…Իսկ նրանք փաստացի կիսում են Վրաստանը

…Իսկ նրանք փաստացի կիսում են Վրաստանը

Վրաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կբացի այդ երկրում դաշինքի ուսումնական կենտրոնը: Հայ մեկնաբանը դա համարում է հետխորհդային Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունը, որը մեծ հաշվով Հայաստանի շահից է բխում, քանի որ Կովկասում անվտանգության ռուսական մեխանիզմի մենաշնորհը հետխորհդային շրջանում էլ մնաց Հայաստանի պետականության հանդեպ շանտաժի գործիք: (http://www.lragir.am/index/arm/0/comments/view/119452)



ՆԱՏՕ- գլխավոր քարտուղարի վրաստանյան այցի մասին դաշինքի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ նա կքննարկի ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու հետ կապված հարցերի ողջ սպեկտրը եւ այդ ուղղությամբ ծրագրված քայլերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի Վարշավայում գագաթնաժողովի գործընթացը:



Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրուցում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ասել է, որ գլխավոր քարտուղարը մտադիր է Վրաստանին հորդորել, որ շարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը: «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունն այլընտրանք չունի, որպեսզի խուսափենք երկու երկրների հարաբերություններում նոր բարդությունից»,- ասել է նա:



Այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանելիս պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ն ռուս-վրացական, մեղմ ասած, բանավեճին միջամտելու ցանկություն չունի: Դաշինքը հստակ տարանաջատում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման եւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, ինչպես Թբիլիսիում են ձեւակերպում, ռեինտեգրման հեռանկարները՝ վերջինիս հնարավորությունը թողնելով բացառապես ռուս-վրացական երկխոսության տիրույթում:



Փաստացի, եթե կոպիտ ձեւակերպվի, ավելի մեծ է Վրաստանը կիսելու մասին ՆԱՏՕ- Ռուսաստան պայմանավորվածությունների, քան՝ ռուս-վրացական երկխոսությամբ Թբիլիսիի համար նպատակային արդյունքի հասնելու հավանականությունը, եւ ընդհանրապես՝ բացառված ՆԱՏՕ-ի օգնությամբ Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու տարբերակը:



Այս դեպքում ի՞նչն է Վրաստանին մղում ինտեգրվելու ՆԱՏՕ-ին, իր տարածքում ունենալու դաշինքի ուսումնական կենտրոն: Գոյության իրավունք ունի մի քանի վարկած: Աբխազիան եւ Հարավային Օսեթիան կորցնելուց հետո Վրաստանը ձգտում է գոնե պահպանել ռուս-վրացական պատերազմից հետո ձեւավորված ստատուս-քվոն: Հնարավոր է՝ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ֆլիրտը զուտ վրացական ինքնադրսեւորում է: Առավել հավանականը, սակայն, երրորդ վարկածն է:



Գոյություն ունի տարածաշրջանում «անվտանգության եւ կայունության» եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան- Ադրբեջան ձեւաչափ: Եւ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է հարթակ դառնալ, որպեսզի թուրք, վրացի եւ ադրբեջանցի զինվորականները «փորձի փոխանակում» անցկացնեն: Մանավանդ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Արեւմուտքի գերխնդիրն է՝ Ադրբեջանը պահել իր ուղեծրում:



Ըստ երեւույթին, ՆԱՏՕ-ն, որպեսզի ավելի չսրի հարաբերություններն Ռուսաստանի հետ, կանխածրագրել է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական եւ այլ հարաբերությունները կառուցել Վրաստանում ուսումնական կենտրոնի միջնորդավորվածությամբ: Այլ տրամաբանական բացատրություն, թե ինչու է ՆԱՏՕ-ն Վրաստանում ուսումնական կենտրոն բացում, դժվար է մատնանշել:



Ճիշտ է, ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչն էլ իր հերթին հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի այցը պետք է հասկանալ այնպես, որ դաշինքը միանշանակորեն ստարում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, բայց դա, ինչպես ասում են, զուտ ներքին սպառման համար է: Իրականն այն է, որ նախկին Վրացական ԽՍՀ տարածքում ստեղծվում են երկու՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ազդեցության գոտիներ: Եւ դրանք երբեւէ չեն միավորվելու: Եթե, իհարկե, Բեռլինի պատի նախադեպը չկրկնվի…



Վահրամ Աթանեսյան