Գառնիկ Մարգարյանին էլ կալանավորեցին. նա հանդիպել է Արթուր Վարդանյանի հետ «Կինո Մոսկվայի» սրճարանում (լուսանկարներ)

Գառնիկ Մարգարյանին էլ կալանավորեցին. նա հանդիպել է Արթուր Վարդանյանի հետ «Կինո Մոսկվայի» սրճարանում (լուսանկարներ)

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նկատմամբ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացրեց։ Դրանից մետ երկու ժամ առաջ էլ նույն դատարանում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ կալանքի որոշում կայացվեց։ Հիշեցնենք, որ նրանց երկուսին էլ ձերբակալել էին նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի հետ առնչություն ունենալու կասկածանքով։



Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը լրագրողներին ասաց, որ իր պաշտպանյալը Արթուր Վարդանյանի հետ հանդիպում ունեցել է, զրուցել տարբեր  թեմաներով, Մոսկվա կինոթատրոնի սրճարանում են երկու-երեք անգամ նստել և զրուցել, բայց այդ հանդիպումները չեն կարող բերել եզրակացության, թե նրանք համագործակցել են: Նրա խոսքով՝ հանցվավոր համագործակցություն, ըստ էության գոյություն չունի»



«Իմ պաշտպանյալը նաև ինձ է ասել, որ Արթուր Վարդանյանը ասել է, թե խնդիր ունի Քեսաբ ջոկատ տանելու հետ կապված, և նշել է, որ նման խնդիր լուծելու համար պարտավոր է պետական մարմինների հետ համագործակցել։ Արթուր Վարդանյանն էլ հավաստիացրել է, որ բոլորի հետ էլ հանդիպել է։ Հետևաբար, եթե Արթուր Վարդանյանը հանկարծ ասի՝ ես նախարարների էլ եմ հանդիպել, ինչու՞ դրանց էլ չեն ձերբակալում»,-ասաց նա՝ նշելով, որ Մարգարյանը հայտարարել էր, որ սա քաղաքական հաշվեհարդար է:



Ի դեպ, մինչ դատական նիստի ավարտը, մենք նկատեցինք, թե ինչպես էր Գառնիկ մարգարյանի եղբայրը բարձրացել պարսպի վրա և մտահոգ դեմքով, հայացքը հառած դատարանին՝ սպասում եղբորը կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշմանը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ