Վրաց-ադրբեջանական նյարդերի պատերազմ

Վրաց-ադրբեջանական նյարդերի պատերազմ

Վրաց-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն փոխվում են: Պուտին- Էրդողան զույգի ֆոնին աննկատ մնաց Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ներկայությունը Բաքվի եվրոպական խաղերի բացմանը: Մամուլում ոչինչ չի ասվում նաեւ խաղերին վրաց մարզիկների մասնակցության մասին:
Երկու երկրների պատկան մարմինները «կրակահերթեր» փոխանակեցին հունիսի 21-ին, երբ ադրբեջանցի սահմանապահները Գախի վրացական եկեղեցու սպասավոր հայր Դեմետրեին արգելեցին մուտք գործել Ադրբեջան:



Կրոնի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն բացատրեց, որ տեւական ժամանակով վրաց հոգեւորականի համար արված բացառությունն այլեւս չի գործում:
Ըստ օրենքի, Ադրբեջանում հոգեւոր սպասավորություն կարող են անել միայն Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող անձինք: Հայր Դեմետրեին առաջարկվել էր ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, ինչի դեմ բողոքել էր Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը:
Խնդիրը չի հանգուցալուծվել, հայր Դեմետրեն շարունակում է սպասել Ադրբեջան մուտքի արտոնագրի, իսկ պաշտոնական Բաքուն մտադիր չէ զիջել: Նախատեսված է, որ այսօր Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան մոտ ի պաշտպանություն հայր Դեմետրեի կկայանա բողոքի ակցիա:



Այդ կապակցությամբ ստեղծվել է ֆեյսբուքյան նախաձեռնող խումբ, որի տարածած հայտարարության մեջ ներկայիս Ադրբեջանի Բելոկանի եւ Գախի վարչական շրջաններն անվանված են Վրաստանի պատմական Էրեթիա նահանգ:
1918-20 թ.թ. տեղաշրջանը գտնվել է անկախ Վրաստանի իրավազորության ներքո եւ Ադրբեջանին է հանձնվել Անդրկովկասում խորհրդային կարգեր հաստատելուց հետո: Բողոքի ակցիայի կազմակերպիչների կողմից Վրաստանի պատմական Էրեթիա նահանգի հիշատակամումն, ըստ էության, ակնարկ է, որ հայր Դեմետրեն հոգեւոր ծառայության է իր պատմական հայրենիքում եւ այնտեղ գտնվելու համար ադրբեջանական քաղաքացիություն ընդունելու կարիք չունի:
Ադրբեջանի Բելոկանի եւ Գախի շրջաններում ապրում են մի քանի տասնյակ հազար էթնիկ վրացիներ: Նրանց մի մասն իսլամադավան է, մյուսը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդ:



Վահրամ Աթանեսյան