլեւս կարիք չունի իր եղած ու չեղած ժամանակն ուրիշ բանով լցնելու… … Կա Ֆեյսբուքը, եւ սա նրա դարն է լինելու, ու ոչ ոք չգիտի, թե քանի դար է տեւելու այս նոր Աստծո, կրոնի, Ուրիշ կյանքի ոդիսականը…
Ուրեմն վերջին անգամ.
Ողջույն Ֆեյսում փտող բոլոր կենդանի դիակներին:
Ողջույն բոլոր ֆեյքերին, բոլոր օֆլայն-օնլայններին:
Ողջույն բոլոր ջնջվողներին, սառեցված ու վերականգնված հաշիվներին:
Ողջույն Ֆեյսը պաշտողներին ու ատողներին:
Ողջույն այս ուրվական-նավի առագաստներին:
Եվ ցտեսություն, ցտեսություն: