Գագիկ Բեգլարյանը Մոնակոյում եղել է 12 տարի առաջ

Գագիկ Բեգլարյանը Մոնակոյում եղել է 12 տարի առաջ

Ռուսաստանցի գործարար և օլիգարխ Սամվել Կարապետյանի ծննդյան օրը կառավարության միջնցքներում քննարկվող հիմնական իրադարձությունն է։ Անգամ այսօրվա նիստի թեթև օրակարգը՝ մոտ երկու տասնյակ հարցով, և Հովիկ Աբրահամյանի շտապողականությունը, այն, որ նիստը կարճ տևեց, շատերը հակված էին բացատրել միլիարդատիրոջ հիսունամյակին մասնակցելու կառավարության անդամների ցանկությամբ։ Հյուրերի ցանկը այնուամենայնիվ գաղտնի է պահվում։ Վարչապետի մասնակցության մասին կառավարության լրատվական վարչությունում ոչինչ չգիտեն։ Չի բացառվում, որ իր փոխարեն հովիկ Աբրահամյանն ուղարկի որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին։ Նախօրեին շրջանառվեց, թե գործարարի տարեդարձը տեղի է ունենալու Մոնակոյում, որը հայտնի է շքեղ խաղատների ցանցով, և որ այնտեղ արդեն մեկնել է տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, բայց վերադարձել է Քոչարյանի մոր հոգեհանգստին մասնակցելու համար։ Տրանսպորտի նախարարը նույնիսկ առանց հարց տալու հերքեց այս լուրը, ասելով, որ ինքն ահա Հայաստանում է։ «Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ։ Մոնակո չեմ եղել ընդհանրապես, ու ինչ-որ գրում են, որ ես գնացի, եկա, նորից գնում եմ, հայտարարություն եմ անում, որ գրողը մարդկանց ներկայացնում է սուտ տեղեկություն։ Սամվել Կարապետյանի ծննդյան արարողությանը մասնակցելու անպայման գնալու եմ, բայց դա Մոնակոյում չի լինելու»։ Թե որտեղ է լինելու, Բեգլարյանը չասաց։