Հայկական սեքսի ավարտը

Հայկական սեքսի ավարտը

«Աշխարհըս մէ փանջարա է»:
Սայաթ-Նովա



-Կեղտ են, կեղտ...,- խաղաղ առավոտի մեջ ժայթքում էր Դավիթի ձայնը:
Փրփուրը բերանը տված` գալիս էր: Կատաղությունից դողում էր: Ձեռքերն առաջ պարզած եւ, որ կարեւոր է, մի ձեռքի մեջ այրվող սիգարը պահած՝ կույրի պես տոտիկ-տոտիկ առաջանում էր:
-Կեղտ են, կեղտ...,- ասում էր:
Եվ այդպես ամեն առավոտ. մեզնից շուտ գալիս, մեզնից ուշ գնում էր: Մեր գործն արծաթ ծախելն էր, նրա գործը՝ հայհոյելը:
- Լլլիվո՛ն ջան...,- սովորաբար ինձ մոտենալիս կտրուկ կերպարանափոխվում էր, թույլ, բարակ ձեռքը մեկնում ինձ.
- Լլլիվո՛ն ջան, բբբարեւ,- ողջունում էր:
Թե ինչու էր իմ նկատմամբ սիրալիր, ես էլ չգիտեի, բայց ակնհայտ էր, որ ես նրա համար «Լլլիվոն ջան» էի:
- Կեղտ են, կեղտ,- մեկ էլ անծանոթ մարդու կողքին անպատեհ ժայթքում էր: Բանից անտեղյակ՝ թշնամանքով նրան էին նայում: Մենք չլինեինք՝ կարող է եւ բերանը ջարդեին: Հայացքով հասկացնում էինք բանի էությունը: Դավոյին կարելի էր: Դավիթը մեզ համար անկոչ հյուր չէր: Ընդմիջման սեղանից երբեմն մի բաժակ օղի ու մի կտոր հաց էինք հյուրասիրում: Նա դողդոջուն ձեռքով բաժակն առնում էր ձեռքը:
- Շշշընորհակա... կա... լություն, հա՞,- հարցական նայում էր մեզ:
Մեր քաջալերող հայացքը բռնելով` կոնծում էր:
Անո՜ւշ,- ասում էինք ու հաց, պանիր կամ երշիկեղեն առաջարկում:
Վաղորդյան շողերի մեջ ծաղկում էր օրը: Էդ օրն էլ սկսվել էր Դավիթով: Եղանակը պայծառ էր: Հուսով էինք, որ գործն էլ մեզնից երես չի թեքի: Մանավանդ որ դիմացից ոգեշնչում էին: Մեր դիրքը լայն «փանջարա» էր աշխարհի վրա բացված: Մի տռուզ հետույք էր անցնում, որ գլոբուսի պես գլորվում էր Վերնիսաժով: Աբոն, թե.
Է՛յ, աշխա՛րհ, աշխա՛րհ... մեզ փայ չկա աշխարհից...
Հայկոն էլ, թե.
-Գործ ա, է, գործ...
Մարկոսն էլ, թե.
-Գործ չի` գործարան ա...
Վահագն էլ՝ թթված մռութով.
-Կղկղանքի՞...
Արմենն էլ.
- Սենց ա ըլնում, էլի, որ համը դուրս ա գալիս...
- Կեցցե՛ հայկական սեքսը...
Կարոն էր գալիս՝ բանից անտեղյակ: Ձեռքի պլակատն էր պակաս: Ասենք, դրան տեղ չկար: Մանկական սայլակը նրա համար ամեն ինչ էր: Սայլակի մեջ իր ձեռքով բարուրած լահմաջոներն էին` սառնարանում պաղեցրած թանի շշերով: Կլոր ընդերքից տաք գոլորշին բարձրանում, տարածվում էր օդի մեջ: Առավոտը համեմված էր թխված հացի, մսի կարմիր շաղախի ու դարչնագույն պղպեղի ախորժալի բույրով:
Փորձե՛ք, զգացե՛ք համը,- աջ ու ահյակ պտտում էր թխված բլիթները,- հո լահմաջո չի, կայֆ ա, սեքս ա, սեքս, հեշտալի, հայկական սեքս:
Ու մեր փոխարեն ասես մտովի վայելում էր մսեղեն թխվածքը: Պետք է կարծել, որ տաք պատառները բերանում հալվում ու քիմքից բորբոքում էին երեւակայությունը` տեղի տալով ստամոքսային օրգազմի: Լահմաջոն թանով է մարսելի: Կարոն դրա տեղն էլ գիտեր:
Էս էլ սառը թանը,- սայլակի ետնամասից հանում էր թանի սառցակալած շշերն ու մոտեցնում «պապակ» շուրթերին,- վերցրե՛ք, բերա՛ն առեք, սեքս ա, սեքս՝ թարմ, սառը, զով, օրալ սեքս...
Քսան տարի է՝ Վերնիսաժում եմ, եւ քսան տարի շարունակ նա լահմաջո էր վաճառում ու փառաբանում հայկական սեքսը: Առաջին անգամ որ նրան տեսա, սպիտակ կոստյումով էր, նույնքան սպիտակ վերնաշապիկով` կարմիր փողկապը վարդի պես հյուսած պարանոցին: Կյանքը վայելք էր ու վարդատոն: Տոնականորեն զարդարուն շիտակ մարմինը սեր էր, հույս ու հավատ լույսով ու մթով խառն էն օրերում: Կարոն լահմաջոյով բեռնված մանկական սայլակով անցավ Հայոց համազգային շարժման միջով, սոցիալիզմից դեպի կապիտալիզմ տանող ճանապարհով, Ղարաբաղյան պատերազմով, քաղցի ու ցրտի պարունակներով, կտրեց-անցավ լույսն ու մութը, ցույցերն ու երթերը, անկախն ու կախյալը, տխրեց եւ ուրախացավ, ազատագրվեց ու շրջափակվեց, հարստացավ ու աղքատացավ, լքվեց ու լլկվեց, ոգեւորվեց ու հիասթափվեց, բայց երբեք չկորցրեց հավատը հայկական սեքսի նկատմամբ: Նախկին սայլակն առջեւը գցած՝ անցնում էր Վերնիսաժով: Շատ բան հնացել էր, շատ բան՝ նորացել, բայց ամենից շատ ինքն էր փոփոխվել: Մեջքը ծռվել, կռկվել հարցական նշանի պես, անորոշ խոնարհվել էր գետնին: Հագին էլի նույն կոստյումն էր ու նույն փողկապը, միայն թե կորուսված փայլով, տեղ-տեղ կեղտի մուգ բծերով, քրքրված, խունացած ու հնամաշ: Հայացքը վարից էր գալիս, ասես գետնի տակից: Ձայնն էլ էր էնտեղից գալիս.
Կեցցե՛ հայկական սեքսը...
Բարակիրան, երկարոտն աղջիկը տարակուսած նրան էր նայում: Կարոյի ուշքն ու միտքն իր սայլակն էր: Վերջիվերջո լահմաջոն պիտի վաճառվե՞ր, թե՞ ոչ...
Ականջս ուրիշի ձայնին, աչքս գնորդի գալուստին` սպասում էի: Մեկ էլ մի կին մոտեցավ:
- Կներեք,- ասաց,- Ձեր անունը Ռաֆի՞կ է:
- Ո՛չ,- ասի:
- Ձեր գլխարկը,- ասաց,- իմ ամուսնու գլխարկից է:
Ձեռքս տարա գլխիս: Ջոնջոլ, սեւ ու սպիտակ պուտերով կեպի էր: Երեք տարի առաջ էի գնել Տիգրան Մեծ պողոտայում գտնվող զառամյալ ծերունու կրպակից (տեսնես հիմա կա՞...):
- Հետո՞ ինչ,-ասի:
- Իմ ամուսնու անունը Ռաֆիկ էր,- ասաց,- ճիշտ էդ գլխարկից էր դնում: Էնքան եմ նրան դրանով տեսել, որ ինձ թվում է, թե էդ գլխարկից ում գլխին կա, անունը Ռաֆիկ ա...
- Հիմա նա չկա՞...,- հարցրի վարանելով:
- Նրա գլխում քամի կար,- ասաց,- էդ քամին էլ նրան տարավ: Տասը տարի է՝ ռուսաստաններում է... Տասը տարի է,- աչքերը գետնին գցեց,- տղամարդու երես չեմ տեսել...
Զարմացած նրան էի նայում: Ամուսնուն ռուսաստաններում կորցրել, Վերնիսաժում էր փնտրում: Ես պոտենցիալ Ռաֆիկ էի: Իսկ իրական Ռաֆիկն Աստված գիտե, թե շիկահեր սիրունների գրկում ինչ էր անում:
- Կեցցե՛ հայկական սեքսը...,- պտտվում, պտտվում էր Կարոյի սայլակը: Իսկ մենք այդ երգը վաղուց էինք լսել:
Այն, ինչ հայկական է ու սեքս, շատերիս համար անձնական է եւ տեսլական, որ գիշերն ուղեղում տպվում, իսկ ցերեկը լույս է տեսնում: Գիշերվա այդ զրույցն էր, որ Աշոտին հանգիստ չէր տալիս: Դա իր հոգսն էր, որ հացի պես կիսում էր մեզ հետ: Պառկելու ժամը վաղուց անցել էր: Կինը լուսամփոփի դեղին լույսի տակ կռթնած կարդում էր:
- Էս գիշեր գործ ունենք անելու,- ակնարկել էր:
- Ես քու դեբիլ պահանջները բավարարողը չեմ,- հրաժարվել էր կինը:
- Դե արի ինտելեկտուալ պահանջները բավարարենք,- համառել էր Աշոտը:
- Գնա քու պես էշ գտի, բավարարի,- անդրդվելի էր կինը:
- Ես քու պես ինտելեկտուալի կողմնակիցն եմ,- անդրդվելի էր եւ Աշոտը:
- Տո, դու ո՞վ ես, որ ինչ-որ բանի էլ կողմնակից լինես,- բորբոքվել էր կինը:
- Շինարարը,- հիշեցրել էր Աշոտը:
- Շինող էիր` քեզ շինեիր,- վրա էր տվել կինը,- հազար տարի քաղաքում ապրեցիր, էլի գլուխդ հում գեղացի մնացիր...
- Իմ պես գեղացու կողքին կնիկ դարձար,- վերստին հիշեցրել էր:
- Ո՛չ դառնայի,- ընդոստ հայտարարել էր կինը:
- Դժվար ա քեզ հետ, դժվար,- տրտնջացել էր Աշոտը,- ավելի քան դժվար ա անկողնում:
- Տո, դեբի՛լ,- ասել էր կինը,- էսքան տարում չհասկացա՞ր, որ էդ բանը սիրով են անում:
- Դու դա որտեղի՞ց գիտես,- կասկածանքով կնոջն էր նայել:
- Դա դո՛ւ պիտի ինձ ցույց տայիր,- բացատրել էր կինը,- որ էդպես էլ ցույց չտվեցիր:
- Քոռ էիր` չտեսար,- արդարացել էր:
- Քու ցույց տվածն ի՞նչ պիտի լիներ...,- քամահրանքով հակադարձել էր կինը:
- Դե, գնա, գնա, քամակդ պատերին քսի...,- վրդովվել էր Աշոտը:
- Տո, է՛շ,- ծառս էր եղել կինը,- էսքան տարի բա դու չհասկացա՞ր, որ ես դրա համար չեմ...
- Բա ինչի՞ համար ես` գիրք կարդալո՞ւ...
- Կեցցե՛ հայկական սեքսը...
Կարոն երկրորդ պտույտն էր գործում: Սեքսը՝ սեքս, բայց գրեթե լահմաջո չէր վաճառվում: Հալալ չէ՞ր ցուրտ ու մթի թեկուզ եւ այն նեղ օրերին: Դժվար էր, բայց գործ կար: Գլուխը Վերնիսաժում դեռ չերեւացած` վրա էին տալիս: Չէին առնում, է՞, թռցնում էին, թռցնում... Սայլակի ողջ պարունակությունը «սեքսին» էր գնում: Քիչ էր մնում իրեն էլ հետը հում-հում ուտեին: Լահմաջոն վայելում էին, մատները լպստում ու նոր խմբաքանակ պահանջում: Ա՛յ, «սեքսն» էն ժամանակ էր: Իսկ հիմա՞. սայլակին կռացած, կուզը վրա գցած` հրի՛, հա՛ հրի, «կեցցե՛» պոռա, «ուռո» տուր, թեկուզ եւ կոկորդդ ճղիր, միեւնույն է, մոտեցող չկա: Խերը գնացել, շառն էր մնացել: Ի՞նչ իմանաս, օրական անընդմեջ նույն դիրքով մեջքը ծռած չարքաշ աշխատանքից չէ՞ր, որ թեքվել, կորացել, խոնջացել ու մոտեցել էր գետնին: Ժամանակնե՞րն են ուրիշ.... «Սեքսի» որա՞կն ընկավ... թե՞ պատճառը Վերնիսաժում օրըստօրե շատացող խորտկարաններն ու նորանոր կերակրատեսակներն էին... Սատանան գիտե, թե իր բիզնեսին ինչը խփեց: Փաստը մնում է փաստ. «հայկական սեքսի» ժամանակներն անցել էին: Լահմաջոն այլեւս ձեռք չէր տալիս: Վերջ համով «սեքսին»: Մնացել էր մյուս ճյուղը` թանը: Միառժամանակ թան էր վաճառում: Դա էլ մի բան չէր: Ոչ ոք չէր ուզում բերանը վերցնել: Կարոն մոլորվել էր` վիզը ոլորված հարցականի պես: Կյանքում ամեն ինչն էր հարցական: Հետ էր նայում: Ոչինչ չէր հիշում: Ասես մի օր էր ապրել: Անցյալում մոռացված կյանքն էր՝ արշիպելագի պես ձգվող ցամաք ծվեններով, հուշի ընկղմվող կղզյակներով... Կարեւորը քայլելն է: Եթե քայլում ես, արդեն իսկ առաջ ես գնում: Մեջքը ոչ մի կերպ չէր կարողանում ուղղել: Չկար չարիք առանց բարիքի: Տեսքը խղճահարություն էր հարուցում: Մեջքը չէր ուղղվում, չէր ուղղվում, ձեռքն առաջ պարզեց: Մուրացկանությունը գործ չէր, բայց ապրուստի միջոց էր: Աստված էլ բեթարից ազատի: Խանդավառ կյանքը մոռացության տված` վիզ էր ծռում սրա-նրա առաջ: Բայց հաջողությունը միշտ չէ, որ ուղեկցում էր: Երբ գործը չէր կպնում, տակից նայում էի Դավոյին: Ոնց կար, էնպես էլ մնացել էր.
-Լլլիվո՛ն ջան...



Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ