Շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչ հրաժարվել են «Կենտրոնի» եթերում երևալուց

Շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչ հրաժարվել են «Կենտրոնի» եթերում երևալուց

Նախագահի վերջին ելույթից հետո, ինչպես եւ կանխատեսելի էր, Հայաստանի ներքին քաղաքական կյանքում շատ բան փոխվեց: Պարզ էր, որ այդ ելույթից հետո, որտեղ նախագահի կողմից ԲՀԿ առաջնորդին տրվեց «չարիք» որակումը, շատերը կվերանայի իրենց մոտեցումները եւ ոչ միայն Ծառուկյանի, այլեւ նրան պատկանող կառույցների նկատմամբ:



Մասնավորապես, «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր. «Ինձ այնքան չզարմացրին այն գովազդատուները, որ արագ հանեցին իրենց գովազդները, որքան այն արտիստները, երգիչները, մասնագետները, որոնք շտապ չեղյալ հայտարարեցին իրենց նախապես հաստատած մասնակցությունը «Կենտրոնի» նախագծերին»:
Ինչպես տեղեկացանք, այդ նախագծերի մեջ է մտնում նաեւ «Հայկական հետք» հաղորդաշարը: Հաղորդման հեղինակ Ռուզաննա Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ եղել է նման բան, եւ հաղորդմանը նախապես համաձայնություն տված հյուրերը մերժել են մասնակցել հաղորդման նկարահանումներին: Բնական է, հյուրերից եւ ոչ մեկն ուղիղ տեքստով չի ասել, որ «դա է պատճառը», նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառաբանություններ է բերել՝ հիվանդ է, ընտանեկան հավաքույթ ունեն, աշխատելով չնեղացնել իրենց. «Մինչեւ այս քաղաքական զարգացումները կային նախապես պայմանավորվածություններ, օրը ֆիքսված էր, բայց այսպես ստացվեց»:



Թե հյուրերի թվում ովքեր էին, եւ կարո՞ղ է մի քանիսի անուններ տալ, հաղորդման հեղինակը նշեց, որ դրանք հիմնականում շոու բիզնեսի ներկայացուցիչներ էին, ովքեր պետք է նկարահանվեին հաղորդման մարտի 8-ի տոնական թողարկմանը. «Իրենք չեկան, բայց գտնվեցին երգիչներ, ովքեր պայմանավորվածության համաձայն եկան, երգեցին: Մեզ մոտ ոչինչ չխափանվեց, ուղղակի իրենք մասնակցություն չունեցան: Իսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունն այն հեռուստաընկերություններից է, որ այսօր ունի հսկայական լսարան, եւ մեր «Կենտրոնի» արբանյակը Սփյուռքում աշխատող ալիքներից է, այսինքն՝ իրենք կորցրին Սփյուռքում եւս մի անգամ իրենց մասին հիշեցնելու հնարավորություն: Հետո դա առիթ էր, որ հասկանայինք, թե ով ով է իրականում եւ ով կարող է վախենալ, ով կարող է «քցել». իրենք ընդամենը պետք է գային երգեին եւ այս ամենի հետ կապ չունեին»:



Այն դիտարկմանը, որ գուցե նրանց մեջ եղել են երգիչներ, ովքեր այլ քաղաքական ուժերի, մասնավորապես ՀՀԿ-ի կազմակերպած համերգներին մշտապես երգում են հրապարակներում, Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ այդ երգիչներից շատերը, ովքեր չեկան, բազմաթիվ անգամ օգտվել են հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած համերգներից. «Երբ ուրիշ տեղեր իրենց կանչում են, կոպեկներով են երգացնում կամ պետական համերգներին կանչում են՝ ուրիշ թվի տակ են ստորագրել տալիս եւ ուրիշ թիվ են տալիս, ճանապարհում, «Բարգավաճ Հայաստանն» այն առատաձեռն կուսակցությունն է եղել, որ նրանց միշտ գործ է տվել»:



Ինչ վերաբերում է հաղորդման գովազդատուներին, ապա, ըստ նրա, շատ գործարարներ այս օրերին իրենց գովազդային քաղաքականությունն անմիջականորեն կապեցին երկրի քաղաքականության հետ ու կարծես վախեցան երեւալուց, գովազդով հանդես գալուց եւ հրաժարվեցին իրենց գովազդներից: «Բայց, ամեն դեպքում, մենք խնդիր չունենք, եւ մեր բոլոր հաղորդումները գնում են եթեր»,-նշեց հաղորդման հեղինակը՝ հավելելով, որ պատրաստ է անգամ «Կենտրոն» հեռուստաընկերությունում անվճար աշխատել:
Կապվեցինք նաեւ հեռուստաընկերության գովազդային բաժնի պատասխանատու Դավիթ Ասատրյանի հետ, ով, սակայն, նշեց, որ հեռուստաընկերությունը ոչ մի խնդիր չունի գովազդատուների հարցում: