Այնքան մարդ կա, որ հենց այսօր գիշերը պիտի տանես նստացնես | տեսանյութ

Այնքան մարդ կա, որ հենց այսօր գիշերը պիտի տանես նստացնես | տեսանյութ

Սիրված երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ հանդիպման 2-րդ մասը հարցուպատասխանի ձեւով անցավ։ Միակ կրկնվող հարցն ու ցանկությունն այն էր, թե ինչու ավելի հաճախ հանդիպումներ չի ունենում եւ երբ է համերգ տալու։ Ավելին՝ ներկաներից մեկը հարց հնչեցրեց․ «Դուք հասկանում եք, որ լուրջ սոցիալական պատասխանատվություն ունեք նման հանդիպումներ անընդհատ անելու, խոսելու մեզ հետ»։ Մեսչյանը, սակայն, նշեց, որ այն, ինչ կարող է անել, եւ այն, ինչ իրեն թվում է, որ ավելի կարեւոր է, հիմա զբաղվում է դրանով․ «Այն, ինչ դուք ասում եք, ակտիվ քաղաքական գործունեություն է, դու պիտի նվիրվես, սիրողական ձեւով չի ստացվում, ինձ համար դա բարդ է, ես քաղաքական գործիչ չեմ, լիքը բաներ կա, որ իմը չի, ես իմ կյանքով հնարավորինս փորձում եմ ազնիվ ապրել, եւ եթե իմ մասնակցությունը հայրենյաց կյանքին դուք գտնում եք, որ քիչ է, ինձ մնում է մի բան ասել՝ ներողամիտ եղեք, այսքան եմ կարողանում։ Եթե իմ ներկայությունը, որպես քաղաքացի, չի ձգում, ինձ մի ստիպիր, որ ես բացատրեմ, եթե այս եկեղեցում Աստված չկա, չի էլ լինի»։



«Ամեն բառը, նախադասությունը որ ասում ես, պիտի լավ մտածես դրա մասին, չի կարելի նստել ու բառադի բաներ խոսել քաղաքականությունից, թասիբից, ազգից, դրա ժամանակն անցել է։ Եթե մի բանի մասին խոսում ես, պատասխանատվությունը պետք է լինի ֆանտաստիկ, կամ էլ բերանդ փակի, մի խոսիր այդ թեմայով։ Իսկ ի՞նչ է նշանակում վերնախավ․ ունենալ բարձր պատասխանատվություն այն ամենի նկատմամբ, ինչը կոչվում է հայրենիք։ Վերջ տվեք այդ խոսակցությանը հայրենասիրության մասին, զզվացրիք, հայրենասիրության մասին չի կարելի խոսել, դա նույնն է, որ ասես՝ ես սիրում եմ իմ մայրիկին, բա ի՞նչ պիտի անես, պիտի սիրես։ Մի հատ նայեք մեր 3-4 տարեկան ճտերին, գազան են, նման սերունդ ոչ մի ազգ չունի, ու մենք այսօր խոսում ենք ռազմահայրենասիրական դաստիարակության մասին, դուք գի՞ժ եք, ուրեմն մենք դրան ենք արդեն հասել, եւ ովքե՞ր են խոսում դրա մասին՝ նրանք, ում թշերից չալաղաջները թափում է։



Ամեն ինչ կախված է մեզնից, դուք ձեր տնային աշխատանքը որ անեք, վերեւներն ստիպված կենթարկվեն ձեզ, դրա համար պետք չի միտինգ անել, ձեր ներկայությունը, ձեր ծրագրային մտածողությունը կստիպի ում ասես ամենայն ուշադրությամբ ձեզ լսել։ Հեղափոխական բաներով երկիրը երկիր չենք դարձնի, մեզ մասնագետներ են պետք։ Միակ բանն է ցավալի՝ ինչո՞ւ էն զիլ տղուն տարան նստացրին, 2 լապատկի կոթ էր հիմա, ոչինչ, կարելի՞ էր 6 տարի տալ։ Եթե պարոն նախագահը լսում է, խնդրում եմ, պարոն նախագահ, ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք, այնքան մարդ կա, որ հենց այսօր գիշերը պիտի տանես նստացնես, սաղին թողած՝ ընկել եք… հիմա ներվայն վիճակի մեջ էր՝ ստացվեց, բայց դա չի նշանակում, որ դու պիտի մարդուն վերցնես, որպես վտանգավոր անձ… չի կարելի նման բաներ…»։



Դահլիճում ներկա էր նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ Նա Մեսչյանին հարցրեց այն մասին, որ եթե ինքն ասում է, որ մենք պետք է դառնանք վերնախավ, բայց միաժամանակ դեմ է հեղափոխությանը, ապա ինչպե՞ս է պատկերացնում իրենց վերնախավ դառնալու գործընթացը նման երկրում, որտեղ տիրում են բռնատիրական կարգեր։ Մեսչյանը պատասխանեց․ շատ կուզենար, որ այսօր այս բեմի վրա կանգնած լիներ ոչ թե ինքը, այլ՝ Շանթը, եւ եթե ինքն այստեղ լիներ ու խոսեր, հազար անգամ ավելի շատ օգուտ կտար․ «Հեղափոխությունն այն ժամանակ է սկսում գործել, երբ այդ «ինստրումենտարի» բառը, որ ասում եմ՝ կա, երբ դու ունես այն մթնոլորտը, մարդկանց՝ անուններով, ազգանուններով, ովքեր բարոյական իրավունք ունեն գրավել տեղ ապագա հայաստանյայց կառավարության մեջ, այդ ժամանակ արա ինչ ուզում ես, հեղափոխություն, ես կողքդ եմ»։



Թե ինչու 88-ին Օպերայում երգեց, իսկ հիմա չի ուզում, պատասխանը հետեւյալն էր․ «Որովհետեւ զգացի, որ պետք եմ»։ Ապա հիշեց, որ իր ելույթի ժամանակ հոսանքն անջատվեց, ու Նահանգներ գնալու իր որոշումը ճիշտ եղավ, որովհետեւ այդ ժամանակ հասկացավ, թե հետո ովքեր են գալու։ Նա նաեւ նկատեց, որ եթե 18 տարի Նահանգներում չապրեր, հաստատ հիմա այստեղից չէր խոսի, դա տվեց մի ուրիշ վստահություն։ Ապա խորհուրդ տվեց․ եթե դրսում սովորելու առիթ կա, եթե գիտես ինչ ես տանում, ինչ ես բերելու, անպայման գնա։



«Վերնախավի ձեւավորման հարցում կա 2 էտապ․ ընտրությունները, որը ցույց է տալիս, որ եթե իշխանությունն էլ փոխվի, բան չի փոխվի, 2․5 մլն մոնոէթնիկ միջավայրի համար խնդիրներն այլ են։ Վերնախավ ստեղծելն անհրաժեշտության ինստինկտ է, 10 տարվա ընթացքում Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտել են 1300 ճարտարապետ, իսկ ճարտարապետները ցանկացած քաղաքացիական համալիրի մեջ վերնախավի ամենաբարձրագույն նիշն են, ո՞ւր են ավարտած այդ 1300 ճարտարապետները։ Ես ձեզ ասեցի՝ Ճարտարապետների միությունը մութ է, այնտեղ ինչ-որ 32 ատամ՝ սենց բաներ են անում, չե՞ք ուզում մի հատ էդ դահլիճում հավաքվեք, խոսեք, նախագիծ քննարկեք, իրար խորհուրդ տաք, իրար բան ասեք, դուք իրարից սովորելու բան չունե՞ք»։



Հարցը, թե չի՞ ուզում առաջիկայում համերգ տալ, դահլիճում ծափահարություններով ընդունվեց, ինչին երգահանն այսպես պատասխանեց․ «Ես ահռելի ժամանակամիջոց իմ կյանքում փորձում էի երգերի միջոցով ինչ-որ մի բան հասցնել մարդկանց, արթնացնել, լարել, որ սկսեն հասկանալ՝ վիճակը լուրջ է, իսկականից «ահա եւ վերջ» է, բայց այդ խոսքերը, որ ասում ես, բոլորին ոտքի պետք է կանգնեցնի, որ Սարդարապատ լինի, թե չէ այդ վերջն այդպես էլ կլինի։ Արվեստագետի համար կա մի շատ կարեւոր բան․ մեծ տաղանդ է ժամանակին հեռանալը։ Եթե հիմա ես այնպես չեմ նվագում, ինչպես առաջ, ես համերգ չեմ տա, տարիքը մեծ բան է, էս ձեռքս էլ սկսել է մի քիչ դողալ, ջահել չեմ՝ 66 տարեկան եմ։ Չեմ սիրում 66 տարեկան պապիկների՝ կիթառով բեմի վրա, թողեք ես մի քիչ գծեմ, էլի։ Ես արդեն այդ էջն իմ կյանքի փակել եմ, չնայած ամբողջ կյանքիս մեջ 66 համերգ եմ տվել եւ ընդամենը 80 երգ գրել, որից 60-ն է միայն իմ բանաստեղծություններով»։



Ներկաներից մեկը նշեց, որ Մեսչյանի երգերը հաճախ է լսում, գրեթե ամեն օր, ինչին երգահանը պատասխանեց․ «Դու այդքան հաճախ վատ տրամադրությո՞ւն ես ունենում, ցավդ տանեմ», ապա հավելեց, որ ինքն իր երգերը ձայնագրությունից հետո չի լսում։ Բայց հաստատ գիտի, որ հազարավոր ձայնագրությունների մեջ իր կատարումները կտարբերեն, որովհետեւ միշտ ձգտել է ամբողջական վիճակի, իսկ երջանկության կատարյալ վիճակը, երբ գիտես, որ կարող ես։ Հարց հնչեց նաեւ սիրո մասին, բայց Մեսչյանը նշեց, որ հենց սիրո մասին խոսակցություն է գնում, լռում է, ու երբ մարդ իրականում սիրում է, երգ գրելու ժամանակ չի ունենում։ Ապա կատակով հավելեց․ «Շեքսպիրին շատ եմ նախանձում»։
Թե այսօրվա ճարտարապետական սխալ լուծումներից ինչպես պետք է ազատվենք, ճարտարապետ Մեսչյանը կարծում է, որ ամեն ինչ ունի իր ժամանակը, եւ իր համար ամենացավալի ողբերգությունն արտագաղթն է, վատ կառուցված շենքը դեռ կարող ենք քանդել, կարեւորը՝ մարդ լինի․ «Շենքերից մի վախեցեք՝ կքանդենք, ա՛զգը չկորի, շուկան էլ կվերականգնենք»։ Մեսչյանը խոսեց նաեւ ճանապարհների կառուցման, դրանց որակի մասին, ապա նկատեց․ «Ինչի՞ց է, որ վրացու ասֆալտը լավն է, տղերք, կարո՞ղ է ստրատեգիական իմաստով այդքան վատ եք սարքում, որ թշնամու տանկերը չկարողանան անցնեն»։
Խոսելով Կոմիտասի այգում կառուցվելիք Սուրբ Նահատակաց եկեղեցու մասին, Մեսչյանը նկատեց, որ չար լեզուներն ասում են՝ եկեղեցին կառուցելուց հետո Կոմիտասի աճյունը պետք է տեղափոխվի այնտեղ․ «Արա, մեղք չի՞ այդ մարդը, եթե դրա համար եք կառուցում, չի կարելի նման բան»։



Երգահանը մեծ ոգեւորությամբ նշեց, որ շատ է հավանել System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում․ «Ես նամակ ստացա մինչեւ իրենց գալը, որ ես մասնակից լինեի իրենց համերգին, բայց ասեցի՝ չէ, ես բիձա, ի՞նչ գործ ունեմ էդ էրեխեքի հետ։ Դուք տեսա՞ք ինչ ժողովուրդ էր հրապարակում, էդ էրեխեքի աչքերը տեսա՞ք, էլ ի՞նչ Արմենչիկ, ի՞նչի մասին է խոսքը, ցնդվելու սերունդ է, եթե իմ ժամանակ ձեր չափ որակյալ ջահելություն լիներ, ոնց որ այսօր է, գիտե՞ք ինչ կարելի էր անել, նույնիսկ սովետի մեջ, բայց չկային, մեծագույն դեֆիցիտ կար, մենք անունով գիտեինք կարգին տղերքին քաղաքում, իսկ հիմա գնա ու այսքանի անունը հիշի։ Իմ ասածը նա է, որ դուք հրաշք եք, դուք այնքան լավ բաների եք արժանի, բայց պրոբլեմը նա է, որ այդ արժանին ոչ ոք ձեզ չի բերելու, դուք ինքներդ պետք է ստեղծեք»։ Ապա նկատեց․ կուզենար, որ մի անգամ Սերժ Ազատիչը գար, կողքը նստեր, ու այդպես բոլորի հետ խոսեին, ու գուցե մի քիչ առաջ գնայինք։ Ներկաներից մեկը հետաքրքրվեց, որ եթե System of a Down-ի փոխարեն լիներ Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, նույն մարդկանց նույն բազմությո՞ւնը կհավաքվեր հրապարակում։ Մեսչյանը նշեց, որ այն, ինչ ռոքը կարող է անել, ֆանտաստիկ բան է, եւ այս ժամանակամիջոցում Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը չէր կարող ասել՝ ֆաք յու, դա միայն ռոքը կարող է անել։