Խոստանում են, խոստանում ու շենքը չեն կառուցում

Խոստանում են, խոստանում ու շենքը չեն կառուցում

Սոս Սարգսյանի երազանքը՝ տեսնել Համազգային թատրոնի շենքը կառուցված, շարունակում է մնալ անկատար։ Դեռ վարպետի կենդանության օրոք ներկայացված նախագծերից ընտրվեց ճարտարապետ Լեւոն Ղալումյանի նախագծած շենքը, որը Մաշտոցի գլխավոր պողոտան կապում է Սարյան փողոցի հետ։ Թատրոնի նախագիծն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 4 մլն. դոլար, անհրաժեշտ գումարի մի մասը գոնե ունենալու համար Համազգային թատրոնը եւ «Սոս Սարգսյան» հիմնադրամը մոտ մեկուկես տարի առաջ դրամահավաք նախաձեռնեցին, որը մինչ օրս շարունակվում է։ 



Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերից, թատրոնի համար իրականացվող դրամահավաքի հետ կապված, նոր նախաձեռնություններ են իրականացնելու․ «Օրինակ առաջիկայում՝ սեպտեմբերի 5-ին, Լուսինե Խաչատրյանի համերգն է լինելու մեր բեմում, եւ ամբողջ համերգի հասույթը փոխանցվելու է շենքի կառուցմանը, եւ էլի նմանատիպ ակցիաներ համերգների, ճաշկերույթների տեսքով պլանավորում ենք կազմակերպել»: Տնօրենը հավելեց, որ դրամահավաքը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ գումարը դառնա շոշափելի, քանի որ հիմնադրամը դեռ այդքան գումար չի հավաքել։ Թե կոնկրետ ինչքան է հաջողվել հավաքել մեկ տարվա ընթացքում, ապա դա այնքան չնչին է, որ Վարդան Մկրտչյանը չի էլ ուզում ասել. «Որպես այդպիսին, շոշափելի տոկոս դեռ չի կազմում, բայց մենք հույս ունենք հասնել կես միլիոն դոլարի կամ գուցե մի քիչ էլ ավելի։ Հիմնադրամի մասով այդքան կարող ենք եւ այդքանի հույս ունենք, մնացածը՝ խոշոր ներդրումներ են պետք»։ Տնօրենը նշեց, որ իրենց կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել նաեւ շինանյութով, եւ նախնական ֆինանսավորման դեպքում հնարավոր կլինի աշխատանքներն սկսել․ «Այդ մարդիկ կան, ովքեր պատրաստ են կոնկրետ շինարարության տեսքով օգտակար լինել, բայց մինչեւ շինարարությունն սկսելը մեզ մոտ 100 հազար դոլարի կարգի գումար է պետք, որովհետեւ մինչեւ շինարարության մեկնարկը մի շարք հարցեր կան՝ կապված ճարտարապետական խմբի, ճարտարապետական պլանի հետ, առկա է գեոլոգիայի, կառուցապատման հարցը, ինչը պետք է լուծվի մինչեւ սկսելը»։



Ինչ վերաբերում է ճարտարապետական նախագծին, ապա ամեն ինչ հստակ է, եւ կոնցեպտն իրենց համար ընդունելի: Մկրտչյանը նշեց, որ խոստումներ տարբեր մակարդակներով, տարբեր անհատներից եղել են, բայց հստակություն չկա, թե, ի վերջո, երբ կսկսվի շենքի շինարարությունը։ «Մեր վերջին հյուրախաղերի ժամանակ՝ ԱՄՆ եւ Կանադա, շատ մարդիկ եղան, ովքեր ասացին, որ երբ գործն սկսվի, մենք տեսնենք, որ այն սկսվում է, կաջակցենք: Մարդ կար, ասեց ՝պատրաստ եմ 10 հազար դոլար տալ, որպես խոստում՝ կարող եք ինձ գրանցել, մարդ կար, ասեց՝ 3 հազար դոլար կտամ, մեկ ուրիշը՝ 5 հազար դոլար: Այսինքն, բազմաթիվ մարդիկ կան, ովքեր պատրաստ են օգնել, բայց սպասում են, որ մենք շինարարությունն սկսենք, տեսնեն, որ դա ռեալ է, եւ իրենք մասնակցեն»։



Հետաքրքրվեցինք՝ փորձ արե՞լ են դիմել հայ գործարարներին, որեւէ ֆինանսական աջակցություն ստանալ նրանցից, ինչին թատրոնի տնօրենը պատասխանեց, որ դեռ ոչ մեկի չեն դիմել, բայց սեպտեմբերին՝ իրենց հոգաբարձուների խորհրդի հանդիպման ժամանակ, ավելի կհստակեցնեն հիմնադրամի քայլերը: «Օրինակ, հիմնադրամին օգնեց «Անելիք» բանկը, բայց իրենց օգնությունն ավելի շատ ուղղվեց Սոս Սարգսյանի պանթեոնի արձանի կառուցմանը։ Կան անհատներ, ովքեր, հազար դրամից սկսած, մինչեւ մեկ մլն. դրամ նվիրատվություններ արել են։ Բայց կոնկրետ որեւէ գործարարի չենք դիմել, խորհրդի նիստով կորոշենք մեր առաջին քայլերը՝ ում եւ ինչպես դիմել, ինչ ֆորմատով»,- նշեց նա՝ հավելելով. հավատում են, որ սայլը տեղից կշարժվի, քանի որ դրանով են ապրում։