Սուրիկ Խաչատրյանի գործողությունները ցինիզմի դրսևորում են հասարակության և պետական ծառայության նկատմամբ. Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ-ում

Սուրիկ Խաչատրյանի գործողությունները ցինիզմի դրսևորում են հասարակության և պետական ծառայության նկատմամբ. Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ԱԺ-ում

Անպատժելիության ու վախի մթնոլորտի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներով, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել։



2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։



Ավետիք Բուդաղյանի սպանությունը թողնելով անպատիժ և ապօրինի մեղադրելով Արտակ Բուդաղյանին` այսօր ունենք հետևանք, սույն թվականի մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծից մարմնական վնասվածք ստացած երիտասարդներ Հարություն և Մուշեղ Զաքարյաններ:



Ուստի`



գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք,



գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։



Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեաիրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝



Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից:



Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը։