Եվրամիության ղեկավարները կքննարկեն միգրանտների խնդիրը
![Եվրամիության ղեկավարները կքննարկեն միգրանտների խնդիրը](https://hraparak.am/uploads/images/638d937b2dafd6798e5cd75489628d61.jpg)
Եվրամիության և Արևմտյան Բալկանների ղեկավարներն այսօր կհանդիպեն Վիեննայում ընթացող գագաթաժողովին, որի առանցքային թեման միգրանտների հոսքն է, տեղեկացնում է «Ազատությունը»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես մասնակցելու են այդ հանդիպմանը։
Եվրոպական միության տարածքում հայտնվելու համար շատ միգրանտներ օգտագործում են հիմնականում այսպես կոչված բալկանյան երթուղին՝ Մակեդոնիա-Սերբիա-Հունգարիա, ապա նաև Ավստրիա, Գերմանիա և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ։ Վիեննայում հանդիպումը տեղի է ունենում Մերկելի՝ «զրո հանդուրժողականություն այլատյացության դրսևորման նկատմամբ» հայտարարության, ինչպես նաև ԵՄ-ի հասցեին հնչող քննադատության ֆոնին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել եվրոպական և այլ երկրներին՝ կարեկցանք դրսևորել և անել ամեն ինչ ճգնաժամը հաղթահարելու համար։ Նախօրեին ՄԱԿ-ից հաղորդել են, որ ԵՄ մեկնող միգրանտների թիվը կարող է հասնել օրական 3000-ի։ Միգրանտների մեծ մասը փախչում է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ընթացող պատերազմներից։
Կարծիքներ