Վրացիներն ու ադրբեջանցիները չե՞ն հասկանում միմյանց

Վրացիներն ու ադրբեջանցիները չե՞ն հասկանում միմյանց

Բաթումում արտառոց դեպք է տեղի ունեցել: Քաղաքային իշխանությունները որոշել են այլ վայր տեղափոխել 2011թ.-ին տեղադրված՝ վրաց եւ ադրբեջանական ժողովուրդների հավերժ բարեկամությունը եւ փոխադարձ սերը խորհրդանշող «Ալի եւ Նինո» արձանախումբը, բայց տեխնիկական անփութության հետեւանքով արձաններից մեկն ընկել- փշրվել է:



Արձանախումբը ստեղծվել է ադրբեջանցի համարվող, Կուրբան Սեիդ ծածկանունով հանդես եկած հեղինակի «Ալի եւ Նինո» վեպի մոտիվներով: Դա մի սիրավեպ է վրացուհի Նինոյի եւ կովկասյան թաթար Ալիի մասին, որը երբեմն վերագրվում է նաեւ անցյալ դարասկզբի հեղինակ Յուսիֆ Չեմինզեմինլիին: Ի դեպ, այդ ստեղծագործության բնագիրն այդպես էլ չի գտնվել: Առաջին անգամ վեպը հրատարակվել է ֆրանսերեն՝ Կուրբան Սեիդ ծածկանունով:
Դատելով վեպի սյուժեից, մանավանդ՝ Շուշիին նվիրված պատկերներից, երբ Ալիին հյուրընկալած թուրք ծերունին նրան պատմում է, թե ինչպես են իրենց նախնիները հեռուներից եկել, բնակություն հաստատել այնտեղ, հեղինակը հազիվ թե ադրբեջանցի լինի: Կամ էլ նա շատ պարկեշտ մարդ է եղել, եթե հերոսի անունից ասում է, որ «Ղարաբաղ» անվանումը նոր է, հնում երկրամասը կոչվել է Արցախ:
Որքան կարելի է դատել ըստ լուսանկարի, փշրվել է Ալիի արձանը: Խորհրդանշակա՞ն է, թե՞ պատահականություն: Ով գիտի, իսկ գուցե վրացիներն ու ադրբեջանցիներն արդեն այնքան էլ լավ չե՞ն հասկանում միմյանց: