Պարտքերի եւ հայհոյանքի համար մարդու նկատմամբ սպանության փորձ չեն կատարում . Ռազմիկ Պետրոսյան

Պարտքերի եւ հայհոյանքի համար մարդու նկատմամբ սպանության փորձ չեն կատարում . Ռազմիկ Պետրոսյան

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործը խճճվում է, արդեն նրա կողքին կանգնած ազատամարտիկները չգիտեն, թե ծեծի հիմնական դրդապատճառները որոնք են եղել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ազատամարտիկին ծեծի են ենթարկել պարտքերը չվճարելու եւ հայհոյելու համար: Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն պնդում է, որ ազատամարտիկին ծեծի են ենթարկել քաղաքական հայացքների համար:



«Մենք խնդիր չենք դրել մեր առաջ, որ որևէ գործընթաց փոխենք մի կարգավիճակից մեկ այլ կարգավիճակ, այն, որ այս գործընթացը քաղաքական է, դա միանշանակ  բոլորն են համոզված, որովհետև կենցաղային հարցով մարդուն չեն սպանում, իսկ նրա հանդեպ սպանության փորձ է կատարվել:  Եթե մարդը քարը վերցնում և խփում է մարդու գլխին՝ ասելով սատկի, դա նշանակում է, որ  մենք գործ ունենք մարդասպանության փորձի հետ: Սմբատը որևէ մեկին գումար պարտք չէ, եթե պարտք է, կամ  ինչպես գրում են՝ հայհոյել է, եթե հեռախոսով է եղել, թող վերծանեն եւ պարզեն՝ ում է հայոյել և ինչի համար է հայհոյել: Եթե պարտք է ունեցել, ապա պարտքի համար էլ պետք է զանգած լինեն, կարող են շատ հեշտ ու հանգիստ լսել, թող հանեն, տեսնեն՝ ում է հայհոյել, ում է գումար պարտք ու այդ կարգի խոսակցություններին վերջ դնեն»:  



Պետրոսյանի խոսքով՝ այսօր նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ ծեծը կենցաղային հողի վրա է եղել,ցանկություն ունեն շեղել իրավիճակը: «Ինչ ենթատեքստ կփորձեն տալ այս դեպքին, փոխել, դարձնել խնդիրը կենցաղային, դա միայն ձեռնտու կլինի նրանց, ովքեր փորձում են քաղաքական առումով խնդիրը փակել: Սմբատի մոտ բոլոր խնդիրները առաջացել են քաղաքական հայացքների համար»: Մեր այն հարցին՝ ինչու այսօր նրանք որևէ կերպ չեն պայքարում, գուցե  շատերը համոզված են, որ ծեծը կենցաղային խնդիրների պատճառով է եղել և հիասթափվել են, Պետրոսյանն ասաց. 



«Մենք այսօր կանգնած ենք մեր ընկերոջ կողքին և նրա հետ միասին պատրաստ ենք իրականությունը բացահայտել և հանցագործներին պատժել: Խնդիրը տեղափոխել ենք իրավական դաշտ, իրավական հարթությունում  խնդիրը լուծվում է, կան ձերբակալվածներ, խնդիրը իրավական ճանապարհով կլուծվի: Ներգրավվել ենք փաստաբանների, ովքեր մեզ կգնեն, որ խնդիրը բացահատվի»: Խոսելով պատվիրատուների մասին՝ Պետրոսյանն ասաց, որ իրենք այս պահին անուններ չեն տալու, նախաքննություն է գնում և գործը կբացահայտվի: