Հազարից ավելի լուսանկար՝ Հրայր Բազեի «100» գրքում

Հազարից ավելի լուսանկար՝ Հրայր Բազեի «100» գրքում

«100»,-այսպես է կոչվում կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի 516 էջանոց պատկերագիրքը, որը ներկայացնում է լուսանկարչի 17 տարվա աշխատանքի արդյունքը եւ նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր գրքում լուսանկարիչը շեշտը դրել է ոչ թե Ցեղասպանության պատմության, կորուստների, այլ աշխարհով մեկ ցրված մեր մշակութային հարստությունն ու ժառանգությունը ներկայացնելու խնդրի վրա:
Գիրքը միայն հայկական գյուղերի ու քաղաքների մասին չէ, այլեւ այդտեղից եկած հարստությունների` ձեռագրերի, տարազների, սկիհների, զարդերի, դրամների, վանքերի մասին: Հայկական մշակույթի կորած գանձերը պեղելու համար Հրայր Բազեն հասել է Վենետիկ` Սուրբ Ղազար վանական համալիր, Լիբանան, Վիեննայի Մխիթարյան միաբանություն, Ամերիկա, լուսանկարել Արեւմտյան Հայաստանի համարյա բոլոր քաղաքներում: Գրքում տեղ է գտել հազարից ավելի լուսանկար:



Պատմում է, որ տարիների ընթացքում, երբ լուսանկարում էր ձեռագրեր, դռներ, որոնք մեզ հասել են Մշո Սուրբ Առաքելոցից, սկիհներ, տարազներ՝ բերված Մուշից, Տարոնից, Զեյթունից, մտքի մեջ արդեն ուրվագծում էր գրքի բովանդակությունը եւ աստիճանաբար նաեւ էջադրում:



Խոսելով կատարած աշխատանքի դժվարությունների մասին, լուսանկարիչը նշում է, որ լինեին դրանք ձեռագրեր, վանքեր, թե գյուղեր, ամեն տեղ էլ ունեցել է դժվարություններ, օրինակ՝ Հոռոմոսի վանքը, Մաղասբերդը, Մրենի վանքը նկարելու համար, որոնք շատ մոտ են սահմանին, ռիսկի է գնացել եւ անգամ ականապատված տարածք մտել, առանց իմանալու դրա մասին, որից հետո զինվորները բռնել-տարել են:



Գրքում միայն 100 տարվա պատմությունն ու մշակութային ժառանգությունը չէ, որ ներկայացված են, այլեւ շատ ավելի վաղ ժամանակների հայկական մշակույթը, ընդհուպ մ.թ.ա.: Ինչպես ինքը` Բազեն է ընդգծում, ամենակարեւորն այն է, որ պատկերագիրքը փաստերի վրա է հիմնված. «Զգացական չէ, այլ փաստ, օրինակ, եթե ձեռագիր ենք տեսնում՝ պատրաստված 1215թ.-ին, դա նշանակում է, որ 13-րդ դարում այնտեղ հայ կար: Ձեռագրերը, տարազները, մշակութային այլ առարկաներն ապացույց են, որ հայերը եղել են բոլոր այդ բնակավայրերում: Դա միայն փրկվածներից այդքան նյութ ունենք, էլ չասենք, որ եթե փորձենք ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, ինչեր կգտնենք»:



Մեր այն հարցին, թե 100 տարի անց ինչ հեռանկար է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների հարցում եւ հնարավոր համարո՞ւմ է սահմանի բացումը, Հրայր Բազեն ասաց. «Ինչքան հնարավոր է եւ ինչքան շունչ ունեմ, փորձում եմ մեր հայկական ժառանգությունները լուսանկարել, դա է իմ առաքելությունը, եւ հետաքրքրված չեմ, թե ինչ են անում այս եւ այն կողմի քաղաքական գործիչները: Շատ կցանկանայի, որ սահմանները բացվեին, այսքան տարի է՝ Թուրքիան Հայաստանի հետ համարյա մի ուղղությամբ բիզնես է անում, ինչը նշանակում է, որ իրենք շահագրգռված են այդ հարցում: Հուսամ՝ կհասնենք երկխոսության, եւ սահմանները կբացվեն, որովհետեւ եթե բիզնես եք անում, ուրեմն մի խաբեք ինքներդ ձեզ` սահմանը փակ պահելով»:



«100» գրքի առաջին շնորհանդեսը Հրայր Բազեն արել է արդեն Արցախում, ասում է՝ Արցախն ինձ համար հաղթական պատմություն ունի: Լուսանկարիչն առիթի դեպքում պատրաստվում է գիրքը ներկայացնել նաեւ Ստամբուլում: Տպագրությունն իրականացրել է միայն իր անձնական միջոցների հաշվին, 2 ամսից գիրքը հասանելի կլինի նաեւ հայ ընթերցողների լայն շրջանակի համար: