Սիրո գաղափարը՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնի առանցքում

Սիրո գաղափարը՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնի առանցքում

Փետրվարի 14-ին կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների ու ստացել կինոքննադատների բարձր գնահատականը:Ցուցադրվող բոլոր ֆիլմերն էլ պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին:



Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում` Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Երեւանում 7 օր շարունակ ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» եւ «Սինեմա սթար» կինոթատրոններում, ապա երեւանյան ցուցադրությունից հետո, կներկայացվեն Դիլիջանում, Արարատում եւ Արմավիրում:



Բոլոր ցուցադրությունների մուտքը կլինի ազատ: Փառատոնի անփոփոխ կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանիայի դեսպանատունը: