«Գազպրոմ-Արմենիայում» տոն է

«Գազպրոմ-Արմենիայում» տոն է

Երեկ, երբ լուր տարածվեց այն մասին, որ Ռուսաստանը («Գազպրոմը») կիջեցնի գազի գինը մինչև 165 դոլար հազար խորանարդ մետրի համար, «Գազպրոմ-Արմենիա»-ին թվաց, թե իր ծննդյան օրն է, այդ նվազեցումն էլ նվեր է անբասիր աշխատանքի համար: Գերմոնոպոլիստը շտապեց հայտարարել, որ սպառողի համար գազի գինը չի փոխվի, քանի որ գազի գնի իջեցումը ուղղվելու է «Գազպրոմ-Արմենիա»-ի այն վնասների վերականգնմանը, որոնք նա կրել է դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ փոփոխության պատճառով՝ ի վնաս դրամի:



Գոհ եղեք, որ գազը չենք թանկացնի, ասել էին «Գազպրոմ-Արմենիա»-ից:



Մինչդեռ տնտեսագետները պնդում են, որ սահմանին գազի գնի էժանացումը պարզապես չի կարող չազդել սպառողական գների վրա: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ, համոզված է, որ գազի գնի ձևավորման համար գործում է միջազգային համաձայնագրով ձևավորված բանաձև: Եվ այն համարվում է էական գործոն Հայաստանում՝ գազասպառման ոլորտում գնագոյացման համակարգի վրա: Հետևաբար դա չի կարող չազդել ընդհանուր գնագոյացման բանաձևի վրա: Այդ տեսակետից խնդիրը ոչ միայն ռուսական կողմի, այլ նաև Հայաստանի պատկան մարմինների տիրույթում է գտնվում:



Հայաստանի պատկան մարմինները, սակայն, բերանները ջուր առած նստած են, փոխանակ միջամտելու և այս հարցում իրենց գործառույթն իրականացնելու: Փոխարենը՝ այդ նույն ստրուկտուրաները արագ գործի են անցնում, երբ հարցը վերաբերում է որևէ բան, թեկուզ հենց գազը, թանկացնելուն: Մեր աչքի տեսածն ենք ասում:



Պատրաստվո՞ւմ է, արդյոք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գնի հետ կապված քննարկումներ անել: Ի դեպ հանձնաժողովին այդ հարցում պետք է շտապեցնեն կառավարությունն ու ԱԺ համապատասխան հանձնաժողովը: Բանն այն է, որ հարցն անմիջական առնչություն ունի բյուջեի հետ: Եթե գազը, որի համար վճարվում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ներկրվում է նախկինում հաշվարկվածից ավելի էժան գնով, ապա նվազում է նաև այդ 20 տոկոսի գումարը, որը մուտք արվում բյուջե: Իսկ սա նշանակում է, որ «Գազպրոմ-Արմենիայի» ամենամեծ ցանկության դեպքում էլ գազի գինը սպառողների համար չի կարող նույնը մնալ:



Միանգամայն այլ հարց է, եթե ՀՀ իշխանություններն իրենց կոտորում են «Գազպրոմ-Արմենիայի» համար գերշահույթներ ապահովելու համար: Մի առիթով՝ ռուսներն էին ասել, չէ՞, մենք ինչ մեղավոր ենք, որ ձեր պետությունը ձեզ վրա այդքան թանկ է ծախում գազը: Եվ հիմա, երբ առքի ու վաճառքի միջև տաբերությունն ավելի է մեծանում, ռուսական կողմը էլ ավելի հիմնավոր պատճառներ ունի նույն բանն ասելու:



Էդիկ Անդրեասյան