Ստորագրահավաք՝ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու հայկական պատկանելության համար

Ստորագրահավաք՝ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու հայկական պատկանելության համար

Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը change.org կայքում ստորագրահավաք է սկսել՝ իր մտահոգությունը հայտնելով Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելության վիճարկման եւ թերի վերականգնման վերաբերյալ։ Իր կոչն ուղղելով Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին եւ համայն աշխարհի մտավորականությանը, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը մասնավորապես նկատել է, որ Թուրքիայի կողմից Անի քաղաքի վերականգնման եւ պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում հարեւան տարածաշրջանի երկրների մշակույթի եւ ժողովուրդների բարեկամության մեջ. «Անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում:



Եկեղեցու որմնանկարներից 17-ում պատկերված են Հայ առաքելական եկեղեցու առաջին հայրապետ եւ հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային եւ դավանաբանական պատկանելության ցցուն ապացույց են: Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից եւ դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր»:



Նամակում նշվում է, որ հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերականգնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը եւ դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների եւ մշակութային հակամարտության հրահրումը: Ուստի հայկական կողմը պահանջում է ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից նախ զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելության շուրջ հայտարարություններից, եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել «հայկական քրիստոնեական եկեղեցի» անվանումը։ Ինչպես նաեւ ավարտին հասցնել եւ այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շինարարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները եւ զերծ մնալ Վրաստանի ու Հայաստանի միջեւ մշակութային հակամարտության հրահրումից։



Այնուհետեւ Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը նամակում պարզաբանում է, որ խնդիրը ՀՀ-ում հասարակական լայն հնչեղություն է ստացել վերջերս տեղադրված ցուցանակի պատճառով, որտեղ եկեղեցին ներկայացվում է որպես վրաց քաղկեդոնական։ «Վստահ ենք, որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում եւ պատմական արդարության վերականգնման համար պատրաստ են մասնագիտական եւ հանրային քննարկումների ու երկխոսության: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում եւ երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»,-նշված է խնդրագրում, որը փետրվարի 3-ի դրությամբ ստորագրել էր ավելի քան 900 մարդ: