Թող ամեն ինչ անեն, որ ԵԺԿ-ն դեմ քվեարկի. Վլադիմիր Կարապետյան

Թող ամեն ինչ անեն, որ ԵԺԿ-ն դեմ քվեարկի. Վլադիմիր Կարապետյան

Հունվարի 25-29 անցկացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կքննարկվեն միանգամից երկու հակահայկական բանաձևեր: Դրանցից մեկում, որի հեղինակը բրիտանացի Ռոբերտ Վոլտերն է, կոչ է արվում Հայաստանին՝ դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և մյուս տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը: Մյուս զեկույցը, որի հեղինակը բոսնիացի Միլիցա Մարկովիչն է, վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագիրը:



Անցած ամիսների ընթացքում քաղաքագիտական-վերլուծական շրջանակներում բազմիցս քննարկվել է այն հարցը, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ոչ պրոֆեսիոնալ է, բավարար ջանքեր չի գործադրել, որպեսզի ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ չներառվեն այդ բանաձեւերը, եւ որ պատվիրակության կազմը պետք է փոխվի։ Քանիցս նշվել է նաեւ, որ պետք չէ մեղքը գցել ԵԽԽՎ պատվիրակների՝ Ադրբեջանի խավիարանավթային դիվանագիտությամբ հրապուրվելու վրա, քանի որ մեր պատվիրակները Ստրասբուրգ մեկնելով անհատապես չեն աշխատել իրենց եվրոպացի գործընկերների հետ։
Մասնավորապես՝ ԱԱՊՎ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը մամուլում հանդես են եկել առաջարկներով, որ պատվիրակության կազմում պետք է ընդգրկվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման խնդրին, դրա ակունքներին քաջատեղյակ, անգլերենին սահուն տիրապետող ԱԺ պատգամավորներ։



Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, լսելով ԵԽԽՎ պատվիրակության հայկական կազմը փոխելու մասին մեր հարցը, արձագանքեց. «Ե՞րբ պետք է փոխվի պատվիրակությունը, ո՞նց կարող է ԵԽԽՎ նստաշրջանից առաջ պատվիրակության կազմը փոխվել։ Ես նման բան չեմ լսել, որ մեկ շաբաթ առաջ պետք է պատվիրակության կազմը փոխվի։ Դա հնարավոր չէ»։
Նա հրաժարվեց կանխատեսել, թե ինչ ճակատագիր կունենան երկու հակահայկական բանաձեւերը ԵԽԽՎ-ում։



Վլադիմիր Կարապետյանը հիշեցնում է, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամներ են, եւ ԵԽԽՎ-ում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող պատվիրակները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ԵԺԿ բոլոր անդամները դեմ քվեարկեն այդ բանաձեւերին։ Նա հիշեցնում է նաեւ, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները տարեկան երեք-չորս անգամ հանդիպումներ են ունենում ԵԺԿ-ի ներկայացուցիչների հետ։ «ԵԺԿ անդամներ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ունեն լծակներ՝ այդ բանաձեւերի ընդունումը կանխելուն։ Թող կանխեն»,- ասաց մեր զրուցակիցը։



Թագուհի Հակոբյան