Սթափվեք

Սթափվեք

Մոսկվայում տարիներ առաջ հանգրվանած հյուրս, որ կարճ ժամանակով Հայաստան է եկել, արձանագրել է, որ շուրջբոլորն արտագաղթի ծրագրեր են կառուցում: «Ում լսում ես, ասում է՝ գնում եմ կամ գնալու եմ»:



Այս իրավիճակից տագնապած՝ հատուկ եկել է խմբագրություն, որ ասի՝ ժողովուրդ, հազար անգամ չափեք, նոր եկեք Ռուսաստան աշխատելու: Պատմում է, թե այս տարիներին ինչ ողբերգությունների է ականատես եղել Ռուսաստան մեկնած հայերի շրջանում: Ցավ է ապրել՝ տեսնելով, թե ինչպես են հայկական ընտանիքները քանդվում: Մղկտացել է՝ տեսնելով, թե ինչ «շան տանջանք» են քաշում խոպան մեկնած հայերը: Ինչ անմարդկային պայմաններում են ապրում, ինչքան նվաստացում ու զրկանքներ են տանում, ինչպես են անխնա շահագործման ենթարկվում գործատուների կողմից: Ինչպես են գրոշներ ստանում այն աշխատանքի դիմաց, որը տասնապատիկ ավելի արժե: Ինչպես են ամեն քայլափոխի կաշառք տալիս տարբեր չինովնիկների: Ինչպես են օրերը հաշվում, թե երբ են տուն վերադառնալու: Ինչքան են կարոտում տնեցիներին եւ ինչ ապրումներ են ունենում ամեն անգամ տուն զանգելիս ու հարազատների դժվարությունների մասին լսելիս: Վերջապես. ինչ փորձանքների մեջ են ընկնում՝ խաբվում, փոքրիկ զանցանքների համար բանտ ընկնում, վաստակածը կորցնում: Այնպես, որ մի բան էլ տնից փող են ուզում, որ հետ գան հասնեն իրենց ընտանիքին:



«Եկել եմ ասեմ՝ ժողովուրդ, գլխակորույս մի նետվեք այդ հորձանուտը: Փորձեք մեր երկրում աշխատանք գտնել: Այն չարքաշ գործը, որ անում եք օտարի երկրում, այստեղ էլ կճարվի, եթե մի քիչ ջանք թափեք: Ավելի լավ է դրա կեսը վաստակեք ձեր հողում, քան անկանխատեսելի իրավիճակների մեջ հայտնվեք: Մի խաբվեք սրա-նրա սուտ պատմություններին, Ռուսաստանն Ավետյաց երկիրը չի, եւ երկնքից մանանա չի թափվում»: