Գորիկի կարապի երգը

Գորիկի կարապի երգը

Իշխանության կուլիսներում ակտիվորեն քննարկվում են սպասվելիք փոփոխությունները, հստակ տեղեկություններ հնարավոր ազատումների կամ նշանակումների մասին ոչ ոք չունի։ Այդ ամենը հայտնի է միայն մեկ մարդու, որը շատ քչերին է տեղեկացնում իր որոշումների մասին: Այնպես որ, անգամ երկրի վարչապետի մակարդակով գուշակություններ են անում, թե ով է մնալու, ով է հեռանալու։ Սակայն սպասվելիք փոփոխություններից ամենաիրականն ու մոտալուտը ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հեռանալն է, որի պաշտոնավարման ժամկետը Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել էր մինչեւ 2016թ. փետրվարի 11-ը:



ԱԱԾ պետի պաշտոնի համար մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում: Մեր աղբյուրները հայտնում են, որ պաշտոնի հավակնորդները Գորիկ Հակոբյանի տեղակալներն են՝ Սերժ Սարգսյանի խնամի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, եւ Գորիկ Հակոբյանի առաջին տեղակալը՝ Հրանտ Եպիսկոպոսյանը: Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ վերջին պահին երկուսի թեկնածությունն էլ «փոզմիշ» լինի, եւ անակնկալ թեկնածու նշանակվի՝ «չտեսնված, չլսված, յուղը վրան»: Մանավանդ՝ որոշ շրջանակներից փորձում են նոր անուններ դնել շրջանառության մեջ։ Օրերս, օրինակ, «Հրապարակի» էլեկտրոնային հասցեով խիստ «հավաստի» տեղեկություն էինք ստացել, որ նշանակվելու է 2011-ին համակարգից դուրս եկած գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը։